[1] Հարցազրույց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանի հետ
-Այսօր քաղաքական շրջանակներում քննարկվող կարեւոր խնդիրներից մեկը Երեւանի քաղաքապետի ընտրություններին ընդառաջ ընդդիմադիր ուժերի միավորում ստեղծելու հնարավորությունն է։ Կարո՞ղ ենք փաստել, որ նախագահական ընտրությունների արդյունքների «բողոքարկման» հետընտրական գործընթացը սահուն կերպով մտնում է մայրաքաղաքային ավագանու ընտրության նախընտրական փուլ։
-Հետընտրական գործընթացները եւ առաջիկայում տեղի ունենալիք Երեւանի ավագանու ընտրությունները, կարծում եմ, ճիշտ կլինի դիտարկել մեկ ընդհանուր տրամաբանության մեջ։ Ի վերջո, սա միայն ավագանու ընտրություն չէ. օրենքով հստակ ամրագրված է, որ ընտրություններին կարելի է մասնակցել միայն համամասնական ընտրակարգով։ Այսինքն՝ սրանք քաղաքական ընտրություններ են, եւ հետընտրական զարգացումների համատեքստում միասնական ձեւաչափի ձեւավորման խնդիրը տրամաբանական եւ հասկանալի է։
Այո, մենք նման ցանկություն ունենք, նման ցանկություն ունեինք նաեւ նախագահական ընտրություններից առաջ։ Ժողովրդի մի ստվար հատված ակնկալում է ընդդիմությանը տեսնել միավորված՝ միասնական ճակատ կազմած։ Դժբախտաբար նախագահական ընտրություններից առաջ այդ փորձը չհաջողվեց։
Կարծում եմ, այս անգամ ողջամտությունը կհաղթի՝ ընդդիմադիր ուժերը կկարողանան միասնական ճակատով մասնակցել առաջիկա ընտրություններին, եւ այդ կերպ, հանգրվանային հաղթանակ արձանագրելով՝ նոր շունչ հաղորդել ժողովրդական շարժմանը։
-«Ժառանգությունը», ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն բողոքում են հերթական անգամ կեղծված ընտրություններից, բայց, ըստ էության, «օրինականացրին» խախտումները՝ ի դեմս իրենց ներկայացուցիչների ստորագրելով բոլոր տեղամասային հանձնաժողովների արձանագրությունների տակ։ Ավագանու ընտրություններում կհաջողվի՞ լրացնել այդ բացը։
-Հարցը տեղին է։ Կարծում եմ, յուրաքանչյուր քաղաքական ուժ պիտի անդրադառնա տեղամասային հանձնաժողովներում իր ներկայացուցիչների աշխատանքին։
Այդուհանդերձ խնդիրը ավելի խորքային է, որովհետեւ խոսքը միայն ընտրատեղամասերում արձանագրված ընտրախախտումների մասին չէ. շատ դեպքերում տեղամասերից դուրս բաժանվել են ընտրակաշառքներ, եղել է վարչական, իշխանական լծակների չարաշահում, իհարկե, ո՛չ այն ծավալներով, ինչին ականատես եղանք խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Սա՝ մեկ։
Դրան ավելացել են տեղամասերում տեղ գտած ընտրակեղծարարությունները, որոնք միշտ չէ, որ ընտրական հանձնաժողովների այս կամ այն անդամի կողմից հնարավոր է եղել կանխել։ Շատ տեղամասերում ընդդիմության ներկայացուցիչները կարողացել են իրենց բարձրության վրա մնալ եւ օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում պաշտպանել արդարությունը, որոշ դեպքերում դա չի հաջողվել՝ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով։
Կաշկանդիչ հանգամանք է եղել նաեւ այն, որ Ընտրական օրենսգրքում որպես պարտադիր նորմ ամրագրված է, որ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների անդամները պարտավոր են ստորագրել արձանագրությունների տակ։ Այսինքն՝ գրանցամատյաններում խախտումների վերաբերյալ գրանցումներ, կարծիքներ եղել են, բայց քանի որ ընտրախախտումներն ի մի բերելու, համակարգելու եւ լուրջ իրավական փաթեթ ձեւավորելու հարցում համակարգված մոտեցում չի ցուցաբերվել, տպավորություն է ստեղծվել, թե տեղերում ընտրական հանձնաժողովների անդամներն այնքան էլ հետեւողական չեն եղել։
Կարծում եմ, քաղաքական ուժերը համապատասխան հետեւություններ կանեն այդ ամենից։ Եթե ընդդիմությանը հաջողվի միասնական ճակատով մասնակցել Երեւանի ավագանու ընտրություններին, ուժերի հարաբերակցությունն էապես կփոխվի, եւ շատ ավելի հեշտ կլինի կանխել զեղծարարությունները, որոնք, դժբախտաբար, լինում են ընտրական գործընթացում։
-Ր.Հովհաննիսյանը դիմել է ՍԴ, բայց չի պատրաստվում ընդունել բողոքարկման արդյունքները։ Հարց է առաջանում. ինչո՞ւ է դիմել, եթե պատրաստ չէ հաշվի նստել դատարանի որոշման հետ։
-Եկեք ժամանակից առաջ չընկնենք՝ սպասենք ՍԴ որոշմանը, հետո խոսենք բողոքարկման արդյունքներն ընդունելու կամ չընդունելու մասին։ Ամեն դեպքում, ՍԴ դիմելը ճիշտ էր. կա բողոքարկման օրենքով ամրագրված հստակ ընթացակարգ, եւ սխալ կլիներ չօգտվել այդ հնարավորությունից։
Ինչ վերաբերում է ՍԴ կողմից կայացվելիք որոշման նկատմամբ կասկածներին, կարծում եմ, դա էլ է հասկանալի՝ հաշվի առնելով նախընթաց փորձը։
-Դաշնակցությունն ինչպե՞ս է վերաբերվում ստվերային կառավարության ձեւավորման գաղափարին։ Դա կնպաստի՞, թե՞, հակառակը, կխոչընդոտի հետընտրական իրավիճակի հանգուցալուծմանը։
-Հարթակից տարբեր տեսակետներ են արտահայտվում, որոնք միշտ չէ, որ համապատասխանում են մեր մոտեցումներին։ Մենք ներկայացնում ենք մեր պատկերացումները՝ ինչպես պետք է ղեկավարվի շարժումը, ինչ հունավորմամբ ընթանա, ինչ հանգրվանային ճանապարհով եւ ինչ լուծումների հասնելու ակնկալիքով։ Եթե հնարավոր լինի հանգել ընդհանուր հայտարարի, այդ մոտեցումները կորդեգրվեն, եւ մենք լիարժեք կերպով կմասնակցենք նոր ձեւավորվող շարժմանը։
Մեր գնահատականը հետեւյալն է. ընտրությունները հերթական անգամ ակնհայտ դարձրին, որ պետական կառավարման համակարգը լուրջ, արմատական փոփոխության կարիք ունի։ Ակնհայտ է, որ ժողովրդի մի ստվար զանգված դժգոհ է երկրում ստեղծված կացությունից, եւ իր դժգոհությունն արտահայտեց քվեարկության միջոցով։
Եթե ուզում ենք շտկել իրավիճակը, օր առաջ լուծում տալ կուտակված խնդիրներին, դիմագրավել եւ հաղթահարել ներքին եւ արտաքին մարտահրավերները, պետք է արձանագրենք, որ համակարգային եւ արմատական փոփոխությունների կարիք կա՝ աչքակապությամբ զբաղվելու ո՛չ տեղն է, ո՛չ ժամանակը։ Սա ենթադրում է ընտրական նոր օրենսգրքի ընդունում, արտահերթ ընտրություններ, բիզնեսի եւ քաղաքականության, պետական իշխանության եւ իշխող կուսակցության տարանջատում, ազատ, մրցակցային պայմաններ, սոցիալ-տնտեսական նոր քաղաքականություն եւ այլն։ Այս խնդիրների լուծումներին ինչ հանգրվաններով կարելի է հասնել՝ արդեն տակտիկայի խնդիր է։
Փակուղային, իրավիճակային, մաքսիմալիստական մոտեցումները, չեմ կարծում, թե այս պարագայում հարցի լուծում կարող են լինել, որովհետեւ դրա փորձառությունն էլ ունենք։ Ի վերջո, 2008թ. շարժումը որեւէ դրական տեղաշարժ չարձանագրեց մեր կյանքում։
Առաջարկել առավելապաշտական լուծումներ, կոնկրետ քայլեր չձեռնարկելով փոքր հաղթանակներ գրանցելու ուղղությամբ՝ մարտավարական առումով ճիշտ չեմ համարում։ Սա չի նշանակում, որ փոքր հաղթանակների խնդիր դնելով՝ մերժում ես մեծ հաղթանակները. փոքր հաղթանակներով կարելի է հասնել ավելի տեւական, բայց ամբողջական եւ հիմնավոր հաղթանակի։
-Եթե իշխանությունն առաջարկի մասնակցել համակարգային փոփոխությունների գործընթացին՝ ներգրավվել նոր կոալիցիայի կազմում, Դաշնակցությունը կընդունի՞ այդ առաջարկը։
-Քանիցս առիթ ունեցել ենք ասելու՝ կառավարման այս համակարգում առանձին գործադիր լծակներ ստանձնելը ընդդիմությանը որեւէ կերպ հնարավորություն չի տալիս իրավիճակը շտկելու։ Ուրիշ բան, եթե ձեւավորվի իշխանություն-ընդդիմություն միասնական քաղաքական համակարգ, եւ ընդդիմությունն օրենքով սահմանված լիազորություններ ունենա՝ վերահսկելու իշխանություններին, ինչպես ժամանակին ԱԺ կանոնակարգ-օրենքում փոփոխություններ կատարվեցին, եւ ընդդիմադիր ուժերին որոշակի իրավասություններ տրվեցին Դոնկի բանաձեւի շրջանակներում։
Եթե զսպումների եւ հակակշիռների մեխանիզմները չեն գործում, խնդիրներ են առաջանում՝ անկախ նրանից, ով է իշխանություն, ով՝ ընդդիմություն։ Այդ գիտակցումը պետք է լինի, որովհետեւ ոչինչ հավերժ չէ՝ այսօրվա իշխանությունը վաղը կարող է հայտնվել ընդդիմության դերում։
Այսինքն՝ հստակ տարանջատենք. եթե խոսքը վերաբերում է օրենքով ամրագրված լիազորությունների ընդլայնմանը եւ վերահսկողական լծակների տրամադրմանը, դա կարող է քննարկման առարկա լինել, իսկ եթե խոսքը գործադիր իշխանության պորտֆելներ ստանալու մասին է՝ այստեղ մեր մոտեցումը միանշանակ բացասական է։
-ԱԺ նախագահի նախաձեռնած քննարկումներն ընձեռո՞ւմ են այդ հնարավորությունը, թե՞ երկխոսության այդ էջն այլեւս կարելի է փակված համարել։
-Այս պահին կարող ենք արձանագրել, որ մեծամասնության մեջ ցանկություն կա, որպես այդպիսին, բայց այդ ցանկությունը բովանդակության չի վերածվում՝ դրական իմաստով։ Ընդդիմությունը ներկայացրել է 3 կետից բաղկացած առաջարկությունների իր փաթեթը, բայց լուրջ քննարկման ենթակա որեւէ առաջարկ իշխանությունների կողմից չի ստացել։
Միակ առաջարկը, որ եղել է, սահմանադրական փոփոխությունների աշխատանքային խումբ ձեւավորելու եւ այդ խմբի ղեկավարումը Րաֆֆի Հովհաննիսյանին վերապահելու հարցն է, որը, կարծում եմ, լուրջ չէ. եթե սկզբունքային քաղաքական համաձայնություն ձեռք չի բերվում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ, աշխատանքային խումբ կամ հանձնաժողով ստեղծելն ընդամենը գաղափարը մեռցնելու ճանապարհ է։
Քանի դեռ կողմերը չեն հայտարարել, որ բանակցությունները ձախողված են, երկխոսությունը շարունակելու հնարավորությունը պահպանվում է։
Այնուամենայնիվ եթե արտահերթ նիստ հրավիրելու առաջարկը՝ քննարկվելիք հարցերի շրջանակը եւ ընդունվելիք հայտարարության տեքստը, հնարավոր չլինի համաձայնեցնել, ընդդիմությունը կփորձի օգտվել արտահերթ նստաշրջան հրավիրելու իրավունքից եւ ստորագրահավաք նախաձեռնել։ Արդյունքներն ինչպիսին կլինեն՝ ժամանակը ցույց կտա։
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»