[1] Սպանության հարցով կան ձերբակալվածներ:
ՀՀ ոստիկանության տեղեկատվության համաձայն Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության գործով ձերբակալվել են երեք անձիք:
Կասկածյալները կալանավորվել են այսօր լուսադեմին` ժամը 02:00-ի սահմաններում:
Համաձայն ոստիկանության Հաղորդագրության ` «նախաքննության շրջանակներում հարցաքննվել են մի քանի տասնյակ անձինք, կատարվել են քննչական համալիր փորձարարություններ եւ դեպքի վայրի լրացուցիչ զննություն: Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների փոխգործակցված միջոցառումների արդյունքում հանցագործությունը կատարելու կասկածանքով կան ձերբակալվածներ: Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական եւ քննչական միջոցառումներ սպանության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու նպատակովե:
Նախօրեին՝ երեկոյան, ոստիկանությունը, դատարանի որոշմամբ, խուզարկություններ էր իրականացրել միանգամից 17 քաղաքացու բնակարանում։ Բերման ենթարկվելուց հետո նրանք ազատ էին արձակվել, որից հետո միայն երեք հոգու կալանավորել են՝ առայժմ 72 ժամով։
Հիշեցնենք, որ Հրաչ Մուրադյանի դին հայտնաբերել էին ապրիլի 2-ին՝ առավոտյան: Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել էր, որ Հրաչ Մուրադյանը մահացել է աջ քունքի շրջանում ստացած հրազենային վնասվածքից: Բոլոր հիմքերը կան պնդելու, որ գյուղապետի վրա կրակել են ՏՕԶ տեսակի հրազենով: Ի դեպ, պարկուճի բացակայությունը շատ փորձագետների հիմք է տալիս ասելու, որ տեղի ունեցածը քիլլերային հարձակում է:
Հրաչ Մուրադյանի հոգեհանգստի արարողությունն այսօր է` ժամը 18:00-ին` Պռոշյան գյուղում։ Հուղարկավորությունը՝ հաջորդ օրը` ապրիլի 5-ին, ժամը 14:00-ին` Պռոշյանի պանթեոնում։
Միաժամանակ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները հանդես են եկել եւս մեկ նախաձեռնությամբ. այսօր երեկոյան` ժամը 20:00-ին, Ազատության հրապարակում կայանալու է մոմավառություն` ի հիշատակ դավադրաբար սպանված ազատամարտիկի։Մոմավառության ընթացքում կցուցադրվի Հրաչ Մուրադյանին նվիրված ֆիլմ: