Նիդերլանդների ՀՅԴ Հայ Դատի հանձնախումբը հանդիպեց Հոլանդիայի խորհրդարանի Արտաքին Գործերի մշտական հանձնաժողովի հետ

Logo haytad standart Այսօր՝ 2013 թվականի փետրվարի 26-ին, ՀՅԴ Հայ Դատի հանձնախումբը նախնական պայմանավորվածության համաձայն հանդիպեց Նիդերլանդների խորհրդարանի Արտաքին Գործերի մշտական հանձնաժողովի անդամների հետ և նրանց փոխանցեց Հայ Դատի հանձնախմբի պահանջագիրը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ: Առիթն էր հանդիսացել Սումգայիթյան ջարդերի 25-ամյակը: Հանդիպմանը ներկայացան հանձնաժողովի նախագահ՝ Անժելին Էյսինքը և անդամներ՝ Հարի Ֆան Բոմելը, Ջոել Ֆորդևինդը,Շուրդ Շուրդսման, Դեսիրեյ Բոնիսը և ուրիշներ: Հայ Դատի հանձնախմբից պահանջագիրը հանձնեցին Մասիս Աբրահամյանը և Ադրինե Մարգարյանը: Բացատրություններ տրվեցին Սումգայիթյան ջարդերի և Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականության վերաբերյալ:

Այս ջարդերով պայմանավորվեց Ղարաբաղյան հակամարտության արյունալի ընթացքը և Ադրբեջանը դարձավ բռնության նախաձեռնողը, այնինչ այսօր իրեն ներկայացնում է զոհի դերում: Հանձնաժողովի անդամներից խնդրվեց մեծ ուշադրություն դարձնել Ադրբեջան բռնապետության գործողություններին սեփական երկրում (Աքրամ Այլիսլիի հալածանքները) և արտաքին աշխարհում (Սաֆարովի արտահանձնում և Հեյդար Ալիևի արձանի տեղադրում Մեքսիկոյում): Ներկայացվեց, որ այս փաստերը խոսուն կերպով ցույց են տալիս Ադրբեջան պետության իսկական էությունը և եվրոպական պետությունները և մասնավորապես Նիդեռլանդները չպետք է ամեն անգամ հավասարության սկզբունքը կիրառեն և հակամարտության մեկ կողմին չնեղացնելու համար խուսափեն ճշմարտությունից:

Հանձնաժողովի նախագահը խոստացավ պահանջագիրը փոխանցել հանձնաժողովի բոլոր անդամներին և շնորհակալություն հայտնեց Հայ Դատի հանձնախմբի նախաձեռնության համար: Առանձին պարզաբանումներ տրվեցին նաև հանձնաժողովի մյուս անդամներին: Մասիս Աբրահամյանը նույնպես շնորհակալություն հայտնեց հանձնաժողովի նախագահին և անդամներին և հույս հայտնեց, որ ներկայացված պահանջագրի կետերը կլինեն Նիդեռլանդների խորհրդարանի և կառավարության ուշադրության կենտրոնում:

Վաղը՝ փետրվարի 27-ին, Հայ Դատի հանձնախումբը կազմակերպում է ցույց Ադրբեջանի դեսպանության առջև ընդդեմ Ադրբեջանի ռազմատենչության և հանուն Սումգայիթյան ջարդերի 25-ամյակի, որին անմեղորեն զոհ գնացին Ղարաբաղյան հակամարտության առաջին հայ խաղաղ բնակիչները:

Տպել Տպել