- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

ՀՅԴ «Հրայր Մարուխեան» գրադարան

[1]Հայ Հեղափոխական Դաշնակցության Հրայր Մարուխյանի անվան գրադարանը ստեղծվել է 2005 թվականին: Այն հաստատվել է Երեւանում գտնվող ՀՅԴ Քրիստափոր Միքայելյան կենտրոնում, որտեղ գործում են նաեւ ՀՅԴ Բյուրոյի կենտրոնական գրասենյակը, այլ գրասենյակներ, ինչպես եւ ՀՅԴ պատմության թանգարանը:

Գրադարանի գրականությունը բազմաբնույթ է ու բազմալեզու: Մոտ 5000 հայերեն գրքերին գումարվում են անգլերեն մոտ 1600, ռուսերեն՝ 600, Ֆրանսերեն՝ 500, գերմաներեն՝ 150, թուրքերեն՝ 50 գրքերը: Մեծ է հատկապես քաղաքական գրականության քանակը, ինչպես եւ Հայաստանին, Հայոց ցեղասպանությանը, Հայ դատին նվիրված գրքերի թիվը: Մեծ թիվ են կազմում գեղարվեստական գրականության նմուշները՝ եւ հատկապես սփյուռքյան հրատարակությունները: Գրադարանի ամենամեծ հարստությունը ՀՅԴ-ին եւ դաշնակցական գործիչներին նվիրված գրականությունն է, մեծաթիվ են հենց դաշնակցական գործիչների հեղինակած գրքերը: Առանձին տեղ է զբաղեցնում Արցախին եւ արցախյան պայքարի ազատամարտիկներին վերաբերող գրքերը:

[2]Գրադարանում առանձնանում են այսպես կոչված «հնատիպ» գրքերը, որոնք հրատարակվել են 1860-ից մինչեւ 1920-ական թվականներն ընկած ժամանակահատվածում: 200-ից անցնում է հարյուր եւ ավելի տարիք ունեցող գրքերի թիվը: Այս գրքերը հրատարակվել են Շուշիում, Վաղարշապատում, Կ. Պոլսում, Վենետիկում, Փարիզում, Մարսելում, Աթենքում, Մոսկվայում, Վիեննայում, Ժնեւում, Երուսաղեմում, Թիֆլիսում, Բաքվում: Ամենահին գրքերը 1860թ. Ս. Ղազարում հրատարակված Աստվածաշունչն է եւ նույն թվականին Ս. Պետերբուրգում հրատարակված «Ճռաքաղ» երկշաբաթաթերթը:

Գրադարանում առանձին բաժին է զբաղեցնում մամուլը. «Դրօշակի» եւ «Հայրենիքի» ամբողջական հրատարակությունները, «Բագին», «Բազմավեպ», «Հանդես ամսօրեայ», «Մարզիկ», «Վեմ», «Սիոն», «Լուսաբեր», “Pro Armenia”, “The Armenian Review” եւ այլ պարբերականներ: Հարուստ է նաեւ անգլիալեզու գրականության բաժինը: Կարելի է ընթերցել Արիստոտելից միչեւ Չերչիլ եւ Պաոլո Կոելո:

[3]Դաշնակցության գրադարանի ստեղծման համար հիմք են ծառայել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»ի, ՀՅԴ Բյուրոյի 1972-1994թթ. ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրայր Մարուխեանի անձնական գրադարանը եւ այլ գրականություն: Գրադարանի նվիրատուների թվում են Աղասի Ազիզյանը, Վահան Հովհաննեսյանը, Ժանեթ Ծատուրյանը, Զարեհ Մուրադխանյանը, Արամ Սիմոնյանը, Գուրգեն Մելիքյանը, Ջո Տաղտիկյանը, Աշճյան քույրերը, Գարեգին Սիմոնյանը, Սարո Խաչիկյանը, Սեւան Արթինը, Հակոբ Կիլիկյանը, Մինասյանների ընտանիքը, Շուշիկ Տասնապետյանը, Գարեգին Ղազարյանը, Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտը: Սարո Մարտոյանի եւ Վարդգես Պարսամյանի նվիրատվության շնորհիվ գրադարանը ձեռք է բերել նաեւ պատճենահանման սարք, ինչը շատ է օգնում հատկապես ընթերցողներին: Գրադարանը ունի նաեւ իր մշտական եւ ոչ մշտական ընթերցողները, ովքեր հաճախ այստեղ են գալիս այլ տեղում չգտնելով փնտրած գրականությունը:

[4]

 

 
Գրադարանի պատասխանատու՝
    Սոնա Երանոսյան
Աշխատանքային ժամեր.
    երկուշաբթիից–ուրբաթ՝ 13.00-ից–18.00,
    շաբաթ՝ 9.00–13.00
Հեռախոս՝ 52-18-74, 52-18-76
Հասցե՝
    Մհեր Մկրտչյան 12/1,
    Երեւան 0010,
    Հայաստանի Հանրապետություն