Մեր եռագույնները թուրքերի եւ ադրբեջանցիների դեմ բողոքի ցույցեր անելու համար են

HratchVarjabedian2Yerkir.am-ին հայտնի դարձավ, որ այսօր Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության առջեւ բողոքի ցույցերով հանդես են գալիս ֆրանսահայ որոշ ակտիվիստներ: Բողոքի ցույցն ուղղված է Հայաստանում անցկացված նախագահական ընտրությունների եւ դրանց արդյունքների դեմ: Բողոքի ցույցին վերաբերող որոշ մանրամասներ yerkir.am-ը փորձեց ճշտել Հայ Դատի Ֆրանսիայի գրասենյակի ներկայացուցիչ Հրաչ Վարժապետյանից:

Նա մեզ հայտնեց, որ բողոքի ցույց կազմակերպողը ֆրանսահայերի նոր ձեւավորված միությունն է: Հրաչ Վարժապետյանը հայտնեց, որ ո’չ Հայ Դատի Ֆրանսիայի գրասենյակը, ո’չ ՀՅԴ Ֆրանսիայի Գերագույն Մարմինը, ո’չ Ֆրանսահայ կազմակերպությունների խորհուրդը չեն մասնակցում եւ չեն աջակցում բողոքի այս ցույցին: Հայկական այս հեղինակավոր կազմակերպությունները գտնում են, որ Ֆրանսիայի հայ համայնքի համար անչափ կարեւոր այս հանգրվանում, երբ թուրք-ազերիական ոտնձգությունների ու սադրանքի մեծ ալիք է ուղղված Ֆրանսիայի հայ համայնքի դեմ, եւ համայնքն էլ թուրք-ազերիական ոտնձգությունների դեմ պայքարի ճանապարհին գտնվում է կարեւորագույն հանգրվանում` հաշվի առնելով օրեր առաջ Սենատում Սումգայիթյան իրադարձություններին նվիրված միջոցառման ժամանակ ադրբեջանցիների սադրանքներն ու հայերի դեմ բացված դատը, նպատակահարմար չեն համարում բողոքի այս ակցիային աջակցել, առավել եւս` մասնակցել դրան:

«Հիմա այսպիսի մի ակցիան պետք է ուղղակի ծիծաղելի դառնա ֆրանսիական հանրային կարծիքի առջեւ, նման դիրքորոշումը հայության կողմից: Պարզապես, որովհետեւ զբաղված ենք այս հարցերով: Եվ Հայաստանի դեսպանատան առջեւ համախմբվել եռագույն դրոշակներով, մենք` իբրեւ Դաշնակցություն եւ իբրեւ Հայ Դատ, եւ ինչպես նաեւ ֆրանսիահայ բոլոր ծանոթ կազմակերպությունները` աջակողմյան, թե ձախակողմյան հոսանքին պատկանող, իրենց մասնակցությունը չեն բերել եւ այս հրավերին ականջ չեն դրել այս հանգրվանում` ասելով, որ այդ եռագույնները թուրքական եւ ադրբեջանական դեսպանատների առջեւ բողոքելու եւ ցույց անելու համար են, Հայ Դատի համար են եւ ոչ թե Հայաստանի դեսպանատան առջեւ հավաքվելով խայտառակ դարձնենք մեզ եւ մեր համայնքի դիմագիծը»,- yerkir.am-ին ասաց Հրաչ Վարժապետյանը:

Նա նշեց նաեւ, որ բողոքի այդ ակցիային չմասնակցելու հարցում իրենք խորքային խնդիրներ չեն դրել` ինչպես, օրինակ, արդյոք ճի՞շտ էր ընտրությունների նկատմամբ այս կամ այն դիրքորոշումը: Վարժապետյանը նշեց, որ այդ հարցերում, եթե հարցն ընթանար քննարկումների ճանապարհով, իրենք իրենց դիրքորոշումը եւս կարտահայտեին Հայաստանում անցկացված նախագահական ընտրությունների մասին, բայց Հայաստանի դեսպանատան առջեւ այսպես բացահայտորեն բողոքելու հետ իրենք համաձայն չեն:

«Եթե դա լիներ, օրինակ մի ինչ-որ հայկական սրահում` մենք մեզ հավաքվեինք ու խոսեինք, զրուցեինք այս նույն թեմայով, երեւի հնարավոր լիներ ինչ-որ բան ասել, բայց այսպես` հանրային կարծիքի առջեւ մենք մեզ խայտառակ անենք եւ Ֆրանսիայի տարածում ապրող ազերիների եւ թուրքերի առջեւ խայտառակ դառնանք, եւ ֆրանսիական մամուլն արդեն իր հայացքը մեր համայնքի վրա է ուղղել այս մի քանի օրերում` վերջին շրջանի հայտնի դեպքերի առումով, իրապես նպատակահարմար չէ եւ ծիծաղելի է: Սա է մեր չմասնակցելու պատճառը»,- պարզաբանեց Հայ Դատի Ֆրանսիայի գրասենյակի ներկայացուցիչը:

«ԵՐԿԻՐ», 8 Մարտ 2013

Տպել Տպել