[1] Աշխարհի ամենամեծ կազմակերպություններից մեկի՝ Սոցինտերնի՝ Պորտուգալիայում կայացած խորհրդի ժողովին մասնակցել է ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը և ընտրվել Սոցինտերնի ԱՊՀ եւ Կովկասի տարածաշրջանային հանձնախմբի համանախագահ: Այս մասին, այսօր` փետրվարի 8-ին «Ուրբաթ» մամուլի ակումբում, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ինքը` Վահան Հովհաննիսյանը:
«Ընտրությունը կատարվեց միաձայն, դեմ չկար, թուրքական սոցիալիստական կուսակցությունը քվեարկության ժամանակ ներկա չէր, հավանաբար դահլիճից դուրս էր եկել»,- մանրամասնել է բանախոսը:
Սակայն սա դեռ ամենը չէ: ՀՅԴ-ի առաջարկով Վրաստանում վերստեղծված սոցիալիստական կուսակցությունն ընտրվել է որպես դիտորդ, իսկ Ադրբեջանում գործող Սոցիալ դեմոկրատական կուսակցությունը կորցրել է իր դիտորդի կարգավիճակը Սոցինտերնի վերջին Կոնգրեսում (2012թ. սեպտեմբեր), քանի որ այդպիսի կուսակցություն իրականում գոյություն չունի:
Թե ինչ են տալիս նման միջազգային կառույցները Հայաստանին, ՀՅԴ Բյուրոյի անդամի խոսքով՝ քաղաքական նման ընտանիքները մեծ դեր են խաղում աշխարհում. սոցիալիստական կառույցներն իրենք ծառայեցնում են Հայաստանի զարգացմանը, բայց դա չի նշանակում, որ միջազգային նման կառույցները պետք է օգտագործել մեր թերությունները թաքցնելու համար: «Ես գործնական հանդիպումներ եմ ունեցել աֆրիկյան երկու սոցիալիստական երկրների լիդերների հետ, որոնք կարող են օգտակար լինել մեր պետության համար»:
Ինչ վերաբերում է թուրքական սոցիալիստական կուսակցության հետ շփումներին, Վահան Հովհաննիսյանի խոսքով՝ ինքը հայերենի դասագիրք է տվել թուրքական սոցիալիստական կուսակցությունների պատգամավորներին:
Ինչ վերաբերում է ներքաղաքական կյանքին ապա ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը երկրում քաղաքական գործընթացներ չի տեսնում, միայն` ընտրություններ կոչվող միջոցառում: «Եվ եթե այդ միջոցառումը քաղաքական գործընթացի վերածել հնարավոր չէ, մասնակցությունն անիմաստ է: ՀՅԴ-ն խոստովանել է, որ ներկա պահին չի կարող դա անել»,- նշել է նա:
Դաշնակցական քաղաքական գործիչն անհանգստություն է հայտնել նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի առողջութայն կապակցությամբ, որն արդեն 20 օր է` հացադուլ է անում, նաեւ նշել է, որ վերջինիս գործողությունները ուղղված են անարդարությունն ի ցույց դնելուն. Անդրիաս Ղուկասյանն ընտրել է հացադուլի տարբերակը, իսկ ՀՅԴ-ն իր չմասնակցելով է այդ նպատակը հետապնդում: Վահան Հովհաննիսյանի կարծիքով` Ղուկասյանը ճիշտ քաղաքական դիրքորոշում է որդեգրել:
Մեկնաբանելով հարցը` ՀՅԴ-ի` ընտրություններին չմասնակցելը ապտակ է իշխանությա՞նը, թե՞ ժողովրդին Հովհաննիսյանը հայտարարել է, որ ժողովրդին ապտակ հասցնել անհնար է, հնարավոր է միայն բացատրել ժողովրդին, որ, իր ձայնը վաճառելով, նա ավելի վատ է ապրելու: «Բայց մարդիկ չեն ցանկանում կիրառել իրենց ձայնի ուժը, իսկ մենք չենք կարող նրանց ստիպել: Ես չեմ ցանկանում, որ դուք մտածեք, թե ՀՅԴ-ն դադարեցրել է պայքարը: Պարզապես մենք համարում ենք, որ այդ փուլում դա անիմաստ է: Մենք ցանկանում ենք, որ ժողովուրդն ու իշխանությունները դեմ առ դեմ մնան եւ լավ միմյանց ծանոթանան»,- ընդգծել նա` հավելելով, որ ինչրպես իշխանությունը, այնպես էլ Հաայաստանի հասարակությունը հիվանդ են:
Քվեարկությանը չմասնակցելու կոչերը Վահան Հովհաննիսյանը սխալ է համարում, ինքն անձամբ գնալու է ընտրելու եւ քվեարկելու է բոլոր թեկնածուների օգտին, բացի իշխանության թեկնածուից: Այդպիսով` քվաթերթիկն անվավեր է դարձնելու:
Ինչ վերաբերում է միասնական թեկնածու ունենալու հնարավորությանը` նա նշել է, որ դա կփոխեր իրադրությունը, սակայն ՀՅԴ-ն թերահավատ է այդ հարցում: «Երբ ամեն թեկնածու, խոսելով այդ մասին, նկատի ունի միավորում հենց իր շուրջ, ամեն ինչ անդունդն է գլորվում: Ես դեռեւս չեմ տեսել մի թեկնածուի, ով պատրաստակամություն հայտնի հանել իր թեկնածությունը հօգուտ մեկ ուրիշի»:
Միաժամանակ, նա կարծում է, որ ընտրություններից հետո տեղաբաշխումներ կլինեն, կձեւավորվեն նոր կոալիցիաներ եւ քաղաքական միություններ:
Ըստ Վահան Հովհաննիսյանի՝ Հայաստանի իշխանություններին չպետք է մեղադրել սիրիահայերին այդ երկրից չտարհանելու համար:
«Այս առումով, այնուամենայնիվ, այսօր դեռ մեր քաղաքականության հիմքում մնում է սիրիահայ գաղութը Սիրիայում ամուր պահելը` հույս ունենալով, որ իրավիճակը մի փոքր ավելի խաղաղ կդառնա այնտեղ: Ամբողջությամբ խաղաղ չի դառնա շատ երկար ժամանակ, բայց առնվազն կյանքին ֆիզիկական վտանգ եթե չլինի, դա արդեն հնարավորություն կտա, որ սիրիահայերը կարողանան նորից վերականգնել կորցրածը»:
Վահան Հովհաննիսյանը վկայակոչում է անցած ամիսների ընթացքում Հայաստանի իշխանությունների ջանքերը սիրիահայերին օգնելու ուղղությամբ: Նա նշել է, որ եթե Հայաստան տեղափոխված սիրիահայերի թիվը կտրուկ ավելանա, ապա իշխանությունների հնարավորությունները նրանց օգնելու հարցում կփոքրանան:
Ըստ նրա՝ «Օգնիր եղբորդ» նախաձեռնությունը ձեւավորման սկզբում ոչ թե գումար էր հատկացնում Սիրիայի բնակչությանը, այլ պարենամթերք ու դեղորայք էր ուղարկում Սիրիա: Անցած տարվա սեպտեմբերից նախաձեռնությունը երեք ինքնաթիռ սննդամթերք եւ դեղորայք է ուղարկել այդ երկիր: Սակայն այս ճանապարհով օգնությունը տեղ հասցնելը ոչ միայն թանկ է, այլեւ արդեն անհնար: Հալեպի օդանավակայանը դեկտեմբերի վերջից չի գործում, եւ գործնականում այդ ճանապարհով սնունդ ու առաջին անհրաժեշտության իրեր հասցնելը պատերազմական այդ երկիր անհնար է:
Վահան Հովհաննիսյանը աղքատությունից զատ ավելի կարեւորում է սիրիահայության անվտանգության խնդիրը: