[1]Պռոշյանում երեկ կայացել է համայնքի ղեկավար Հրաչ Մուրադյանի հոգեհանգստյան արարողությունը: Հուղարկավորությունն՝ այսօր է, ժամը 14:00-ին, Պռոշյանի պանթեոնում։
Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների նախաձեռնությամբ երեկ երեկոյան, ժամը` 20:00-ին “Ազատության” հրապարակում մոմավառություն է կազմակերպվել՝ ի հիշատակ ազատամարտիկ Հրաչ Մուրադյանի։
Պռոշյանում Արցախյան ազատամարտի տարիներին իրենց խիզախ զավակներին հրաժեշտ տալու բազում արարողություններ են եղել։ Նույն սգավոր դեմքերով հազարավոր մարդիկ հավերժի ճամփա են ուղեկցել Հրաչի զինակից, լեգենդար Պետրոս Ղեւոնդյանին, Արտակ Գրիգորյանին, Ազնավուր Հովհաննիսյանին ու այլ հերոսների։ Պռոշյանցիները միշտ ցավ են ապրում, որ չկարողացան նման հրաժեշտ տալ Կարոտ Մկրտչյանին, ով անհետ կորավ մարտի դաշտում։
Սակայն այժս Պռոշյանում ցավն ավելի ցավոտ է։ Հրաչ Մուրադյանը՝ այդ բոլոր ազատամարտիկների անդավաճան զինակիցը, չսպանվեց ճակատային մարտում, մարտական դիրքերում։ Նա նահատակվեց ներքին թշնամու ձեռքով։
Հրաչ Մուրադյանի հարազատները, մարտական ընկերները, համագյուղացիների եւ պարզապես հազարավոր շարքային քաղաքացիներ եկել էին իրենց հարգանքի տուրքը մատուցելու Հրաչ Մուրադյանին։ Բոլորին մեկ հարց էր հուզում՝ ո՞ւմ էր ձեռնտու նրա սպանությունը։ Համագյուղացիները պահանջում են լիարժեք բացահայտել եւ պատժել իրական մեղավորներին։
Ի դեպ, հոգեհանգստի արարողությանը չէր համարձակվել ներկայանալ Պռոշյանի տարածաքային համակարգի ղեկավարը՝ Կոտայքի մարզպետ Կովալենկո Շագալդյանը, ով նախօրեին մի շարք անհարգալից արտահայտություններ էր արել մամուլում։ Մարզպետին հանգուցյալի ընտանիքի ու ընկերների անունից զգուշացրել էին, չհամարձակվել գյուղ գալ։ Միջադեպերից անհնար կլինի խուսափել։
Պատահական չէր` “Ազատության” հրապարակում էին արդարությունը վերականգնելու պահանջով հավաքվել բազում քաղաքացիներ: Այս հրապարակում ազատության կոչն էր հնչել, այս հրապարակից էին վերջին հրաժեշտը տվել բազում հայ նահատակների։ Հրաչն էլ “Միացում” բացականչողներից, այդ միացման համար մարտնչածներից ու ցավոք, շատ մարտական ընկերների կորուստը տեսածներից էր։ 2005 թվականից պայքարում էր հերոսներ ծնած Պռոշյանցու հոգսը թեթեւացնելու, արժանապատիվ կյանքով ապրելու համար: Հրաչը ողջ մնաց պատերազմի տարիներին եւ սպանվեց խաղաղ պայմաններում՝ հայրենի գյուղում:
Այս ամենը անպատժելիության արդյունք է: Արդարություն։ Այս պահանջը միավորել է բոլորին։ Արդարության համար նրանք մարտնչեցին, արդարության համար հիմա պայքարում են։ Արդարության պահանջատերներ միշտ կան։
yerkirmedia.am