«Վերադարձը մեր ակունքներին անցում կլինի դեպի պատվաբեր կյանք». Միհրան Փրկիչ Գյուլթեքին

Միհրան

2013 թ. մարտի 30-ին`ժամը 17.00-ին, Ստամբուլի «Ջեզայիր» սրահում Դերսիմի հայերի հավատքի և փոխօգնության միությունը քննարկում կկազմակերպի դերսիմահայերի վերաբերյալ: Քննարկման մոդերատորն է Իսմայիլ Հալավուրթը: Զեկույցով հանդես կգան «Ակօս» թերթի հայերեն էջերի խմբագիր Սարգիս Սերոբյանը, հետազոտող-լրագրող Այշե Հյուրը և դերսիմահայ գործարար Քայա Բաքըրը: Քննարկման ավարտին կցուցադրվի դերսիմահայ երիտասարդ ռեժիսիոր Ուղուր Էգեմեն Իրեսի՝ դերսիմցի հայերին նվիրված կարճամետրաժ ֆիլմը:   

Դերսիմի հայերի հավատքի և փոխօգնության միության նախագահ Միհրան Փրկիչ Գյուլթեքինը սույն քննարկման կապակցությամբ հարցազրույց է տվել «Ակունքին»:

Արդեն մի քանի տարի է, ինչ գործում է Դերսիմի հայերի հավատքի և փոխօգնության միությունը: Այս ընթացքում թե՛ Դերսիմում, և թե՛ Ստամբուլում տարբեր միջոցառումներ են կազմակերպել: Ձեր միությունը կարողացե՞լ է համախմբել Դերսիմի հայերին:  

Դեռևս չենք կարողացել ստեղծել միասնականություն: Ամեն օր նոր մարդիկ են սկսում խոսել իրենց հայկականության մասին: Երևում է՝ այս աշխատանքը երկար ժամանակ է պահանջում: Գնալով աճում է այն մարդկանց թիվը, ովքեր ասում են, որ իրենք ու իրենց ընտանիքները հայ են: 

Դեռևս վախի մթնոլորտու՞մ են ապրում, թե՞ կարողացել են վախը հաղթահարել: Այժմ հանգիստ խոսու՞մ են իրենց ինքնության մասին:  

Մարդիկ, որոնց հետ կարողացել ենք կապ հաստատել, մասամբ խոսում են այդ մասին: Վերջերս մի հայ կնոջ հուղարկավորության ժամանակ ականատես եղանք նման երևույթի: Ալևիական ավանդության համաձայն` թաղված կնոջ բարեկամները մեծավ մասամբ հայկական ծագում ունեին: Արդեն բարձրաձայնում են, որ չեն ցանկանում իրենց թաղման արարողությունը ջեմևիում (ալևիների աղոթատուն) անցկացնել: Սրանք այն մարդիկ են, ովքեր երեք տարի առաջ անգամ վախենում էին ինձ բարևել: Այժմ ավելի հանգիստ և երջանիկ են:

Իսկ ինչպիսի՞ն է Պոլսո հայ համայնքի վերաբերմունքը նրանց նկատմամբ:  

Այս հարցում խնդիրներ ունենք: Մեզ թույլ չեն տալիս իրենց դպրոցներում սովորել և մեր թաղման արարողակարգը եկեղեցում անցկացնել: Այս հանգամանքը վիրավորում է  մեր արժանապատվությունը: Նման դեպքում, եթե հարկ լինի, նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարան կդիմենք, սակայն պետք է ստանալ նաև մյուս կազմակերպությունների աջակցությունը: Ուզում եմ կոչ անել, որ վերանայեն դպրոց հաճախելու և եկեղեցում թաղման ծիսակարգ կատարելու ուղիներն ու կարգերը, հակառակ դեպքում ապագայում մեծ խնդիրներ կառաջանան: Չենք կարծում, որ սա վայել է քրիստոնեությանը: Հատկապես մեր կազմակերպությունների ղեկավարներին ավելի պատվաբեր ապրելու կոչ ենք անում:

Մի փոքր կպատմե՞ք Դերսիմի հայերի վերաբերյալ կազմակերպված քննարկման մասին, որը շուտով տեղի է ունենալու Ստամբուլում: 

Սա լինելու է մեր միության կազմակերպած առաջին քննարկումը: Երկու տարի շարունակ շատ հարցեր ենք ստացել մարդկանցից, սակայն չենք կարողացել բավարար պատասխան տալ մեծ մասին: Հենց այդ թերություններին և բացերին ենք մտադիր անդրադառնալ քննարկման ժամանակ: Զեկուցաբերներից մեկը, ով 1938 թ. Դերսիմում ծնված հայ գործարար է (Քայա Բաքըրը-Ակունքի խմբ.), հետաքրքիր դրվագներ է պատմելու իր կյանքից: Քրիստոնեությանն ու հայկական ինքնությանը վերադարձած 75-ամյա մի մարդ էլ, ով 1938 թ. աքսորի ժամանակ երեխա է եղել, պատմելու է 1915 թ. Ցեղասպանության վերաբերյալ պապից լսածների մասին և իր հոր պատմած` 1938 թ. ցեղասպանության մասին: Քննարկմանը զեկույցով հանդես են գալու նաև Սարգիս Սերոբյանն  ու Այշե Հյուրը: Կարծում ենք, որ սա շատ կարևոր է: Քննարկման ավարտին ցուցադրվելու է երիտասարդ ռեժիսիոր Ուղուր Էգեմեն Իրեսի՝ դերսիմահայերին նվիրված կարճամետրաժ ֆիլմը: Շատ հետաքրքիր և օգտակար քննարկում է սպասվում: Սպասում ենք բոլորին, հատկապես` դերսիմցիներին, քանզի քննարկելու ենք ինքնության վերադարձի և Դերսիմի վերաբերյալ հարցեր:

Հարցազրույցը վարեց Անահիտ Քարտաշյանը

Akunq.net

Տպել Տպել