ՀՅԴ Կապանի ”Արամ Մանուկյան” կոմիտեն կոչ է անում վերջ տալ ընտրություն կոչվող ներկայացմանը


ՀՅԴ Կապանի «Արամ Մանուկյան» կոմիտեն հայտարարություն է տարածել Կապանի գործող քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Արթուր Աթայանի ինքնաբացարկի մասին, որը ներկայացնում ենք ստորեւ.

«Տեղական ընտրությունների կապանյան ընթացքը ցույց է տալիս, որ այն հեռու է ընտրություն կոչվելուց: Մրցապայքարի հենց սկզբից պարզ դարձավ, որ իշխանությունը խնդիր է դրել ամեն գնով փոխել մարզկենտրոնի քաղաքապետին` այդ ճանապարհին կանգ չառնելով որեւէ միջոցի առաջ: Սյունիքի մարզպետը, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրենը, ուժային կառույցների ղեկավարները, իշխանության այլ ներկայացուցիչներ ահաբեկման, վախի, շանտաժի մեթոդներ էին կիրառում իրենց ենթակա հիմնարկների աշխատակիցների, գործարարների նկատմամբ:

Կապանի գործող քաղաքապետը, ով ինչպես այս, այնպես էլ նախորդ անգամ մրցապայքարի էր ելել ինքնաառաջադրման եղանակով, ցանկություն էր հայտնել վերընտրվել: Արթուր Աթայանին պաշտպանելու պատրաստակամություն էին հայտնել մի շարք քաղաքական եւ հասարակական կազմակերպություններ, այդ թվում` ՀՅԴ Կապանի «Արամ Մանուկյան» կոմիտեն: Մեզ համար անընդունելի է տեղական ընտրության կուսակցականացումը` հաշվի առնելով, որ հատկապես փոքր քաղաքներում կրքերի շիկացումը հանգեցնում է ակնհայտ թշնամանքի, 1937թ. հիշեցնող մթնոլորտի:

Գործող քաղաքապետի ընտրապայքարից հարկադրական հրաժարումը եւ ԶԼՄ-ներով նրա տարածած հայտարարությունը բացահայտում են Կապանում տեղի ունեցողի ողջ անօրինականությունը: Արդյունքում իշխանական-հանրապետական թեկնածուն մնացել է առանց մրցակցի:

Ելնելով Կապանում ստեղծված վիճակից` ՀՅԴ Կապանի «Արամ Մանուկյան» կոմիտեն դիմում է հանրապետության ղեկավարությանը` պահանջելով վերջ տալ ընտրություն կոչվող ներկայացմանը: Առաջարկում ենք` անվավեր ճանաչել այս ընտրությունը, պատժել բոլոր այն պաշտոնյա-պատասխանատուներին, ում ջանքերով հերթական կոչված ընտրությունը վերածվեց ֆարսի: Նախագահական ընտրությունից առաջ նմանատիպ ՏԻՄ ընտրությունները մտահոգիչ են: Պահանջում ենք քաղաքական եւ իրավական գնահատական տալ կատարվածին: Եթե «ընտրություն» կոչված այս ներկայացումը այնուամենայնիվ կայանա, կապանցիներին կոչ ենք անելու բոյկոտել եւ մասնակից չդառնալ այդ խայտառակությանը»:

Տպել Տպել