Հալեպում զինյալները փորձել են ներթափանցել հայկական թաղամասեր. մի քանի հայեր են վիրավորվել

aleppo4 Անցնող մի քանի օրերին Հալեպում բուռն բախումներ են ընթացել Սիրիայի կառավարական ուժերի ու զինյալների միջեւ, եւ դրանք մոտեցել են հայկական թաղամասերին: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Բերիո թեմի ազգային առաջնորդարանի մամուլի քարտուղար Ժիրայր Ռեյիսյանը` ավելացնելով, որ բախումներն ընթանում էին մասնավորապես Շայխ Մախսուդ թաղամասում, որը բավական մոտ է հայկական թաղամասերին: Այն հիմնականում քրդերով է բնակեցված, այնտեղ նաեւ քիչ թվով հայեր կան: Տեղի հայերը, անվտանգության նկատառումներից ելնելով, տեղափոխվել են այլ շրջաններ: Հալեպահայ շտապօգնության մարմինը փորձում է հնարավորինս հոգ տանել նրանց մասին:

Ռեյիսյանը նաեւ տեղեկացրեց, որ այս օրերին զինյալները փորձել են ներթափանցել հայկական թաղամասեր, մի քանի ռումբեր են պայթել հայկական թաղամասերում: Պայթյունների հետեւանքով մի քանի հայեր են վիրավորվել: Բարեբախտաբար, նրանք լուրջ վնասվածքներ չեն ստացել: Վտանգ կա, որ հայկական թաղամասերը կարող են բախումային շրջանների վերածվել:

«Ապրիլի 1-ին, երբ մարդիկ սովորաբար մեռելոցին գերեզմանատուն են գնում, այս տարի դա տեղի չունեցավ, քանի որ շրջանը թեժ բախումային շրջան էր համարվում, նրանք միայն մասնակցեցին եկեղեցական արարողությանը»,- նշեց մամուլի քարտուղարը:

Բացի դրանից, Հալեպն արդեն 4-5 օր է հոսանքազրկված է, որոշ թաղամասերում աղբահանության խնդիրներ կան: Մարդիկ փորձում են իրենց միջոցներով աղբը հավաքել, որպեսզի հիվանդությունների պատճառ չդառնա:

ՄԱԿ-ի տվյալներով` Սիրիայում արդեն երկու տարի շարունակվող բախումների հետեւանքով զոհերի թիվը գերազանցում է 70 հազարը, այդ թվում` զոհված հայերի թիվը մոտ է հինգ տասնյակին: Ինչ վերաբերում է երկու տարվա ընթացքում երկրից հեռացած սիրիացիներին, ապա նրանց թիվը հարեւան երկրներում գերազանցել է մեկ միլիոնը:

ԱՐՄԵՆՊՐԵՍ

Տպել Տպել