- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

ՀՅԴ-ն ՀՀ սահմանամերձ և բարձր լեռնային գոտիների ուսանողների արտոնությունների մասին օրինագիծ է ներկայացրել

20130204-ARFD-PG [1]Հայ Յեղափոխական Դաշնակցություն խմբակցության պատգամավորներն այսօր Ազգային Ժողով էին ներկայացրել օրենսդրական նախաձեռնություններ, որոնք նպատակ ունեն ինչպես սահմանամերձ, այնպես էլ բարձր լեռնային բնակավայրերի ուսանողներին հնարավորություն տալ օգտվելու օրենքով սահմանված կրթական արտոնություններից։

Խոսքը վերաբերում է «Կրթության մասին», «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքներումում փոփոխություններ կատարելու՝ ՀՀ օրենքի նախագծերի փաթեթի մասին։

ՀՅԴ պատգամավոր Աղվան Վարդանյանը նշեց, որ ըստ ընդունված օրենքի՝ Կառավարությունն արտոնություններ էր տրամադրում միայն այն դիմումատուներին, ովքեր միաժամանակ և՛ սահմանամերձ, և՛ բարձր լեռնային բնակավայրից էին։

«Դեռևս նախորդ ԱԺ-ում այստեղ փոփոխություն են կատարել, սակայն համաձայն օրենքի, անվճար կրթությունից օգտվելու համար օրենքի կիրառման ժամանակ, եթե մարդն ապրում էր սահմանամերձ բնակավայրում, բայց բարձ լեռնային գոտում չէր, արդեն չէր ստանում, մերժվում էր»,-ասաց ՀՅԴ պատգամավորը՝ ավելացնելով, որ օրենքի այս նախագիծը կարգավորում է այս հարցը։

Աղվան Վարդանյանի խոսքով՝ ներկայացված փոփոխություններով ճշգրտվում է, որ կօգտվեն այդ հնարավորությունից և՛ սահմանամերձ գոտում, և՛ բարձր լեռանային գոտում բնակվողները, ինչպես նաև նրանք, ովքեր ապրում են բարձր լեռնային գոտում, որը միաժամանակ սահմանամերձ է։

ՀՅԴ խմբակցության անդամ Արմեն Բաբայանը տեղեկացրեց, որ առաջարկվում է կատարել խմբագրական փոփոխություն, որպեսզի հանրապետության բարձրլեռնային եւ սահմանամերձ շրջանների բնակիչները կարողանան օգտվել օրենքով իրենց համար սանմանված կրթական արտոնություններից:

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ռուզաննա Մուրադյանը տեղեկացրեց, որ այս փոփոխության վերաբերյալ եւս հանձնաժողովի եզրակացությունը դրական է:

* * *

Ազգային ժողովում «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների ապահովման մասին օրինագծի երկրորդ ընթերցման քննարկման ժամանակ այսօր «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ օրենքի նախագիծը, որը 2009–ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ստանձնած պարտավորությունն է և մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարության կարևորագույն բաղադրիչներից մեկը, ձևական է:

Օրենքի նախագիծը հանդիսանում է մայր օրենք, քանի որ որպես ՀՀ-ում կընդունվի առաջին անգամ՝ ի կատարում ՀՀ սահմանադրության այն նորմի, որ Հայաստանում ապահովվում է սեռերի միջև իրավահավասարությունը:

«Ֆորմալ առումով, սա թեև ուշացած, բայց անհրաժեշտ օրենքի նախագիծ է, այլ բան, որ օրենքի այս նախագիծը, ըստ էության, ձևական բնույթ է կրում, և իր մեջ չունենալով հստակ մեխանիզմներ, բացառում է այդպիսի իրավահավասարության իրական գործադրումը»,- ասաց Արծվիկ Մինասյանը՝ բերելով մի քանի օրինակներ:

Նախ` այն, որ ըստ պատգամավոր՝ այդ իրավահավասարությունն առաջին հերթին ինքը՝ պետությունը, Կառավարությունը և գործադիր իշխանությունը գործադրի, ինչի մասին ամրագրված չէ օրենքում:

Պատգամավորը նշեց, որ ՀՅԴ–ն այս մասին առաջարկ արել է, բայց Կառավարությունը մերժել է՝ հիմնավորելով, թե դա թողնվում է քաղաքականության պրակտիկ իրագործմանը, մինչդեռ գործնականում, ըստ նրա, այս նորմն անտեսվում է:

«Եվ շատ կարևոր, որպեսզի օրենքի ընդունման ժամանակ ներկայացվի այս օրենքի ճշմարիտ փիլիսոփայությունը: Սա ոչ թե կնոջ և տղամարդու իրավունքների միջև հավասարության խնդիր է, այլ ավելի շատ՝ հնարավորության ընձեռում, որպեսզի հասարակության մեջ երկու սեռերը իրենց ռեսուրսներով՝ գիտական, մշակութային ու տնտեսական, քաղաքական, հավասար հնարավորություններով կարողանան իրացնել»,– ընդգծեց նա:

Նախագիծը, ըստ Արծվիկ Մինասյանի, ձևական կդառնա, որովհետև այն չի ներառում այնպիսի փոփոխություններ, ինչպիսիք նախատեսվում են այլ օրենքներով՝ սկսած քաղաքացիական ծառայության օրենքից, վերջացրած աշխատանքային օրենսդրությամբ:

Հիշեցնենք, որ 1993 թվականին ՀՀ-ն վավերացրել է ՄԱԿ-ի «Կանանց նկատմամբ խտրական վերաբերմունքի բոլոր ձևերի վերացման» կոնվենցիան, համաձայն որի 7-րդ հոդվածի՝ իշխանությունները պարտավորվել են գործնական քայլեր կատարել պետական քաղաքականության մշակման գործում կանանց և տղամարդկանց հավասար մասնակցությունն ապահովելու համար:

Օրենքի նախագիծը ԱԺ է բերվել Կառավարություն-Հեղինե Բիշարյան-Հովհաննես Մարգարյան հեղինակային խմբի կողմից: Նախորդ տարի օրենքի նախագծի առաջին ընթերցմամբ ընդունումից հետո կազմակերպվեցին հասարակական լսումներ:

Օրենքի համահեղինակ Հեղինե Բիշարյանը, համամիտ է Արծվիկ Մինասյանի հետ, բայց ասաց, որ կարևոր է համարում, որ նախ օրենքն ընդունվի, ապա հետագայում այն «ուժեղացվի» տարաբնույթ առաջարկներով:

* * *

ՀՅԴ առաջարկում է գործող օրենքներից հանել շահութահարկից 1 տոկոս պարտադիր կանխավճարի մասին դրույթը։ Ազգային ժողովը այսօրվա հերթական նիստում մեկ տարի ժամկետով հետաձգել է մի շարք փաստաթղթերի շուրջ քննարկումը, որոնց թվում` «Շահութահարկի մասին» և «Հարկերի մասին» օրենքների ուղղումները:

Ինչպես իր ելույթում նշել է ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ, Մինասյանը, այդ առաջարկությունը մշակել և շրջանառության մեջ են դրել ՀՅԴ խորհրդարանականները: Առաջարկվում է, մասնավորապես, գործող երկու օրենքներից հանել շահութահարկից 1 տոկոս պարտադիր կանխավճարի մասին դրույթը: Փաստորեն, վկայակոչելով այդ նախաձեռնությանը, կառավարությունն առաջարկել է դրանց կիրառումն սկսել 2014 թվականի հունվարի 1-ից:

Ինչպես կարծում է Մինասյանը, ժամկետների երկարաձգումը զուտ ձևական բնույթ է կրում: Քանի որ գործադիր իշխանությունը չի առարկում, խմբակցությունը մտադիր է ամենամոտ ժամանակներս դարձյալ շրջանառությման մեջ դնել այդ դրույթները:

* * *

Բռնադատվածներին կամ նրանց ժառանգներին բնակարանային պայմանների բարելավման համար վարկեր տրամադրելու հարցը դարձել է խիստ զգայուն: Ազգային ժողովի արտահերթ նիստում նման կարծիք հայտնեց ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

Ըստ նրա՝ խոսքը մինչև 1 մլրդ դրամի մասին է, և 250 քաղաքացիներ չեն կարողանում վերադարձնել այդ միջոցները: Անցած տարի ՀՅԴ-ն նույն հարցի շուրջ ներկայացրել էր իր նախագիծը և առաջարկում էր, որ գումարի կեսը վճարի պետությունը, կեսը՝ բռնադատվածը: Մինասյանը նշեց, որ արդեն մեկ տարուց ավելի կասեցված է նրանց վարկեր տրամադրելու գործընթացը:

«Բռնադատվածի իրավունքի վերականգնումը բոլորիս պարտավորությունն է»,- հայտարարեց Ա. Մինասյանը ու հավելեց, որ եթե այն ժամանակ Ստալինն էր բռնագրավել նրանց գույքը, հիմա ՀՀ կառավարությունն է ասում՝ թող բանկը առգրավի բնակարանը:

ՀՅԴ պատգամավորի հաշվարկով՝ կառավարության առաջարկած տարբերակը՝ վարկերը տան բանկերը, տոկոսադրույքները վճարի պետությունը, ձեռնտու է բանկերին, քանի որ 25 տարում 400% է ստացվում:

Նա հարցադրում արեց՝ ավելի լավ չէ՞, որ այսօր հաշվենք ու X գումար վճարենք հիմա. «Բոլոր կողմերը գոհ կլինեն, կառավարության հեղինակությունն էլ կավելանա»:

«Այլապես կստացվի հայտնի ասացվածքը՝ հայտնի բանջարաբոստանային կուլտուրայի աճեցման մասին»,- ասաց Ա. Մինասյանը:


ԵրկիրՄեդիա. «ԱԺ նստաշրջանի օրակարգում այսօր սոցիալտնտեսական»