Կեցցե՛ Դաշնակցությունը

Վահրամ Աթանեսյանի արձագանքը գուցե թողնեի անպատասխան, եթե այն վտանգավոր ուղերձներ չպարունակեր, և եթե այդպես մտածողները հրապարակում շատ չլինեին։ Անդրադառնալով հեռուստաեթերի ժամանակ իմ կողմից հնչեցված այն մտքին, որ Դաշնակցության ջանքերով Հայ Դատը և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը դարձել է Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգերի կարևոր հարցերից մեկը և որ Արցախի հարցում Դաշնակցության որդեգրած «զարգանալ՝ առանց զիջելու» մոտեցումը, ի վերջո, դարձել է պետական քաղաքականություն՝ պարոն Աթանեսյանը փորձել է «փաստարկել», որ առարկայական արդյունքներ այդ առումով իրականում չեն եղել։

Ավելին, պարտվողական հին երգին ձայնակցելով` եզրակացրել է, որ «Լուծումները պահանջում են ոչ պոպուլյար, նաև ցավոտ քայլեր։ Հակառակ դեպքում մարտահրավերներն ավելի ահագնանալու են, դիմակայության մեր ռեսուրսները ժամանակի հետ ավելի են մաշվելու»։

Նախ, անաչառ լինելու դեպքում պարոն Աթանեսյանը պետք է արձանագրեր, որ վերջին երկու տասնամյակում աննախադեպ հաջողություններ են եղել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում և անկախ այն հանգամանքից, որ որոշ երկրներ դեռևս չեն ճանաչել այդ իրողությունը, դա ամենևին էլ չի նսեմացնում ձեռքբերումները։ Ըստ էության, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը արդեն կատարված փաստ է։ Եվ այս հանգրվանում Ցեղասպանության հետևանքների իրավաքաղաքական հետապնդման հարցն է այլևս օրակարգում։

Ինչ վերաբերում է Արցախի հարցում «զարգանալ՝ առանց զիջելու» մոտեցմանը, ապա հարկ է նկատի ունենալ, որ այդ քաղաքականության որդեգրման անհրաժեշտության մասին մենք առաջին անգամ բարձրաձայնել ենք 2010-ին, երբ իշխանության մաս չէինք։ Թերևս, 2016-ից սկսյալ միայն կարելի է խոսել պետական քաղաքականության մեջ այդ մոտեցման, որպես սկզբունքի, որդեգրման մասին։ Ու այս առումով պատահական չէ, որ իմ խոսքում նշել եմ «ի վերջո պետական քաղաքականություն» դառնալու մասին։

Ըստ էության, այդ մոտեցումը Դաշնակցության կողմից կարևորվել է` հենց նկատի ունենալով մեր ազգային անվտանգությանը սպառնացող այն բոլոր խնդիրները, որոնց մասին խոսում է պարոն Աթանեսյանը։ Այնպես որ, խորհուրդ կտամ ախտաճանաչումները ճիշտ կատարել. այդ պարագայում հաստատ ի սրտե կասեք՝ կեցցե՜ Դաշնակցությունը։

Արսեն Համբարձումյան
hraparak.am

Տպել Տպել