ԱՄՆ կոնգրեսականները իրենց աջակցությունն են հայտնում Արցախին

reps-artsakhԱմերիկացի կոնգրեսականներ Ջուդի Չուն, Մայքլ Գրին, Դեւի Նյունսը եւ Դեյվիդ Վալադաոն հանդես են եկել Արցախյան շարժման 25-ամյակի կապակցությամբ համատեղ հայտարարությամբ եւ իրենց աջակցությունը հայտնել Արցախի ժողովրդավարական կայուն զարգացմանը: Նրանք իրենց հարգանքն են հայտնել հայ ժողովրդին, մասնավորապես` ԼՂՀ բնակիչներին, ովքեր քաջաբար պայքարում են իրենց` ինքնորոշվելու իրավունքը պաշտպանելու համար:

«Իրենց պատմության ընթացքում հայերը դաժան բարբարոսություններ են տեսել` Հայոց ցեղասպանությունից, որի ընթացքում ավելի քան մեկ միլիոն մարդ կոտորվեց մինչեւ մինչ օրս Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ոտնձգություններ: Ի լրումն այդ փորձությունների եւ տառապանքների, հայերը ստիպված եղան կրկին բարձր գին վճարել ազատության համար` Ադրբեջանում ներման է արժանացել ու հերոսացվել մարդասպան Ռամիլ Սաֆարովը, որը դաժանաբար սպանել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին»,- ասվում է հայտարարության մեջ:

Ի դեպ, ըստ «Ասպարեզի», Ադրբեջանի դեսպանատունն ամեն ինչ անում է ` ձախողելու համար մարտի 13-ին ԱՄՆ Կոնգրեսում կայանալիք` Արցախյան շարժման 25-ամյակին նվիրված միջոցառումը: Ադրբեջանի դեսպանը կոչ է արել կոնգրեսականներին` չմասնակցել այդ միջոցառմանը: Նաեւ դիմել է հրեամետ ուժերին` կոչ անելով «չենթարկվել հայամետ լոբբիստական խմբերի ազդեցությանը»:

ՀՅԴ Ամերիկայի Հայ Դատի հանձնաժմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը ի պատասխան նշել է, որ նման մեթոդներով կարելի է ալիեւյան Ադրբեջանում խեղդել խոսքի ազատությունը, սակայն Ադրբեջանի դեսպանը դեռ շատ բան պիտի սովորի, եթե կարծում է, որ սպառնալիքները կարող են ինչ-որ բան փոխել ԱՄՆ Կոնգրեսում:

«ԵՐԿԻՐ»

Տպել Տպել