Գուցե հիմա կհասկանան` ինչու ԼՂ հայերը չեն ցանկանում ապրել Ադրբեջանի իշխանության տակ

Տկն Հերցզոգ Էդիթին, Եվրախորհրդարանի անդամ

Պրն Գյորք Անդրասին, Եվրախորհրդարանի անդամ

Պրն Դոյչ Տամասին, Եվրախորհրդարանի անդամ

Տկն Գալ Կինգային, Եվրախորհրդարանի անդամ

Պրն Գլատֆելդեր Բելային, Եվրախորհրդարանի անդամ

Տկն Գուրմաի Զիտային, Եվրախորհրդարանի անդամ

Հարգելի գործընկերներ

Ես ձեզ եմ գրում ափսոսանքով, քանի որ հայ-հունգարական հարաբերությունները ամբողջովին խզվել են վերջին իրադարձությունների հետեւանքով: Ինչպես հասկանում եք` խոսքս Ռամիլ Սաֆարովի էքստրադիցիայի մասին է` ադրբեջանական բանակի լեյտենենտի, որին ցմահ ազատազրկման էիք դատապարտել ձեր երկրում 2004 թվականին ՆԱՏՕ-ի դասընթացների ժամանակ հայ սպա Գուրգեն Մարգարյանի դաժան սպանության համար:

Ինչպես գիտեք, Սաֆարովին դատել էին Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ սպանելու համար: Սաֆարովի սառնասրտորեն կատարած հանցագործությունը, որը նա իրականացրեց կացնի 16 հարվածներով` գրեթե կտրելով հայ սպայի գլուխը, համապատասխանում է նրա խղճի բացակայությանը կամ ապաշխարությանը:

Վերջին 8 տարիների ընթացքում Ադրբեջանի կառավարության պաշտոնյաները, քաղաքական եւ հասարակական գործիչները շատ անգամ են արտահայտել իրենց հրճվանքը այդ ահասարսուռ գործողության վերաբերյալ: Հետեւաբար` Հունգարիայի իշխանությունները չէին կարող վստահ չլինել, որ Սաֆարովին կհերոսացնեն իր երկրում` հենց վերադարձի առաջին իսկ օրից, որն, իր հերթին, հպարտության աղբյուր կհանդիսանա գալիք սերունդների համար: Եվ հենց դա էլ տեղի ունեցավ, երբ ձեր երկիրը որոշեց նրան հետ ուղարկել Ադրբեջան. նա ազատ արձակվեց եւ ներվեց:

Ես այժմ կխոսեմ Սաֆարովի էքստրադիցիայի իրավական կողմի մասին. դա արդարադատության լուրջ խախտում է, ակնհայտ մարդասպանություն, եւ որը վտանգավոր ազդանշան կլինի Ադրբեջանի կառավարությանը, որը կշարունակի քաջալերել հակահայկական քարոզչությունը եւ ավելի մեծ մասշտաբներով հարձակում գործել Հայաստանի եւ ԼՂՀ-ի վրա: Հունգարիայի իշխանության արարքի հետեւանքը ոչ միայն կանխատեսելի էր, այլեւ ակնհայտ, նրանք հանցագործության ողջ պատասխանատվությունն իրենց ուսերին վերցրին եւ թույլ չտվեցին, որ մարդասպանը 10 տարի անգամ իր պատիժը կրի:

Եվրոպական գործընկերների հետ մեր կիսած համատեղ արժեքների հայեցակարգը այնքան է ապականվել, որ ես չեմ կարող ակնկալել որեւէ բարոյական բարելավում:

Բայց գոնե հիմա, երբ դաժան մարդասպանը հերոսացվել է Ադրբեջանում, Հունգարիան եւ եվրոպական երկրները կհասկանան` ինչու Լեռնային Ղարաբաղի հայերը չեն ցանկանում Ադրբեջանի իշխանության տակ ապրել:

Հարգանքներով

Վահան Հովհաննիսյան

«Եվրանեսթ» ԽՎ Բյուրոյի անդամ

«Եվրանեսթ» ԽՎ փոխնախագահ

Տպել Տպել