- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Տեղական ընտրություններ՝ ընդհանուր սզբունքներով

[1]
2012 թվականի սեպտեմբերի 9-ին, Հայաստանի 5 մարզերի 483 համայնքներում տեղի ունեցան Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Նախորդող նախընտրական շրջանում արդեն իսկ բազմաթիվ խոսակցություններ եւ բացահայտումներ եղան այն մասին, որ իշխանություները վերջերս տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների օրինակով նախապատրաստվում են հերթական ընտրություններին: Այս մասին նախազգուշացրեց նաեւ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը՝ ընտրություններից 5 օր առաջ ընդունած հայտարարությամբ:

Հայտարարության մեջ մասնավորապես ասվում էր. «Ազգային ժողովի` բնույթով հակաժողովրդավարական ընտրություններից հետո այժմ էլ փորձ է արվում նույն մեթոդների գործադրմամբ ՏԻՄ ընտրություններ անցկացնել։ Կրկին գործի է դրվել յուրայիններին ամեն գնով աջակցող պետական-իշխանական ապարատի ողջ զինանոցը։ Թանձրացող թշնամանքի և անհանդուրժողականության մթնոլորտը, շիկացող կրքերը, ահաբեկումներն ու ճնշումները ի չիք են դարձնում քաղաքակիրթ ընտրությունների անցկացման հնարավորությունը»։

Հիշատակված երեւույթի ցայտուն օրինակն էր Կապան քաղաքում տեղի ունեցածը, երբ իշխանական ու ուժային կառույցների կողմից ճնշումների, հասարակությանը ներքին պառակտման տանելու գնով, Հանրապետական կուսակցության թեկնածուի բոլոր մրցակիցներին պարտադրվեց ինքնաբացարկ հայտնել եւ դուրս գալ ընտրապայքարից: Այդ թվում անմաքուր մեթոդներ կիրառվեց գործող քաղաքապետ, ՀՅԴ անդամ թեկնածուի նկատմամբ, որն էլ հայտարարությամբ բացահայտեց տեղի ունեցածը: Ուշագրավ է, որ միայնակ մնացած հանրապետական թեկնածուին դեմ քվեարկեցին 6000 ընտրողներ:

Եթե նկատի ունենանք, որ Հայաստանում սովորաբար դժգոհ զանգվածը հրաժարվում է մասնակցել ընտրությունների, ապա այս 6000 ձայնը այլ բանի մասին չի վկայում, քան տեղի ունեցածի հանդեպ մարդկանց բողոքը: Նախընտրական գործընթացների առանցքում էր հայտնվել նաեւ Գյումրու քաղաքապետի ընտրությունը: Այստեղ առաջադրված 4 թեկնածուների շարքում մրցակցությունն, ըստ էության ընթանում էր Հանրապետական կուսակցությանը պաշտպանած Բարգավաճ Հայաստան կուսակցության թեկնածու՝ Սամվել Բալասանյանի եւ ՀՅ Դաշնակցության թեկնածու՝ Հովսեփ Սիմոնյանի միջեւ:

Իշխանության ձեռքի ուղղորդմամբ սկսված մրցարշավը եզրափակվեց բազմաթիվ օրինախախտումներով, բացահայտված ընտրակաշառքի երեւույթներով ուղեկցվող ընտրությամբ: Նպատակ չունենալով մանրամասնորեն անդրարդառնալ տեղի ունեցածի մանրամասներին ցանկանում ենք ուշադրություն հրավիրել հետեւյալ հանգամանքի վրա: Չնայած ամեն ինչին, երկրորդ տեղը գրաված Դաշնակցության թեկնածու Հովսեփ Աղաջանյանի օգտին ձայն տվեցին 10401 ընտրողներ՝ այն դեպքում երբ ընդամենը 4 ամիս առաջ նույն Գյումրի քաղաքում Դաշնակցության օգտին արձանագրած քվեն եղել էր 2498-ը:

Ողջ Շիրակի մարզի հաշվարկով ՀՅԴ-ի ձայները եղել էին ընդամենը 5976-ը: Չորս ամսվա ընթացքում ինչպե՞ս եւ ինչո՞ւ աճեցին այս թվերը մնում է ենթադրություններ կատարել: Ի դեպ կարծում ենք արժե նշել նաեւ, որ քաղաքապետի ընտրություններին մասնակցող մյուս երկու թեկնածուները հավաքեցին երկրորդ տեղը գրաված ընդդիմադիր թեկնածուից 8.000-ով պակաս ձայն:

Իշխանության «գործնական ուշադրության» պայմաններում ՀՅԴ թեկնածուն գործող քաղաքապետից քիչ ձայներ հավաքեց նաեւ Սիսյան քաղաքում: Պետք է նշել, որ, ի տարբերություն քաղաքների, «վերեւների» ճնշումը համեմատաբար մեղմ էր գյուղական համայնքներում: Այստեղ ՀՅԴ թեկնածուներից պարտություն է կրել միայն մեկը: Փոխարենը ընտրվել են նաեւ բազմաթիվ ավագանու թեկնածուներ, ինչպես եւ համայնքապետերի համակիր թեկնածուներ:

Սեպտեմբերի 10-ին ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը ՏԻՄ ընտրությունների առիթով պատասխանելով Yerkir.am կայքի թղթակցի հարցերին ասել է հետեւյալը. Նախ ցավալի է մասնակցության աստիճանը: «Ինչ-որ տեղ սա նաեւ տրամաբանական չէ: ԱԺ ընտրություններին ավելի շատ են մասնակցում, նախագահականին՝ էլ ավելի: Իհարկե, մի կողմ թողնելով դրանց իրականությանը համապատասխանելիությունը, ցավալի է, որ մեր քաղաքացիները շատ ավելի պասիվ են այն իշխանության ընտրության հարցում, որն անմիջականորեն իրենց է վերաբերում: ցածր մասնակցությունը խոսում է նաեւ նրա մասին, որ մեր քաղաքացիների զգալի մասը վերջնականապես համոզվում է, որ իր ձայնը որեւէ բան չի որոշում, եւ իր մասնակցությունն իմաստ չունի Դիտելով մի քանի ՏԻՄ ընտրություններ, ակնհայտ է, որ կա «նույն հիվանդությունը», ինչ ԱԺ ընտրությունների ժամանակ` վարչական ռեսուրսի լիակատար օգտագործում, ընտրակաշառք: Բայց,մյուս կողմից, գոնե համեմատաբար խաղաղ եւ նորմալ անցան»:

Դաշնակցությունը պատրաստվում է պայքարելու նաեւ Սեպտեմբերի 23-ին տեղի ունենալիք Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում: