Ապատեղեկատվությունը կաթիլ-կաթիլ ազդում է մարդկանց վրա

Սովորաբար չեմ զայրանում, բայց երբեմն ավելի զայրացկոտ բնույթով եմ հանդես գալիս, երբ դիպչում են ազգային արժեքներին, Դաշնակցությանը դիպչելը նույնպես այդ կոնտեքստում եմ տեսնում. Նոյմբերի 16-ին «Երկիր մեդիա» հեռուստաընկերության «Հարցեր` դաշնակցականներին» հաղորդման ժամանակ ասել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Արթուր Եղիազարյանը:

Նրա խոսքով՝ շատերն ազգային արժեքներին, այդ թվում՝ Դաշնակցությանը, դիպչում են գիտակցաբար, շատերը՝ չհասկանալով, լավ տեղեկացված չլինելով:

Անդրադառնալով պարբերաբար շրջանառության մեջ դրվող այն կեղծ փաստաթղթին, թե իբր Դաշնակցությունն Առաջին հանրապետության ժամանակ նամակ է գրել Էնվեր փաշային՝ պահանջելով զորավար Անդրանիկի (Անդրանիկ Օզանյան) դեմ գործողություններր սկսել և նրան հանձնել Թուրքիային, Եղիազարյանը նշել է, որ սա շահարկման ամենատարածված թեմաներից մեկն է, ու թեև պարբերաբար անդրադառնում են թեմային, հիմնավորում և հերքում, այնուամենայնիվ, կան մարդիկ, որոնք տարբեր առիթներով վերստին շրջանառության մեջ են դնում այդ կեղծ փաստաթուղթը:

«Կան մարդիկ, որոնք առաջին անգամ են այդ թեմային առնչվում, նորից բարձրացնում են թեման, և կա նաև մարդկանց մի տեսակ էլ, որ բոլոր սրվող պահերին այս թեման անպայման դնում են շրջանառության մեջ: Այս հարցը սպառիչ պատասխան է ստացել ոչ միայն մեր կողմից, այլ նաև Ազգային արխիվի տնօրենի կողմից՝ որ նման փաստաթուղթ գոյություն չի ունեցել»,- նշել է Եղիազարյանը:

Նա պատմել է այս կեղծ փաստաթղթի ստեղծման մասին, որը խորհրդային տարիներին շրջանառության մեջ է դրել Ջոն Կիրակոսյանը:

«Գիտեք՝ խորհրդային տարիներին, երբ այդ շրջանի թեմաներին էին անդրադառնում, պարտադիր պետք է այն անեին հակադաշնակցական երանգով, այլապես չէին կարող հրատարակել իրենց աշխատությունները: Կիրակոսյանը խելացի անձնավորություն է, և նա մասնագետների համար մեսիջ է թողել նույն գրությամբ, որի տակ նշված են Առաջին հանրապետության մի քանի ղեկավարների անուններ: Օրինակ՝ Արամ Մանուկյանը գրված է` Արամ փաշա, մինչդեռ պետական ոչ մի փաստաթղթում չի գրվում` Արամ փաշա»,- ընդգծել է ԳՄ անդամը՝ հերթական անգամ շեշտելով, որ նման փաստաթուղթ գոյություն չունի:

Նրա խոսքով՝ որոշ մարդիկ այդ կեղծ փաստաթուղթն օգտագործում են Դաշնակցությանը վարկաբեկելու նպատակով՝ հաշվի առնելով այն փաստը, որ ժողովրդի մեծ մասը մասնագետ չէ, անտեղյակ է: «Ապատեղեկատվությունը շատ դեպքերում կաթիլ-կաթիլ ազդում է մարդկանց վրա»,-նշել է Եղիազարյանը:

Երեկ Ազգային Ժողովում մերժվեց Ամենայն Հայոց կաթողիկոսի անվտանգությունն ապահովելուն ուղղված օրենքի նախագիծը, միաժամանակ չընդունվեց Մայր Աթոռի տարածքում չարտոնված հավաքներ անցկացնելու մասին նախագիծը:

«Այս թեման մտահոգում է, որովհետև եկեղեցին ես չեմ դիտարկում պարզապես եկեղեցի: Այն ազգային արժեք է, անկախ նրանից՝ աթեիստ ես, թե ոչ, հավատքի որ ուղղությանն ես պատկանում»,- ասել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի անդամ Արթուր Եղիազարյանը:

Նա նշել է, որ Դաշնակցության խմբակցությունն ամբողջությամբ կողմ է քվեարկել այդ օրենսդրական այդ նախագծին:

«Եկեղեցին մեր պատմության և մեր էության մի մասն է: Մեր հանրության մեծ մասը հայ եկեղեցու հետևորդ է: Խոսքը կաթողիկոսի պաշտպանությանը չի վերաբերում, այլ՝ եկեղեցու ինստիտուտին»,-ասել է ՀՅԴ ԳՄ անդամը:

Նրա խոսքով՝ տարբեր անձանց կողմից վերջերս միտումներ կան ազգային արժեքների վրա գրոհելու, որը, ըստ նրա, վատ հետևանքներ կարող է ունենալ:

«Պետք է հաշվի առնել, որ մենք ժամանակավոր զինադադարի մեջ գտնվող երկիր ենք: Երբ մենք դուրս ենք գալիս փողոց, չպետք է մոռանանք, որ ամեն րոպե կարող է իրավիճակը փոխվել: Սա հաշվի առնելով՝ պետք է մեր տեսակի, մեր արժեքային համակարգին տեր լինենք: Տա Աստված՝ խաղաղություն լինի, հարևան երկրները լինեն բարեկամ երկրներ, միգուցե շատ հարցերի այդ ժամանակ կարողանանք այլ կերպ նայել: Բայց մենք մեր Հայրենիքի մեծ մասը կորցրել ենք: Այսօրվա Հայաստանը մեր Հայրենիքի մեկ տասներորդն է, և ազգային համակարգն է այն միջուկը, որ պետք է պահի այն»,-ընդգծել է Արթուր Եղիազարյանը՝ շեշտելով, որ ազգային համակարգը ոչ մի կերպ չպետք է խոցելի լինի:

«Մենք այսօր մեր պետության անկախության գլխավոր գրավականներից մեկը համարում ենք ազգային ուժեղ բանակ ունենալը»,- ասել է Արթուր Եղիազարյանը՝ անդրադառնալով ռազմահայրենասիրական հայեցակարգը հանրակրթական դպրոցում մի քանի ամիս շրջանառությունից հանելու թեմային:

Թե ինչ մոտեցում ունի Դաշնակցությունը բանակի հանդեպ, Եղիազարյանը նշել է, որ այն երևում է հենց Դաշանցկության անցած ամբողջ պատմությամբ:

«Շատերի մոտ սխալ տպավորություն է, որ Դաշնակցությունը ռազմատենչ կուսակցություն է: Ո՛չ, ուղղակի ՀՅԴ-ն իրատեսական կուսակցություն է և, իր ծննդյան օրվանից, ազգային- ազատագրական բովով անցնելով, կարևորում է զինյալ պայքարը՝ որպես ժողովրդի ֆիզիկական անվտանգության երաշխավոր: Երբ 1918 թվականին ստեղծվեց հայկական պետությունը, առաջնային ամենակարևոր խնդիրներից մեկը՝ նորմալ բանակ ձևավորելն էր: Հետագայում, 1990 թվականի Հայաստանի վերանկախացումից հետո, այն նույնպես առաջնային խնդիրներից էր ,և Դաշնակցությունը օրինակ ծառայող այն քաղաքական ուժն էր, որ իր շարքերով մասնակցեց Արցախյան ազատամարտին՝ տալով բազմաթիվ հերոսական դրվագներ»,-նշել է նա:

Անդրադառնալով բանակի կարևորությանը՝ ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամը շեշտել է, որ այն մեր պաշտպանությունն ու անվտանգությունը երաշխավորողն է:

«Բանակը չի սկսվում ծառայության մեկնելուց, կամ սպայական աշխատանքով զբաղվելուց, բանակը սկսվում է մանկապարտեզից, ընտանիքից, դպրոցից: Բանակը մեր պաշտպանությունն ու անվտանգությունն է: Ամեն մարդ, ինչպես մտածում է, որ իր տունը պիտի պաշտպանի, պետք է կարողնա նաև այդ տրամադրությունն ու պատրաստվածությունն ունենալ պաշտպանելու մեր միասնական տունը, մեր պետականությունը»,-շեշտել է Արթուր Եղիազարյանը:

Նա չի ժխտել, որ բանակում կան բազմաթիվ խնդիրներ, որոնք տարիներով եղել են և պետք է լուծում ստանան:

Իսկ հարցին, թե ի՞նչ որակի վրա է գտնվում ռազմա-հայրենասիրական հայեցակարգը հանրակրթական ոլորտում և արդյո՞ք մտավախություն կա, որ ճիշտ քաղաքականություն չի տարվում, Արթուր Եղիազարյանը պատասխանել է.

«Ես շատ վատ եմ ընդունում այդ հայեցակարգը հետ քաշելը, որովհետև սա մեր կենսական անհրաժեշտության խնդիրն է: Մենք ի՞նչ ենք ուզում. ունենալ հզոր, խաղաղ երկիր: Իսկ դրա համար պետք է, որ հայ մարդն իր գիտակցությամբ և պատրաստվածությամբ կրի այդ արժեհամակարգը: «Ռազմահայրենասիություն» բառի մեջ «սեր» բառն է, որն արժեքային այն համակարգն է, երբ մարդն իր սեփական անձից վեր արժեքներ է գնահատում և պատրաստ է հանուն դրա վտանգել իր անձը, ինչպես ծնողն իր կյանքը կվտանգի երեխայի համար»:

Արթուր Եղիազարյանի խոսքով՝ ռազմահայրենասիրական դաստիարակությունը չի նշանակում, թե մարդուն պատրաստում ես պատերազմի:

«Ո՛չ, նման արժեհամակարգ կրող մարդը կարող է զինվորական գործի հետ ընդհանրապես կապ չունենալ: Կարևորն այդ ոգին կրելն է»,-ընդգծել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամը:

Տպել Տպել