- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

ՀՅԴ-ն ուղղորդելու է իր ընտրազանգվածին

Արծվիկ [1] «Քաղաքացիները չպետք է մտածեն, որ քանի որ ընտրություններով շատ հարց չի կարող լուծվել, պետք է մերժեն և չմասնակցեն ընտրություններին»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

Նա բոլոր քաղաքացիներին խորհուրդ է տալիս մասնակցել ընտրություններին, թեկուզև իրենց վճռական ոչն ասելու բոլոր թեկնածուներին: «Մենք մտածում ենք, որ ընտրություններին անպայման պետք է մասնակցեն քաղաքացիները, այդ թվում իրենց վճռական ոչը ասելու թե իշխանությանը, և թե նաև, եթե չունեն նախընտրած թեկնածու, մյուս թեկնածուներին»,-ընդգծեց Մինասյանը: Նրա համար քաղաքացիների ընտրություններին մասնակցությունը կարևորվում է նաև մեկ այլ պատճառով. «Ցածր մասնակցությունը չէ, որ բերում է լեգիտիմության և ոչ լեգիտիմության, եթե չեն մասնակցում դա հնարավորություն է տալիս որոշ մարդկանց արջի ծառայություն տալ երկրին, ոչ թե իշխանությանը, այլ երկրին, որովհետև նրանց փոխարեն կարող են քվեարկել, դրա համար էլ քաղաքացիների ակտիվ մասնակցությունը շատ կարևոր է»,-բացատրեց Մինասյանը:

Հարցին, թե արդյոք ՀՅԴ-ն ուղղորդելու է իր ընտրազանգվածին քվեարկել որևէ թեկնածուի օգտին, պատգամավորը պատասխանեց, որ այս պահի դրությամբ իրենց հայտարարությունը` չքվեարկել իշխանության թեկնածուի օգտին, ուժի մեջ է: «Մենք կոչ ենք անում անպայման մասնակցել ընտրություններին, իսկ թե որ թեկնածուին, հստակ է հայտարարության մեջ ասված, որ այդ թեկնածուն իշխանությունը չէ: Ընթացքում Գերագույն մարմինը կկողմնորոշվի և լրացուցիչ հայտարարությամբ հանդես կգա` որևէ թեկնածուի կամ բոլորին դեմ քվեարկելու մոտեցումը կիրառելու համար»,-պատասխանեց Արծվիկ Մինասյանը:

«ՀԵՆԱՐԱՆ»