Հայաստանին բնորոշ է բարձր մենաշնորհային մակարդակը

monopolia1 Այսօր, փետրվարի 11-ին, «Անի Պլազա» հյուրանոցում, «Հրայր Մարուխյան» հիմնադրամը գերմանական «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի աջակցությամբ կազմակերպել է «Մենաշնորհները Հայաստանում» թեմայով գիտաժողով:

Գիտաժողովին ներկա են եղել առաջատար մասնագետներ և հետազոտողներ, ովքեր հետազոտություններ են ներկայացրել մենաշնորհների խնդրի վերաբերյալ, պարզաբանել դրանց կարգավորման մոդելները` դատելով միջազգային փորձից, մեկնաբանել Հայաստանում մրցակցության պաշտպանության քաղաքականության հետևանքները և շուկաների վիճակը: Գիտաժողովից հետո մասնակիցներին հարց ու պատասխանի հնարավորություն է ընձեռնվել:

Գիտաժողովին ներկա են գտնվել ՀՀ Էկոնոմիկայի նախարարության համապատասխան վարչությունների, քաղաքական կուսակցությունների, տնտեսական մրցակցության ոլորտը ներգրավող հանձնաժողովների, բարձրագույն ուսումնական հաստատությունների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա դեսպանատների ներկայացուցիչներ:
HM fond
Հայաստանին բնորոշ է բարձր մենաշնորհային մակարդակը: Գիտաժողովի ժամանակ հայտարարել է «Հրայր Մարուխյան» հիմնադրամի տնօրեն Մարիա Թիթիզյանը: Ըստ նրա՝ այսօր շատ է խոսվում մենաշնորհների մասին, բայց կարգավորման տեսակն ու գործնական հարցերը քիչ են ուսումնասիրվել, և այս հետազոտության նպատակն է պարզել մենաշնորհների դերն ու ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա:

ՀՅԴ Բյուրոյի անդամ Դավիթ Լոքյանի խոսքով՝ համաշխարհային տնտեսության ամենախոշոր խնդիրներից մեկը մենաշնորհների առկայությունն է, որը հատկապես սրված է նոր ձևավորվող երկրներում: «Մենաշնորհները մեծ ազդեցություն ունեն քաղաքական գործընթացների վրա: Մեր երկրում մենաշնորհները ունեն 10-12 տարվա պատմություն: Մոնոպոլիաների գործունեությունը՝ հատկապես սպառման ոլորտում, մեծապես ազդում է երկրի վրա: Մենաշնորհները խոչընդոտում են տնտեսության, արդյունաբերության զարգացմանը: Անհրաժեշտ են համապատասխան դեղամիջոցներ»,- ասել է Լոքյանը:

Նրա խոսքով՝ պարտադիր չէ, որ մի քանի ձեռնարկություններ գործեն նույն ոլորտում, բայց պետության խնդիրն է թույլ չտալ, որ մենաշնորհները խանգարեն տնտեսության զարգացմանը: Լոքյանի գնահատականով՝ վտանգավոր է այն, որ ներմուծման ժամանակ խոշորների կողմից դեմպինգային գործունեություն է տարվում:

ara1

Հայաստանում մենաշնորհների թեմայի արդիականությունն այն է, որ այն կորցնում է իր արդիականությունը. իր ելույթում նշել է ԱԺ նախկին պատգամավոր, տնտեսագետ Արա Նռանյանը, ով եղել է ուսումնասիրությունն իրականացնող աշխատանքային խմբում: Ըստ նրա` այդպես է ոչ թե նրա համար, որ այն իր դերը Հայաստանում կորցնում է, քանի որ դրա դեմ արդյունավետ միջոցներ են ձեռնարկվում, այլ պարզապես բոլորը հարմարվել են ստեղծված իրավիճակին:

«Կարծես, հասարակությունը հաշտվել է այն մտքի հետ, որ Հայաստանում համակարգը պետք է հենց մոնոպոլիզացված լինի: Հաշտվել այս վիճակի հետ` նշանակում է մեր ապագայի վրա խաչ քաշել, նշանակում է հաշտվել այն մտքի հետ, որ ցանկացած քաղաքացի, որ ուզում է զբավել տնտեսական գործունեությամբ, դատապարտված է ձախողման: Նշանակում է, որ անվերահսկելի են դառնալու գները եւ այլն: Եվ այս առումով կարեւորվում եմ այս ուսումնասիրությունները»,- ասել է Արա Նռանյանը:

Նա նշել է, որ հատկապես հիմա`այս քաղաքական գործընթացների շեմին, նման ուսումնասիրությունների հրապարակումը հիշեցնում է հասարակությանը, որ եթե ուզում են փոփոխություն, ապա պետք է այդ ուղղությամբ հետեւողական աշխատանքներ իրականացնեն:

monopolia
Մենաշնորհների խնդիրը առկա է ոչ միայն Հայաստանում, այլև եվրոպական երկրներում, օրինակ՝ Գերմանիայում նույնպես կան նմանատիպ երևույթներ: «Մենաշնորհները Հայաստանում» հետազոտության ներկայացման ժամանակ «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի Եվրոպական տարածաշրջանային ներկայացուցիչ Մայքլ Վեյհարտը հայտարարել է, որ մրցակցությունը շատ կարևոր բաղադրիչ է տնտեսության զարգացումն ապահովելու համար:

«Մենաշնորհների խնդիրը նաև ազդում է երկրի քաղաքական համակարգի վրա: Մենաշնորհները իրենց դիրքերը պահպանելու համար ստիպված են ազդել պետական քաղաքականության վրա: Իրենց գործունեությունը կազմակերպելու համար կուսակցություններին անհրաժեշտ է ոչ միայն անդամների, այլև ձեռնարկությունների աջակցությունը: Մենաշնորհները սպառնալիք են ոչ միայն երկրի տնտեսության, այլև ժողովրդավարության զարգացման համար»,- ասել է Վեյհարտը:

«Մենաշնորհները Հայաստանում» հետազոտությունը նախաձեռնել են «Ֆրիդրիխ Էբերտ», «Հրայր Մարուխյան» հիմնադրամները և ՀՅԴ Բյուրոն:

Տպել Տպել