- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Ինչու ընդդիմությունը չմիավորվեց. Արմեն Ռուստամյանի փաստարկները

2Ռուստամյան Արմենն [1] «ԱԺ ընտրություններում պարզ դարձավ, որ իրական զանգվածն այնքան է պակասել, որ ազդեցություն չունի ընտրական գործընթացի վրա, իսկ ոչ իրական զանգվածը՝ վարչական ռեսուրսների և այլնի տեսքով, ավելացել է: Եվ մասնակցել նախագահական ընտրությանը մի քանի տոկոս ավելացնելու համար, իմաստ չունի: Եթե պայքարի ընթացքում մեկ հոգի է հաղթում, ու դա դու չես, ուրեմն քո տոկոսները ոչ ոքի չեն հետաքրքրում: Ժողովուրդը դրան չի սպասում, այլ` փոփոխությունների»,- «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդման եթերում ասել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:

Նրա խոսքերով՝ միշտ էլ կային բացասական երևույթներ, բայց այն չափով չէին, ինչ որ այս անգամ. «Այսօր ընտրակաշառք վերցնող և բաժանող հատվածը սերտորեն համագործակցում են»: Արմեն Ռուստամյանը նշել է, որ իրենք փորձում էին ԱԺ ընտրությունները վերահսկել տեղամասերում, բայց պարզվեց, որ տեղամասերից դուրս են հիմնական կեղծիքները: Ժողովրդին մեղադրել չի կարելի, քանի որ նա, ըստ Ռուստամյանի, չքավոր է, և 10 հազար դրամը նրա համար լուրջ թիվ է:

Անհրաժեշտ էր ընդդիմադիր դաշտի միավորումներ, որը տեղի չունեցավ: ՀՅԴ-ն, ըստ այդ կուսակցության ներկայացուցչի, կարևորում էր իր ներկայացրած 7 կետանոց օրակարգի կատարումը` առանց տարբերություն դնելու, թե ով կիրականացնի այն` ՀՀ նախագահը թե ընդդիմությունը. «Կարևորը 7 կետերն էին, որոնց շուրջ համաձայնությունից հետո նոր միայն կլիներ միասնական թեկնածուի հարցը»: Արմեն Ռուստամյանն այդպես է բացատել իրենց ներկայացրած օրակարգը նաև ՀՀ նախագահի հետ քննարկելը և հավելել. «Մենք ասել ենք դեռ նոյեմբերի 8-ին, որ հանդիպելու ենք ոչ միայն ընդդիմադիր, այլև կոալիցիոն ուժերին: Շատ լավ կլինի, որ Սերժ Սարգսյանն ասի` այդ 7 կետերը ընդունում եմ, ճանապարհային քարտեզ մշակի, թե երբ է կատարելու: Եթե ես իսկապես անկեղծ եմ խնդիրները կարգավորելու ուղղությամբ, ուրեմն ինչ տարբերություն, թե ով կլուծի»:

Միասնական թեկնածուի ճիշտ ընթացքը, ըստ Արմեն Ռուստամյանի, միասնական օրակարգով հանդես գալն էր: Այդ փուլն ընդդիմությունը չանցավ: Պարզվեց, որ ամեն մեկն ուզում է գնալ իր ճանապարհով: «Մենք արեցինք ամեն ինչ, որ միասնական թեկնածու ունենանք»,- ասել է Արմեն Ռուստամյանը:

Իշխանության կազմակերպած ընտրություններին էլ պատկերավոր բացատրություն է տվել. «Սա նշանակում է վազքուղի դուրս գալ, բայց մեկը գա մոտոցիկլետով: Դու նարդի ես խաղում, և խաղում ես «իքի բիր», դիմացինը` միշտ «դու շեշ»: Գրոսմայստերը մեկ շախմատային քայլ է անում, դիմացինը` 3»: Հենց սրանով էլ Արմեն Ռուստամյանը բացատրել է ընտրություններին իրենց չմասնակցելը և հավելել. «Մեղադրել անհավասար պայքարին չմասնակցելու հարցում, դա նույնն է, թե մղել լեգիտիմացնելու այդ անարդար գործընթացը»:

«ԱՌԱՋԻՆ ԼՐԱՏՎԱԿԱՆ»