- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Ադրբեջանի ցնցող բացահայտումը. փողով չի կարելի բոլորին գնել

Յարութ Սասունեան [1]

Յարութ Սասունեան

Փողի միջոցով կարելի է որոշ խնդիրներ լուծել, սակայն՝ ոչ բոլորը: Երբեմն էլ այն կարող է հակառակ ազդեցությունն ունենալ:

Ադրբեջանը հրաշալի օրինակ է վիթխարի հարստություն դիզած մի երկրի, որն իր միլիարդավոր նավթադոլարներն օգտագործում է օտարերկրյա քաղաքական գործիչներին և զանազան ասպարեզների մարդկանց կաշառելու համար՝ փորձելով բարելավել իր վատ համբավն ամբողջ աշխարհում: Ի դեպ, «խավիարի դիվանագիտություն» եզրույթը հատուկ հորինվել է` բնութագրելու համար այն «բարիքները», որոնք Ադրբեջանի պաշտոնատարները կանոնավորապես և առատաձեռնորեն բաժանում են՝ իրենց լիրբ նպատակներին հասնելու համար:

Օրինակ՝ Բաքուն հինգ միլիոն դոլար հատկացրեց Մեխիկո քաղաքի զբոսայգին վերանորոգելու համար, բայց պայմանով, որ Հեյդար Ալիևի արձանը տեղադրվի այդ նշանավոր վայրում: Սակայն, երբ մեքսիկացի ակտիվիստներն իմացան այս անվայել գործարքի մասին, բռնակալի արձանն ապամոնտաժվեց և առանց ձևականությունների շպրտվեց պահեստը:

NYT=Azerbaijan [2]
Ադրբեջանի պաշտոնատարները սկսում են հասկանալ, որ ոչ բոլորին կարելի է գնել, և դեռ կան շատ պատվարժան մարդիկ այս աշխարհում, որոնք անկաշառ են: Այդ մարդկանցից մեկն էլ Պետեր Սավոդնիկն է՝ մի անբասիր ազնվության տեր անձնավորություն` «Նյու Յորք Թայմս» թերթից: Այս ամսվա սկզբին ադրբեջանցի մուլտիմիլիարդատեր Իբրահիմ Իբրահիմովն ամերիկացի լրագրողին հրավիրել էր Բաքու, որպեսզի «Նյու Յորք Թայմս»-ում գովասանքի խոսքեր գրեր իր ընդարձակ շինարարական ծրագրի մասին: Ամենևին չտպավորվելով նորահարուստ ադրբեջանցի օլիգարխի շռայլություններից` Սավոդնիկը ջախջախիչ հոդված էր գրել՝ ծաղրելով Իբրահիմովի անհեթեթ պատրանքը:

Ահա համառոտ հատվածներ թղթակցի ծավալուն հոդվածից. «Իբրահիմովը նախատեսում է «խեցգետնի տեսք ունեցող մի լայնատարած շինություն կառուցել Կասպից ծովում՝ Khazar Islands անվամբ, որը բաղկացած է լինելու 55 արհեստական կղզիներից՝ հազարավոր բնակարաններով, առնվազն ութ հյուրանոցով, «Ֆորմուլա 1» վազքուղով, նավասպորտային ակումբով, օդանավակայանով և աշխարհի ամենաբարձր՝ «Ադրբեջանի աշտարակ» շենքով, որի բարձրությունը կկազմի 1050 մետր: Երբ ամբողջ համալիրը կառուցվի … 800 հազար մարդ կապրի Khazar Islands-ում, այնտեղ նաև կլինեն հյուրանոցային սենյակներ մյուս 200 հազարի համար … Այն կարժենա մոտ 100 միլիարդ դոլար»:

Սավոդնիկը հայտնում է, որ Բաքու ժամանելուց մեկ օր առաջ Իբրահիմովի ներկայացուցիչը եկել էր Մոսկվա, որպեսզի անձամբ իրեն հանձնի Khazar Islands նախագծի մասին գիրք և DVD-սկավառակ: Բաքվում լրագրողն ապշել էր օլիգարխի շռայլ ապրելակերպից. «Այնպես էր բազմել սև «Ռոլս Ռոյս»ի հետևի նստատեղին, կարծես այն սլանում էր կառուցվելիք կղզիախմբի թիվ մեկ կղզով: Նրա 23-ամյա օգնական Նիգյար Հուսեյնլին նստած էր առջևում, սև-սպիտակ ծաղկանախշերով կիսաշրջազգեստով, սև զուգագուլպաներով և սև ուղղանկյունաձև ակնոցով: Թվում էր, որ նա անընդհատ անհասկանալիորեն մտահոգված էր: Նա չափից շատ օծանելիք էր օգտագործել, որն, ինչպես ինքն ասաց, բերվել էր Իտալիայից: «Երբ պարոն Իբրահիմովն Ադրբեջանում է լինում-, ասաց Հուսեյնլին,- նա միշտ վարում է իր սև «Ռոլս Ռոյսը»: Իսկ Դուբայում նա մեկ ուրիշը` կարմիրն ունի»:

Ցուցադրելով «կոկորդիլոսի կաշվից «Ստեֆանո Ռիչի» ապրանքանիշի կապույտ կոշիկները, որոնք համապատասխանում էին նրա «Ստեֆանո Ռիչի» կապույտ ջինսին, «Զիլլի» կապույտ պիջակին և «Զիլլի» կապույտ վերնաշապիկին», Իբրահիմովը Սավոդնիկին ասում է, որ «Ադրբեջանի աշտարակը», անկասկած, հայտնվելու է Գինեսի ռեկորդների գրքում: Իբրահիմովն ասում է, որ եթե Սաուդյան Արաբիան, Արաբական Էմիրությունները կամ որևէ մեկը որևէ այլ վայրում փորձի ավելի մեծ շենք կառուցել, ապա ինքն էլ ավելի մեծն է կառուցելու:

Սավոդնիկը գրում է, որ ադրբեջանցի օլիգարխը Իլհամ Ալիևին բնութագրեց որպես շեֆերի շեֆ, «մեծ պաշտպան, աջակից և Ադրբեջանի ժողովրդի փրկչի որդի»: Երբ «Նյու Յորք Թայմս» թերթի թղթակիցը Իբրահիմովին հարցնում է «Ալիևի վարչակարգի այլ հատկանիշների՝ թափանցիկության, քաղաքացիական ազատությունների բացակայության և ընդդիմության ակտիվիստների կալանավորման մասին», նա տալիս է բոլոր օլիգարխներին հատկանշական պատասխանը. «Ես քաղաքականության մասին ոչինչ չգիտեմ»:

Ամերիկացի լրագրողն իր հոդվածում անարգանքի խոսքեր էր գրել ոչ միայն Իբրահիմովի, այլ նաև նրա երկրի մասին. Ադրբեջանը «չի կառուցում այն, ինչ ամբողջ աշխարհին է պետք և չունի համաշխարհային ճանաչում ունեցող համալսարաններ: Սակայն, այն ունի նավթ»:

Իր երկրորդ հոդվածում Սավոդնիկը եզրափակում է. «Բոլոր ապակիների, պողպատի և նեոնային լույսերի ներքո, այն [Ադրբեջանը] շարունակում է մնալ որպես բռնատիրական երկիր»:

Առաջին անգամ չէ, որ «Նյու Յորք Թայմս»-ը Ադրբեջանին մերկացնող հոդված է հրապարակում: 2003 թ. հոկտեմբերի 27-ին թերթն իր խմբագրականում գրել էր. «Գործարար, «փլեյբոյ» և նորելուկ քաղաքական գործիչ Իլհամ Ալիևը գեղեցիկ նվեր ստացավ իր հորից՝ Ադրբեջան երկիրը: Հեյդար Ալիևը մշտապես` համարյա 34 տարի ղեկավարել էր Ադրբեջանը` սկզբում որպես խորհրդային քաղբյուրոյի գործիչ, այնուհետև որպես բռնակալ: Երբ խիստ հիվանդության պատճառով նա այլևս չէր կարող շարունակել, նա օծեց որդուն՝ իր փոխարեն նախագահի պաշտոնում առաջադրվելու համար: Իլհամ Ալիևն, օգտագործելով պետության բոլոր լիազորությունները, կեղծիքներով լի քարոզարշավ ծավալեց, իսկ այնուհետև տոնեց իր հաղթանակը՝ ձերբակալելով ընդդիմության մեծ մասին»: Թերթը եզրափակել էր իր խիստ քննադատական խմբագրականը` հորդորելով Միացյալ Նահանգներին «հեռավորություն պահել նախագահ Ալիևից և խուսափել նավթային հարստությունների վրա բազմած բռնակալներին աջակցելու` անհաջող պատմության կրկնությունից»: Ցավոք, այս նախազգուշացումն անուշադրության մատնվեց Միացյալ Նահանգների` իրար հաջորդող վարչակազմերի կողմից:

Հարութ ՍԱՍՈՒՆՅԱՆ
«Կալիֆոռնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

«ԵՐԿԻՐ», 21 Փետրուար 2013