- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

ՀՅԴ ներկայացուցիչը ընտրուեց Սոցինտերնի փոխնախագահ

[1]

ՀՅԴ-ի կողմից Ընկերվար միջազգայնականի ներկա եւ նախկին փոխնախագահներ Մարիո Նալպանտյանն ու Մարիա Թիթիզյանը՝ կազմակերպության նախագահ վերընտրված Ջորջ Պապանդրեուի հետ (կենտրոն)։

ԵՐԵՎԱՆ (ՀՅԴ մամլո դիվան, 2012թ. օգոստոսի 31) – Ընկերվար միջազգայնականի (Սոցինտերն) 24-րդ կոնգրեսն իր աշխատանքներն սկսեց երեկ, օգոստոսի 30-ին, Քեյփ Թաունում (Հարավաֆրիկյան Հանրապետություն), մասնակցությամբ ավելի քան հարյուր կուսակցություններ եւ կազմակերպություններ ներկայացնող չորս հարյուր պատգամավորների։ Կոնգրեսի բնաբանն է «Նոր միջազգայնականության եւ համերաշխության նոր մշակույթի համար»։ Կոնգրեսի հյուրընկալն է Աֆրիկյան ազգային կոնգրեսը (ANC)։ Սոցինտերնի կոնգրեսին նախորդեց նույն կազմակերպության Խորհուրդի նիստը, օգոստոսի 29-ին։

Հայ Յեղափոխական Դաշնակցության կողմից կոնգրեսին մասնակցում է ՀՅԴ Բյուրոյի անդամ եւ Ընկերվար միջազգայնականի մոտ ՀՅԴ ներկայացուցիչ Մարիո Նալպանտյանը։

Կոնգրեսի գլխավոր օրակարգերից մեկը կազմակերպության ղեկավարության ընտրություններն են, որոնք անցկացվում են բարեփոխված օրենքների հիմամբ։ Օգոստոսի 30-ին, մրցակից չունենալու պատճառով բաց քվեարկությամբ կազմակերպության նախագահ վերընտրվեց Հունաստանի ՓԱՍՈԿ կուսակցության նախկին ղեկավար եւ երկրի նախկին վարչապետ Ջորջ (Եորղոս) Պապանդրեուն։ Քվեների մեծամասնությամբ կազմակերպության գլխավոր քարտուղար վերընտրվեց Լուիս Այալան. մյուս թեկնածուն՝ Շվեդիայի Սոցիալ դեմոկրատական կուսակցության նախկին ղեկավար Մոնա Սալինն էր։
Նույն օրը տեղի ունեցավ նաեւ 33 փոխնախագահների ընտրությունը։

«Այլ Եվրոպա» տարածաշրջանից փոխնախագահ ընտրվեց Մարիո Նալպանտյանը։ Նույն տարածաշրջանից ընտրվեցին նաեւ Քեմալ Քիլիչդարօղլուն (Թուրքիա, CHP՝ Ժողովրդահանրապետական կուսակցության ղեկավար), Մարիան Լուպուն (Մոլդովայի խորհրդարանի նախագահ) եւ ՀԵլգա Փեդերսենը (Նորվեգիա, Լեյբորիստական կուսակցության ղեկավարի տեղակալ)։

Կազմակերպական հարցեր օրակարգում, Սոցինտերնի կոնգրեսը հաստատեց Սոցինտերնի խորհրդի որոշումները՝ «Արդար Ռուսաստան» կուսակցության լիիրավ անդամի, ինչպես նաեւ՝ Թուրքիայում գործող քրդամետ Խաղաղություն եւ ժողովրդավարություն կուսակցության (BDP) խորհրդակցական անդամի կարգավիճակ տալու մասին։

Վրաստանից որպես հրավիրյալ կոնգրեսին մասնակցում է Վրաստանի զարգացման համար սոցիալ դեմոկրատներ կուսակցությունը։ Ադրբեջանի Սոցիալ դեմոկրատական կուսակցության հեռացումից հետո, կազմակերպության անդամ չկա այդ երկրից։

Ընկերվար Միջազգայնականը (Socialist International) ընկերվար-ժողովրդա¬վարա-կան, ընկերվարական եւ աշխատավորական կուսակցություններ համախմբող համաշխար-հային կառույց է։ Այն համախմբում է բոլոր մայրցամաքներից ավելի քան 140 երկրների 170 քաղաքական կուսակցություններ եւ կազմակերպություններ։

Մինչեւ այս Կոնգրեսը, ԱՊՀ երկրների կուսակցութիւններից միայն Հայ Յեղափոխական Դաշնակցությունն ուներ լիիրավ անդամի կարգավիճակ։ ՀՅԴ անդամ Մարիա Թիթիզյանը կազմակերպության փոխնախագահ էր, իսկ ՀՅԴ Բյուրոյի անդամ Մարիո Նալպանտյանը՝ ԱՊՀ, Կովկասի եւ Սեւծովյան երկրների հանձնախմբի համանախագահ։

ՀՅԴ համապատասխան կառոյցները լիիրավ անդամ են Կանանց ընկերվար միջազգայնականին (SIW) եւ Ընկերվար երիտասարդների միջազգային միութեան (IUSY)։

Նկարում՝ ՀՅԴ-ի կողմից Ընկերվար միջազգայնականի ներկա եւ նախկին փոխնախագահներ Մարիո Նալպանտյանն ու Մարիա Թիթիզյանը՝ կազմակերպության նախագահ վերընտրված Ջորջ Պապանդրեուի հետ (կենտրոն)։