Ժողովրդին մեղադրելու արվեստը

Ով ինչ ուզում է ասի, մեր ժողովուրդը միշտ լաւն է ու այդպէս էլ պիտի լինի։ Սա այսպէս է, որովհետեւ մեր ժողովուրդը մեր ուժի, մտքի, աշխատանքի եւ ստեղծագործութեան միակ աղբիւրն է։ Սա այսպէս է, որովհետեւ ժողովուրդը մեր անցեալի, ներկայի ու ապագայի թէ՚ ներշնչարանն է եւ թէ ապաւէնը։ Եւ լինենք անկեղծ ու խոստովանենք, թէ այս համոզումն ու հաւատքը հետեւողականապէս ունեցել է եւ ունի միայն Հայ յեղափոխական Դաշնակցութիւնը։

Ցաւն այն է, որ պոլշեւիկեան օրերից մինչեւ ՀՀՇ-ականները, եւ մինչեւ ՀԿԿ-ականները, ղեկավարները մեղադրել են մեր ժողովրդին։ Նրանք բոլորն էլ ասել են, թէ ղեկավարները լաւն են, լաւն են անում ու գործում, բայց ժողովուրդն է որ չի օգնում որպէսզի լաւ գործ լինի։

Հիմա ժողովրդին մեղադրելու յանկերգին սկսել են միանալ հայրենիքի «յեղափոխական» ղեկավարները։ Վեց ամիսներէ ի վեր կառավարութեան կողմից ոչ մի տեղաշարժ չի արձանագրուել տնտեսական թէ սոցիալական բնագաւառներում։ Վիճակը մինչեւ իսկ նախկինից աւելի է վատթարացել։ Կառավարութիւնը որդեգրել է որոշումներ եւ Ազգային Ժողովում ընդունել տուել է օրինագծեր, որոնք դոյզն իսկ չափով չեն նպաստի ժողովրդի բարօրութեանը։ Մինչեւ իսկ որոշում են կայացրել աշխատաւորի աշխատավարձը չաւելացնել։

Այս բոլորի հետ, վարչապետի պաշտօնակատարը Աստանայում հանդիպում է Ղազախստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ եւ խօսում հայրենի ժողովրդի վիճակի մասին։

Հանդիպման ընթացքում նա ասել է, թէ գործ կայ երկրում, բայց ժողովուրդը չի գալիս աշխատելու, աւելացնելով, «Ինչի՞ չեն գալիս աշխատելու, որովհետեւ աղքատութեան նպաստ են ստանում, որովհետև մտածում են՝ երբ որ աշխատեն, էդ աղքատութեան նպաստից կզրկուեն: Մարդիկ իրենց կովերին մորթում են, որ աղքատութեան նպաստ ստանան։ Հեռուստացոյց չեն առնում, որ աղքատութեան նպաստ ստանան»:

Ապա նա բողոքել է, ասելով, «Արդեն բաւական է, հասկանում էք, պետութիւնը ի վիճակի չէ բոլորի սոցիալական խնդիրները լուծել: Մարդ եթէ ուզում է լաւ ապրել` պէտք է աշխատի: Եթէ առաւօտից երեկոյ նա պատրաստ չէ աշխատելու, ուրեմն միշտ վատ է ապրելու, միշտ նախանձելու է ուրիշին, միշտ բամբասանքներն առաջին տեղն է դնելու եւ իրեն թուալու է, որ ամբողջ Հայաստանում բոլորը գող են ու միայն ինքը գող չէ, դրա համար վատ է ապրում»:

Պարզ ասած, մեր սոցիալ-տնտեսական հարցերի, դժուարութիւնների աղբիւրը, ըստ վարչապետի պաշտօնակատարին, մեր ժողովուրդն է։ Աւելի պարզ ասած, ըստ իրեն մեր ժողովուրդը չի ուզում աշխատել, որովհետեւ ծոյլ է։ Է՛լ աւելի պարզ ասած, ըստ իրեն, մեր ժողովուրդը նախընտրում է նպաստ ստանալ, ուրեմն մակաբոյծ է։

Ժողովրդին թիրախաւորելով, վարչապետի պաշտօնակատարը մոռանում է իր գլխաւորած կառավարութեան մեծ թէ միջակ պաշտօնակատարներին, որոնք մինչեւ հիմա, սեփական պաշտօնները առանց գործելու զբաղեցնելուց բացի ուրիշ բան չեն արել։ Իմացե՞լ ենք թէ ինչ են անում մեր նախարարութիւնների նախարարներն ու փոխ նախարարները։ Այո, տեսել ենք նրանց նկարները մամուլի մէջ եւ սելֆիները՝ համացանցի վրայ։ Նկարներէն անդին, ո՞ւր են նրանց կատարած գործերը։ Չկան։ Վաւերացուած ծոյլերի, անատակների ու մակաբոյծների պէտք է փնտրել նրանց շարքերում, ոչ թէ ժողովրդի մեջ։

Վատ ղեկավարութիւն է երբ ղեկավարը սեփական ձախողութեան համար այպանում է ժողովրդին։ Վատ առաջնորդ է նա ով պատասխանատուութիւնը բարդում է սեփական ժողովրդի ուսերին։

Այսօր, ներկայի իշխանաւորների կողմից մեր ժողովուրդը արժանանում է նոյն մեղադրանքին՝ ինչը կատարւում էր անցեալում։

Այսօր, ներկայի իշխանաւորները միանում են անցեալի իշխանաւորներին, ապահովելու համար իրանց տիրութեան գոյատեւումը։

Իսկ այս բոլորի մէջ նրանք մեղաւոր են փնտրում ժողովրդի շարքերում։

Մեր ժողովրդի մէջ լաւն ու բարին վեր հանելու փոխարէն, նրանք վար են իջեցնում մեր ժողովրդին։ Մեր ժողովրդի ազնուութիւնը եւ զոհաբերութեան ոգին տոգորելու փոխարէն, նրանք ճգնում են սատանայութիւններ որոնել մեր ժողովրդի մէջ։

Պարզ ասած, նրանք արհամարհում են մեր ժողովրդի ո՛չ միայն արժանապատուութիւնը, այլեւ նրա համբերութիւնը։

Պէտք է հաւատալ, որ մեր ժողովուրդը անդրադառնում է իշխանաւորների այս խաղերին։ Պէտք է յուսալ որ նա իր արդար վճիռը կ՚արձակի Ազգային Ժողովի յառաջիկայ արտահերթ ընտրութիւններում։

Ամիսներ առաջ փողոցներում կատարուած յեղափոխութիւնը մեր ժողովուրդը իր աւարտին պէտք է հասցնի դեկտեմբերի արտահերթ ընտրութիւններում՝ իշխանութիւնից դուրս շպրտելով բոլոր նրանց, ովքեր տասնամեակներ ի վեր փորձում են տիրող նոմէնկլատուրան իշխանութեան վրայ պահել՝ բոլշեւիկեան, ՀՀՇ-ական, ՀԿԿ-ական կամ «յեղափոխական» պիտակներով։

Այս բոլորի դէմ կա՛յ այլընտրանք։ Այդ այլընտրանքը Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնն է, իր վաւերական գործով, բարեկարգումների ծրագրով եւ ատակ անձնակազմերով։

Ի տարբերութիւն միւսների, միայն Հ. Յ. Դաշնակցութիւնն է, որ ժողովրդից է, ժողովրդի հետ է եւ ժողովրդի համար է։

Սեդօ Պոյաճեան, Լոս Անճելըս

Նոյեմբեր 13, 2018

yerkir.am

Տպել Տպել