- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Օգտաւէտ մտայղացում, խրախուսիչ համախմբում…

Երէկ երեկոյեան «Արարատ» մարզաւանի «Վաչիկ Ղարաբէգեան» սրահում կայացել էր ձեւով եւ բովանդակութեամբ խրախուսիչ մի համախմբում՝ թեհրանահայ արհեստաւորգործարար խաւերի մասնակցութեամբ:

Նախաձեռնութեանը, որը գեղեցիկ մտայղացմամբ ի կատար էր ածել Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական վարչութիւնը, ներկայ էին՝ Իրանի Հայ արհեստաւորների միութեան վարչութիւնն ու միութեան բազմաթիւ անդամներ, որոնք միասնաբար՝ ճանաչողականհաճոյականից առաւել՝ առիթն ունեցան մտքերի ու հնչած ելոյթների ընդմիջից կարեւորել միջմիութենական փոխյարաբերութիւնները եւ համագործակցութիւնը: Այս հարցը յատկապէս արծարծեց ԻՀԱՄ-ի վարչութեան նախագահ Հայրիկ Աւետեանը, երբ որպէս գործակցութեան տարիների աւանդոյթի ցուցանիշ՝ Հ.Մ.Ա.Կ.-ի Կ. Վ.-ի նախագահ Համլետ Խալոյեանին յանձնեց գեղեցիկ մի յուշանւէր:

Իսկ Հ.Մ.Ա.Կ-ի Կենտրոնական վարչութեան նախագահն իր հերթին ողջունելով «Արարատ»-ի յարկի ներքոյ հայ աշխատասէր արհեստաւորներին հիւրընկալելը, պատրաստակամութիւն յայտնեց ինչպէս նախկինում, յետայսու եւս աշխուժացնել աւանդական համագործակցութիւնը: Պրն. Խալոյեանը նոյնպէս յայտարարեց, որ առաջիկայում «Արարատ»-ի նոյն հարազատ յարկի ներքոյ մտադիր են հիւրընկալել մեր համայնքում աշխատող միւս միութիւնների ու միաւորների ներկայացուցիչներին, զորօրինակ՝ Ուսուցիչների միութեանը եւ այդպէս շարունակ:

Մենք, մեր հերթին, ողջունում ենք նման հաւաքները, որոնք դրականօրէն ծառայեցւելու են նախեւառաջ մեր մարզա-մշակութային միութիւնների եւ հասարակական միաւորների նպատակադիր գործունէութեանը: Ապա եւ՝ որպէս խրախուսիչ-վարակիչ նախաձեռնութիւն, յոյժ կարեւոր են միջմիութենական փոխլրացնող շփումներն ու համագործակցութիւնը՝ ներկայիս համայնքային-հասարակական մակարդակում համապատասխան դժւարութիւնները միասնաբար դիմագրաւելու առումով:

«ԱԼԻՔ»Ի ԽՄԲ.
5 Փետրւար 2013


Ինձանից յետոյ՝ թէկուզ ջրհեղեղ…

Երէկ Իսլ. խորհրդարանի դռնբաց նիստը հանդիսացաւ վերջին տարիների ընթացքում օրէնսդիր-գործադիրի միջեւ շարունակւող տարաձայնութիւնների գագաթնակէտը:

Ճիշտ է, նիստը քննարկեց ու բուռն կերպով հարցապնդեց եւ ի վերջոյ անվստահութեան համոզիչ քւէով հերթական եւ այս անգամ՝ պաշտօնից հեռացրեց աշխատանքի նախարարին, ինչպէս նման դիրքորոշումներ նախկինում էլ որդեգրել էր Իսլ. խորհրդարանը՝ Ահմադինեժադի մի քանի այլ նախարարների նկատմամբ: Սակայն, այս վերջին անվստահութեան քւէն պահի ու ժամանակի առումով (մի բան, որ հոգեւոր առաջնորդ Խամենէիի կողմից բազմիցս կարեւորւել էր) զանազան մտահոգութիւնների տեղիք է տալիս:

Ահմադինեժադը անցնող շուրջ 8-ամեայ պաշտօնավարման ընթացքում միշտ էլ աչքի է ընկել սենսացիոն-սպառնալից յայտարարութիւններով, որոնցից հերթականը կատարւեց երէկւայ մեջլիսի ամբիոնում, երբ փորձում էր պաշտպանել իր պաշտօնազրկւող նախարարին: Այդ հերթական սպառնալիքը, որը, ի դէպ, ուղղւած էր խօսնակ Լարիջանիին ու վերջնիս 2 եղբայրներին, թողեց խիստ հակառակ ազդեցութիւն, որով մեղմ ասած՝ նսեմացւեց նախագահի առանց այդ էլ բեկւած վարկանիշը… «Լաւ էր, որ այս ֆիլմը (իբր Լարիջանիների մեղսակցութիւնը բացայայտող) ցուցադրեցիք, դրանով ժողովրդի մօտ աւելիով բացայայտեցիք ձեր իրական դէմքը…», այսպիսին եղաւ խօսնակ Լարիջանիի պատասխանը՝ նախագահ Ահմադինեժադին:

Պահի ու ժամանակի առումով, սակայն, յատկանշելին այն է, որ օրէնսդիր-գործադիր «հակամարտութեան» երէկւայ աննախադէպ իրադարձութիւնը պատահում է ընդամէնը 4 ամիս նախագահական ընտրութիւններից առաջ: Չէ՞ որ նոյնինքն հոգեւոր առաջնորդն ուղղակի արգելել էր նմանատիպ կրքերի բորբոքման վերնախաւային հնարաւոր միջադէպերին ընթացք տալը…

Միւս կողմից՝ մօտալուտ շրջանաւարտ նախագահը, որ մինչ այդ շատ ջանքեր էր ի գործ դրել, որպէսզի իրեն իսկ համախոհ ճամբարի ներկայացուցչին փոխանցէր նախագահական աթոռը, յատկապէս այս վերջին անվստահութեան քւէն ծանրակշիռ հակահարւած համարելով՝ դիմում է սպառնալիքների լեզւի՝ թիկունքում թողած կիսաքանդ կամրուրջներն էլ փլուզել ցանկանալով եւ ակամայից տուրք տալով «ինձանից յետոյ թէկուզ ջրհեղեղ…» արկածախնդրութեանը…

«ԱԼԻՔ»Ի ԽՄԲ.
4 Փետրւար 2013