Աշխատավարձերը, կենսաթոշակները պետք է բարձրացնել

«Բյուջեի համատեքստում աշխատանքի խրախուսման կարևորագույն խնդիրն է սահմանել «միկրոբիզնես» նոր հասկացությունը: Դա ազատված կլինի բոլոր հարկերից: Այն մարդիկ, ովքեր իրենց գործունեությունը կծավալեն 20-24 մլն դրամի սահմանում, չեն վճարի հարկ»,- նախօրեին ասաց վարչապետի պաշտոնակտար Նիկոլ Փաշինյանը:

Թեմայի վերաբերյալ առաջացած հարցերի մասին VNews.am-ը ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանի հետ:

-Այն, որ միկրոբիզնեսի հարկերը կնվազեն կամ իսպառ կավելանան դրական է, սակայն ինչպե՞ս կլրացվի բյուջեի բացը:

-Առաջարկվող մոտեցումներն, այո՛, կհանգեցնեն բյուջեի եկամտային մասի նվազման: Հարկային մուտքերը կնվազեն: Պետք է գտնել լրացուցիչ հարկման օբյեկտներ: Դա կարող է լինել լրացուցիչ ավելացված արժեքի հարկը, աքսիզային հարկի ավելացումը, մաքսատուրքերի աճը:

Օրինակ, 2019 թվականի հունվարի 1-ից մոտ 200 ապրանք կունենա 1-4% ավելի բարձր մաքսատուրք: Կարող է նաև լրացվել հարկային վարչարարության կատարելագործման շնորհիվ. օրինակ՝ ստվերի կրճատում: Թեպետ, նկատենք, որ 2019թ.-ի բյուջեի նախագծով նախատեսված չէ ստվերի կրճատման մոտեցում:

Ըստ էության, փոքր և միջին բիզնեսին խրախոսելը նախընտրական փուլում համակրանք շահելու նպատակ է հետապնդում: Բայց նկատենք, որ սրան զուգահեռ քաղաքապետարանում ներկայումս քննարկվում է մի շարք տեղական տուրքերի ավելացման նախագիծ: 2019 թվականից մի շարք բիզնես-գործունեության տեսակներ ունենալուն են ավելի բարձր պետական տուրքեր, քան 2018թ.-ին:

-Մեկ հարկատեսակի նվազեցումը մյուսի բարձրացման դիմաց, որքանո՞վ է սա խելամիտ և ո՞րն է լուծումը:

-Մի խնդիր կա, որ մեր Կառավարությունը ճիշտ չի հաշվարկում: Մեծ թվով փոքր և միջին բիզնեսներ դադարել են գործել ոչ թե այն պատճառով, որ հարկերը չեն կարողանում վճարել, այլ այն պատճառով, որ իրենց ներկայացրած ծառայությունները պահանջարկ չունեն: Չկան մարդիկ, որ գնեն: Դա է խնդիրը:

Ենթադրենք մարդը բիզնեսով է զբաղվում, ունի 100 հազար դրամի ծախս: Այդ ծախսը նվազեցնենք դարձնենք 80 հազար դրամ: Եթե նա շրջանառություն չունի, գնորդ չունի, ապա իր համար միևնույն է այդ ծախսը 80 հազար է, թե 100: Այսինքն Կառավարությունը պետք է քայլեր ձեռնարկի գնողունակությունը բարձրացնելու ուղղությամբ:

Սա ժամանակավոր լուծում է: Ձեռնարկատերը ինքն իրեն այս լուծումից հետո մի փոքր ժամանակ կտա, որպեսզի հասկան սա իրեն օգուտ կտա, թե՞ ոչ: Սա ֆունդամենտալ լուծում չէ:

Պետք է Կառավարությունն ուշադրություն դարձնի աշխատավարձերի, կենսաթոշակների բարձրացմանը: Պետք չէ վախենալ գնաճից: Պետությունը պետք է անմիջական մասնակցություն ունենա տնտեսական գործընթացին: Նորարարական, ռիսկային նախաձեռնություններ սկսի և չթողնի դա միայն մասնավորի վրա, եթե մասնավորը վախենում է ներդրումներ անել:

Տնտեսական քաղաքականությունը պետք է փոխվի: Մեր Կառավարությունները փոխվել են, բայց քաղաքականությունը մնացել է նույնը:

Տպել Տպել