Թուրքիայում հայ կանանց նկատմամբ բռնությունը չպետք է անուշադրության մատնվի

ամոթ Հայ Յեղափոխական Դաշնակցության «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը միանալով «Երիտասարդ դիվանագետների ակումբ» հասարակական կազմակերպության հայտարարությանը` դատապարտում է Թուրքիայում հայերի դեմ կատարվող բռնությունները և առաջարկում միանալ փետրվարի 11-ին կայանալիք երթին:

Նախաձեռնությունը կոչ է անում երիտասարդությանը համախմբված միանալ նախաձեռնությանը` անտարբեր չմնալով դարեր շարունակ հայության նկատմամբ Թուրքիայի կողմից տարվող վայրագ քաղաքականությանը:

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը կոչ է անում բոլոր երիտասարդական կառույցներին և մեր ժողովրդի ճակատագրով մտահոգ հասարակության շերտերին՝ անկախ քաղաքական հայացքներից, միանալ նախաձեռնությանը և միասնական ճակատով պայքարել հայ ժողովրդի ոտնահարվող իրավունքների համար:

«Եկե՛ք միասնական ուժերով պաշտպանենք մեր իրավունքները և պահանջենք ՄԱԿ-ից, ԵԽ-ից, ԵՄ-ից և միջազգային մյուս իրավապաշտպան կառույցներից չթաքցնել թուրքական իշխանությունների վայրագությունները և զբաղվել իրենց իրական առաքելությամբ, այլապես նրանք դրանց անմիջական մասնակիցն են դիտվում»,-ասվում է հայտարարության մեջ:

Երթի աշխատանքների կազմակերպման համար ստեղծվել է համակարգող խումբ «Երիտասարդ դիվանագետների ակումբ» հասարակական կազմակերպության և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության կողմից: Երթը կմեկնարկի փետրվարի 11-ին` ժամը 12.00-ին, Հանրապետության հրապարակից (Ազգային պատկերասրահի դիմաց):

ՀՅԴ Նիկոլ Աղբալյան ուսանողական միությունը միացավ երթին

«Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը, «Երիտասարդ դիվանագետների ակումբ» երիտասարդական ՀԿ-ն և «Երիտասարդ Գետաշեն» երիտասարդական բարեգործական հիմնադրամը ներկայացնող մի խումբ ցուցարարներ այսօր երթ էին կազմակերպել դեպի ՄԱԿ-ի գրասենյակ` բաց նամակ հանձնելու Թուրքիայում հակամարդասիրական բռնությունների վերաբերյալ:

«Ցեղասպան Թուրքիան պետք է պատժվի», «Ոչ մի զիջում Թուրքիային», «Ամբողջական Հայաստան, ամբողջական հայություն» ցուցապաստառներ պարզած ակտիվիստները վանկարկում էին. «Ամո’թ միջազգային հանրությանը, ցեղասպան Թուրքիան պետք է պատասխան տա»:

Բաց նամակում, մասնավորապես, ասված է. «Թուրքիայի Ստամբուլ քաղաքի Սամաթիա թաղամասում հայազգի կանանց նկատմամբ իրականացվում են շարունակական հարձակումներ ու բռնություններ: Այս կապակցությամբ թուրքական իշխանությունների թողտվությունն ու կրավորական կեցվածքը պարարտ հող են ստեղծել այդ երկրում ատելության, անհանդուրժողականության, հայության շրջանում վախի մթնոլորտի ձևավորման համար:

Անհապաղ պահանջում ենք Թուրքիայի իշխանություններից` ապահովել իրենց քաղաքացիների անվտանգությունը և հետամուտ լինել վերոհիշյալ հանցագործությունների բացահայտմանը և դատապարտմանը:

Կոչ ենք անում ՄԱԿ-ին ԵՄ-ին, ԵԽ-ին և այլ միջազգային ու իրավապաշտպան կառույցների` անհապաղ արձագանքել թուրքական իշխանությունների անգործությունը և համապատասխան միջոցներ ձեռնարկել այդ երկրում ազգայնամոլական հետապնդումների կասեցման և անմեղ մարդկանց պաշտպանության համար»:

Տպել Տպել