- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Փարիզում ադրբեջանական դեսպանության դիմաց բողոքի ցույց է տեղի ունեցել

20130302 [1]Փարիզում ադրբեջանական դեսպանության դիմաց ֆրանսահայ համայնքի հարյուրավոր ներկայացուցիչներ Սումգայիթյան ջարդերի 25-րդ տարելիցի կապակցությամբ բողոքի ցույց են անցկացրել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` բողոքի ցույցն իրականացվել է Ֆրանսիայի «Հայ դատի» հանձնախմբի կողմից: Ցույցն անցել է «Սումգայիթ, Բաքու, Կիրովաբադ, Մարաղա. մենք չենք մոռանում» խորագրի ներքո, որի ընթացքում ցուցարարները դատապարտել են 25 տարի առաջ կատարված ողբերգալի իրադարձությունները, որոնք Ադրբեջանի ղեկավարության արձագանքն էին Արցախի ժողովրդի ինքնորոշման արդար պահանջին: Ելույթ ունեցողները նշել են, որ Սումգայիթի ջարդերից քառորդ դար անց` ադրբեջանական իշխանությունների կողմից հայատյաց քարոզչությունն էլ ավելի է սաստկացել` սերունդներին դաստիարակելով հակահայ ռասիզմի և ռեւանշիզմի ոգով:

Համայնքային կառույցների ղեկավարներն իրենց խոսքում հատկապես դատապարտել են Ադրբեջանի նախագահի կողմից հայկական սփյուռքը որպես թիվ մեկ թշնամի հռչակելը և հայտարարել, որ ծագումով հայ բոլոր ֆրանսիացիները մինչև վերջ պայքարելու են Արցախի ինքնորոշման իրավունքի ամրագրման համար:

Նախքան ցույցի սկիզբը` Ադրբեջանի դեսպանությունը կրկին հուսահատ սադրանքի փորձ էր կատարել՝ իր դիվանագիտական ներկայացուցչության շենքը վերածելով տեղեկատվական վահանակի, և դեսպանության շենքի ճակատային մասում կախել հակահայ քարոզչական պաստառներ, որոնք Ֆրանսիայի համապատասխան մարմինների առաջին իսկ զգուշացմամբ հանվել են:

«ԱՐՄԵՆՊՐԵՍ»