Ֆրանսահայերն անհանգստացած են Վալերի Բուայեյի նախաձեռնությամբ

Ֆրանսիայի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորՎալերի Բուայեն երկրի Ազգային ժողովում հանդես է եկել Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի մեկ այլ առաջարկով, ինչը անհանգստացրել է Ֆրանսիայի հայ համայնքին:

Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի ընդունումը կարող է ընդմիշտ տապալվել, եթե այն չներկայացվի խորհրդարան Ֆրանսիայի կառավարության կողմից, ինչպես և հայտարարել էր Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը: Իսկ մինչ Ֆրանսիայի կառավարության կողմից օրինագծի ներկայացումը Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի ցանկացած անհատական նախագիծ դատապարտված է տապալման:

HratchVarjabedian«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՅԴ Ֆրանսիայի Հայ Դատի գրասենյակի ղեկավար Հրաչ Վարժապետյանը:

Նա նշեց, որ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների (CCAF) խորհուրդը կապ է հաստատել ընդդիմադիր պատգամավորուհի Վալերի Բուայեի հետ՝ ասելու համար, որ այս հարցով նպատակահարմար չէ անձնական նախաձեռնություններ ցուցաբերելը, նախընտրելի է Ֆրանսիայի նախագահի տված խոստմանը համապատասխան առաջ շարժվել՝ սպասելով Ֆրանսիայի կառավարության նախաձեռնությանը, որովհետև դա շատ ավելի ամուր և ապահով կարող է լինել:

Հրաչ Վարժապետյանի խոսքերով՝ պատգամավորուհու հետ այս հարցի առնչությամբ դեռևս համաձայնություն ձեռք չի բերվել, սակայն «բանակցությունները» շարունակվում են, որպեսզի նրա նախաձեռնությամբ կազմված օրինագիծը հանվի շրջանառությունից կամ արգելք չհանդիսանա Ֆրանսիայի կառավարության կողմից մշակված՝ Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման ճանապարհին:

«Բնականաբար, երբ օրինագիծը ներկայացվի կառավարության կողմից՝ խորհրդարանի մեծամասնության, իշխող կուսակցության, բնական է, որ ծանրակշիռ կլինի, քան անհատական որևէ նախաձեռնություն: Ուրախալի և անհերքելի է Վալերի Բուայեի նախաձեռնությունն ու ջանքերն այս ուղղությամբ, բայց պետք է լավ հասկանալ, որքան էլ դրական, որքան էլ հայասեր դիրքորոշում ունենա Վալերի Բուայեն, անհատական նախաձեռնությունները պետք է կշռադատել և զսպել՝ հօգուտ ընդհանրական շահերի, և այդ լավ նախաձեռնությունը չվերածել վնասակար հարցի: Այս մեկն է, որ իրեն բացատրվել է, թեև ինքը փորձում է առաջ մղել իր անհատական նախաձեռնությունը, բայց, կարծում եմ, որ հայ համայնքի միասնական դիմագիծ ներկայացնող ղեկավարությունն առավելաբար պետք է առաջնորդվի նախագահի խոստումներով և պետք է հակվի դեպի կառավարության կողմից ներկայացվելիք օրինագիծը: Նախընտրում ենք կառավարական, իշխող կուսակցության կողմից եկող նախաձեռնությունը, քան անհատական, որովհետև մեր շահերն ամեն բանից վեր են»,- մեկնաբանեց Հրաչ Վարժապետյանը՝ շարունակելով, որ նույնիսկ որոշ դժվարություններով, կառավարության կողմից ներկայացված օրինագիծը պետք է ընդունվի հօգուտ հայկական կողմի: Ըստ նրա՝ նախկինում արձանագրված տապալումը թույլ տալ չի կարելի, նման սցենարը պետք է լուծել և կանխել տարբեր միջոցներով:

Խոսելով Ֆրանսիայի հասարակությունից՝ նա ասաց, որ այս օրինագծի ընդունման համար անհրաժեշտ հասունություն չկա: Սակայն, ՀՅԴ Ֆրանսիայի Հայ Դատի գրասենյակի ղեկավար Հրաչ Վարժապետյանի, համոզմամբ, պետք է տարանջատել հասարակական կարծիքը և կառավարական կարծիքը, որովհետև հարցը պետք է դրվի խորհրդարանում և քննարկի ծերակույտը: «Ֆրանսիայում հասարակական կարծիքը հասունացած չէ, և հայ համայնքը ևս հսկայական հասարակական անելիք ունի այս ուղղությամբ, սակայն պետք է նաև նշել, որ պետք եղած չափով քարոզչական աշխատանքներ տարվում են: Շատ ավելի հեշտ է քաղաքական շրջանակներում աշխատանք տանել, ազդել տարբեր զենքերով, քան հասարակական կարծիքի վրա ազդել: Հասարակությանը դժվար է համոզել. սա է պատճառը, որ մեծ արդյունքներ չեն երևում, բայց քարոզչական աշխատանքներ տարվում են»,- նկատեց Վարժապետյանը՝ հավելելով, որ պետք է բազմապատկել ճիգերն այս ուղղությամբ:

«ԱՌԱՋԻՆ ԼՌԱՏՎԱԿԱՆ»

Տպել Տպել