Վիրահայերը Վրաստանի կառավարության ներկայացուցիչների հետ քննարկել են Հայոց ցեղասպանության ճանաչման հնարավորությունը

Վրաստան «Վրաստանի hայ hամայնք» հասարակական կազմակերպության վարչության ներկայացուցիչները հանդիպել են Վրաստանում իշխող «Վրացական երազանք – դեմոկրատական Վրաստան» կոալիցիայի քաղաքական քարտուղար Սոզար Սուբարիի հետ: Հանդիպմանը ներկա են եղել Վրաստանի Պառլամենտի պատգամավոր՝ Ռուսլան Պողոսյանը, ինչպես նաեւ կուսակցությունը ներկայացնող այլ անձեր:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Վրաստանի հայ համայնք»-ի մամուլի ծառայությունից, մարտի 4-ին կայացած հանդիպումը նպատակ ուներ նոր կառավարության ներկայացուցիչներին ներկայացնել վիրահայության խնդիրների մասին վրացական հայ համայնքի ունեցած տեսակետը, առաջարկել առկա խնդիրների լուծման ուղիները, եղանակները:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկրի կառավարման գործընթացում ազգային փոքրամասնությունների մասնակցության թեման, միջնակարգ և բարձրագույն կրթական համակարգում առկա խնդիրները, ինչպես նաև Վրաստանի մայրաքաղաքում Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված խաչքարի տեղադրման և Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչման հնարավորությանը վերաբերվող հարցեր:

«Վրաստանի Հայ Համայնք» կազմակերպության անդամները ակնկալում են համապատասխան քայլեր կառավարության կողմից, որը խթան կհանդիսանա վիրահայության խնդիրների լուծման գործում:

«ԱՐՄԵՆՊՐԵՍ»

Տպել Տպել