- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Նպաստից՝ աշխատանքի անցնելու համար մեր երկրում կրթությունը պետք է լինի բացառապես անվճար

«Այսօր աշխատավարձերը ցածր են, ոչ թե այն պատճառով, որ գործատուները չունեն ցանկություն բարձրացնելու, այլ հարկային բեռը ծանր է եւ եկամտահարկի բեռը ՀՀ-ում, համեմատած համահունչ տնտեսություն ունեցող երկրների հետ, էապես բարձր է»,-նոյեմբերի 14-ին «Բլից Ինֆո» ակումբում անդրադառնալով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ՝ «350 հազար մարդ աշխատում է, որ պահի 800 հազարին… մարդիկ չեն աշխատում, որովհետեւ աղքատության նպաստ են ստանում» հայտարարությանը, ասաց Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադեւոս Ավետիսյանը:

Նրա խոսքերով՝ այսօր պետությունը իջեցնելով եկամտահարկի դրույքաչափը, մեծ լավություն չի անում տնտեսությանը, որովհետեւ տարիներ շարունակ եկամտային հարկը բարձր է եղել՝ անգամ համեմատած զարգացած սոցիալական երկրների հետ: «Մյուս կարեւոր խնդիրը, որ աշխատավարձերը չեն բարձրանում, դա արտադրողականությունն է, որը բարձրացնելու հիմնական ճանապարհը կրթության որակի բարձրացումն է: Այսօր աղքատ ընտանիքները չեն կարողանում իրենց երեխաների համար ապահովել որակյալ առողջապահություն եւ կրթություն»,-ասաց տնտեսագետը: Եվ որպեսզի պետությունը խթանի նպաստից՝ դեպի աշխատանք, ըստ Ավետիսյանի, պետք է կարողանա դրա հիմքերը դնի. «Այո, մենք գտնում ենք, որ մեր երկրում պետք է կրթությունը, այդ թվում՝ միջին մասնագիտական եւ բարձրագույն կրթությունը լինի բացառապես անվճար»:

Իսկ թե որտեղից այնքան միջոց, որպեսզի պետությունը կարողանա ապահովել անվճար կրթությունը, տնտեսագետը փողի տեղն էլ է ցույց տալիս. «Որտեղից՝ կոռուպցիան եւ ստվերի կրճատման ճանապարհով այսօր իսկ 500-600 միլիարդ դրամը պետական բյուջե տանելն է: Որտեղից՝ ՀՆԱ-հարկային եկամուտներ մասնաբաժնի առաջանցիկ ավելացումն է»:

Տնտեսագետի խոսքերով՝ եթե մենք մարդկանց մոտ առաջացնում ենք առաջանցիկ սպասումներ աղքատության կրճատման. «Եվ հռչակում ենք, որ հայ մարդը չպետք է ապրի աղքատ, որովհետեւ նրա գեների մեջ աշխատանքն է դրված, ոչ թե՝ թամբալությունն, ապա պետք է կարողանանք դրան ադեկվատ բազմագործոն քայլեր կատարենք»:

Հաշվի առնելով ժողովրդագրական իրավիճակը, ինչպիսի՞ համամասնություն պետք է լինի աշխատողների, նպաստառուների կամ թոշակառուների միջեւ, այս հարցին ի պատասխան՝ Ավետիսյանն ասաց, որ աշխատողների քանակը պետք է ավելացվի բոլոր ոլորտներում՝ անհատ ձեռներեցության, մասնավոր եւ պետական հատվածներում. «Աշխատողների քանակն ավելացնելու համար պետք է ներգաղթ ապահովել»:

Ըստ տնտեսագետի, մոտ 1 միլիոն 200 հազար ակտիվ եւ աշխատունակ տարիքի բնակչություն ունենք, նրանցից 236 հազարը գործազուրկներն են, նրանցից 60 հազարն է հարմար գտել պետական ծառայություններում աշխատանք փնտրել ու գտնել. «Սա էլ այլ խնդիր է. մարդիկ շարունակում են իրենց խնդրի լուծումը չտեսնել, չգտնել: Մոտ 1 միլիոնը զբաղվածներն են, որոնցից շուրջ 550 հազարը վարձու աշխատողներն են, նրանցից 350 հազարը մասնավորում են աշխատում: Գիտեք՝ վարձու աշխատողների մեջ տարբերակում մտցնել, որ արժեք է ստեղծում, եւ մյուսների համար հարկեր է վճարում միայն մասնավորի աշխատողը, այստեղ ես սկզբունքային տարաձայնություն ունեմ»: Ավետիսյանը նկատեց՝ նման տարբերակում մտցնելը սխալ է, որովհետեւ արժեքը միայն պատրաստի կամ արդյունաբերական արտադրանքը չէ. «Իսկ արժեք չի՞ ստեղծում, արդյոք, մանկատան սանիտարը, պատգամավորը, դայակը, դաստիարակը»:

aravot.am