- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Ձեր եփած ճաշերը Դաշնակցությունից հեռու կերեք

«Մենք չենք պատրաստվում կոալիցիա կազմել մի քաղաքական ուժի հետ, որտեղ մեր ձայնը վճռորոշ չի լինի։ Մենք այլեւս այդպիսի կոալիցիաների մեջ չենք լինի, որտեղ առանց Դաշնակցության կարող են որոշումներ ընդունվել, սա մեր անցած ճանապարհի գլխավոր գնահատականն է, որը տալիս ենք մեր ամբողջ ճանապարհը վերլուծելով։ Մենք մնացել ենք այն պատասխանատվության տակ, որի համար ՀՅԴ-ն պատասխանատու չէ, քանի որ չի եղել ամբողջական իշխանություն, բայց ընկալվել է որպես այդպիսին»,- ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի այս խոսքերը ոմանց մոտ թյուր կարծիք են առաջացրել, թե այսկերպ ՀՅԴ-ն փորձում է տարանջատվել վերջին տասնամյակների իր պատմությունից և խուսափել պատասխանատվությունից: Այդ մարդկանց խորհուրդ կտայի ևս մի քանի անգամ կարդալ Արմեն Ռուստամյանի հայտարարությունը, որպեսզի կարողանան վերջապես ինքնաքննադատություն ասվածը տարբերել ժողովրդին «քցել-թռնելուց», ինչի անգերազանցելի վարպետներն են իրենք:

«Այս երեք ուժերը (ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ, Էդ.Ա.) պետք է հիշեն հետեւյալը. նրանք լիարժեք ու հավասար պատասխանատվություն են կրում պետական հանցագործության՝ Սահմանադրական կարգի ոչնչացման եւ իշխանության յուրացման համար: Նման հանցագործությունը չունի վաղեմության ժամկետ: Պատասխանատվությունը արժանապատիվ ստանձնելու փոխարեն չքմեղանալու այդ ողորմելի փորձերը կարող են հետագայում օգտագործվել իրենց իսկ դեմ»,- Արմեն Ռուստամյանի հայտարարության կապակցությամբ գրել է Lragir.am կայքը` չբացահայտելով հրապարակման հեղինակին: Բայց, չնայած այդ կոնսպիրացիային, ողջ աշխարհի ծաղրի առարկա դարձած « Սահմանադրական կարգի ոչնչացման եւ իշխանության յուրացման համար» ձևակերպումն ինքնին խոսուն է և հստակ մատնացույց է անում այն «որջը», որտեղ թխվել է խնդրո առարկա հոդվածը: Հասկանալի է, մարդիկ խայտառակվել են` «սահմանադրական կարգը տապալելու և իշխանությունը յուրացնելու» մեջ ակնհայտորեն քաղաքական մեղադրանքի համար, Մարտի 1-ի գործը լղոզելով, անորոշության մատնելով, և այդքանից հետո ստիպված են ինչ-որ կերպ արդարանալ ու «պետական հանցագործներ» գտնել բոլորովին այլ տեղերում, միայն թե ոչ իրենց մեջ:

Չէինք անդրադառնա այս տափակ հրապարակմանը, եթե սա չհամարեինք առաջիկա խորհրդարանական ընտրությունների նախաշեմին Դաշնակցության դեմ հակաքարոզչություն ծավալելու էժանագին փորձ: Բարեկամաբար խորհուրդ կտայի չգնալ այդ ճանապարհով: Քննադատեք Դաշնակցությանն ինչքան կարող եք, բայց մի փորձեք 128-ամյա կուսակցությանը վերագրել բաներ, որոնք ուղղակի չեն կարող կապվել նրա հետ: Հիշողությունը ջուր չի դառնում: Մարտի 1-ից 10 տարի է անցել, բայց այսօր էլ բոլորը հիշում են, թե այդ օրերին ինչ էր ասում Դաշնակցությունը, և ինչպես էր հակամարտող ուժերի գրասենյակների մոտ պահանջում չգնալ առճակատման եւ զերծ մնալ բախումներից: Ով էր հանուն խաղաղ հանգուցալուծման, այդ գրասենյակների առաջ, աղավնիներ թռցնում երկինք: 2008թ. նախագահական ընտրությունների քարոզարշավի օրերին ՀՅԴ թեկնածուն իր ելույթներում նախազգուշացնում էր` ամեն ինչ չբաժանել սևի և սպիտակի, խուսափել հնարավոր արյունահեղությունից: Ո՞վ լսեց…

Սեփական պատասխանատվությունը չտեսնել ցանկացողի համար հեշտ է այլ պատասխանատուների մատնանշելը: Բայց, ինչպես միշտ, նման դեպքերում խոսում են փաստերը` ձայնագրություններ, տեսագրություններ, հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումներ: Եվ հանկարծ պարզվում է, որ հրեշտակի թևերով ներկայացողներն են եղել խժդժությունների գեներացման և բախումների հրահրման հիմնական դերակատարները: Եվ այդ ժամանակ, պատկերացրեք, հարց է առաջանում` իսկ ո՞վ պետք է պատասխան տա 10 զոհի պատճառ դառնալուց հետո իշխանությունների հետ երկխոսություն սկսած «հրեշտակների» հանցագործությունների համար:

Կախվածի տանը պարանից խոսելը ճիշտ չէ: Այսօր էլ գնում ենք ընտրությունների, որոնք կարող են վճռորոշ լինել երկրի համար`առաջին հերթին հենց «թավշյա հեղափոխության» արդյունքում տապալված պետական կարգի վերականգնման իմաստով: Զգուշավորությունն այս դեպքում չէր խանգարի մեզ: Հետևաբար կարիք չկա իշխանության եկած քաղաքական ուժի (ուժերի) գաղափարական սնանկությունը քողարկելու նպատակով բոլոր ԶԼՄ-ներն ուղղել դասական առումով միակ քաղաքական ուժի «սևացմանն» ու ժամանակավրեպ հացկատակների ստեղծած խմբավորումների հետ այդ ուժի նույնացմանը: Կարճ ասած` ձեր եփած հին ու նոր ճաշերը Դաշնակցությունից հեռու կերեք, եթե կարելի է, և հաստատ իմացեք, որ սեփական պատասխանատվության գիտակցման հարցերում էլ Դաշնակցությանը չեք հասնի:

Էդիկ Անդրեասյան