[1] ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանն, այսօր պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչո՞ւ ՀՅԴ պատգամավորներն ապրիլի 9-ին ժողովրդի կողքին չէին, ասաց, որ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուսատմյանի՝ հարթակից նախկինում հնչեցված հայտարարություններում առաջարկվել էին լուծումներ, որոնք, սակայն, չընդունվեցին:
«Մենք առաջարկել էինք լուծում, որպեսզի այս սցենարը չլիներ: Ցավալիորեն, ով պատասխանատու է շարժման համար, չլսեցին մեզ: Հիմա Դաշնակցությունն էլ որտե՞ղ լիներ»,- նշեց Մինասյանը:
Երեկվա իրադարձություններին հետևելով՝ Արծվիկ Մինասյանը եզրակացրել է՝ ճիշտը Դաշնակցությունն էր:
«Վերցրեք և ընթերցեք Դաշնակության հայտարարությունները, ելույթները՝ քաղաքական միասնական օրակարգն է ելքը: Ոչ մի ուրիշ տարբերակ չկա: Կամ հիասթափությունն է մյուս ճանապարհը, կամ բախումներն ու անիմաստ վնասվածքները»,- ասաց նա:
Արծվիկ Մինասյանը խուսափեց գնահատական տալ Րաֆֆի Հովհաննիսյանի երեկվա արարքին՝ նշելով, որ հետագայում մանրամասն կանդրադառնան:
ԱԺ նիստում, որին մասնակցում է նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդիրասյանը, Արծվիկ Մինասյանն օմբուդսմենին հորդորեց առանձին անդրադառնալ երեկվա իրադարձություններին:
Նա նշեց, որ երեկ առանձին դրվագներում ակնհայտ էին նաև ոստիկանության ոչ համաչափ գործողությունները, չնայած ոստիկանության գործելաոճը նման դեպքերում էական առաջընթաց է արձանագրել:
Արծվիկ Մինասյանը նշեց, որ նման դեպքերը մեր երկրում անխուսափելի են: Հետևաբար, ըստ նրա, պետք է ճիշտ ելքը գտնել: «Ճիշտ ենք մենք, երբ պնդում էինք, որ ելքը ընդդիմություն-իշխանության քաղաքական միասնական օրակարգի ձևավորումն է»,- ընդգծեց նա:
«ԼՐԱԳԻՐ»
Խորհրդարանական ուժերը մեկնաբանում են ապրիլի 9-ի իրադարձությունները
Դաշնակցական Արծվիկ Մինասյան. Չնայած իրավապահների «որոշակի անհամաչափ գործողություններին», ոստիկանության քայլերում ընդհանուր առմամբ առաջընթաց է նկատել. – «Ի տարբերություն նախկիններում, ոստիկանությունն այս անգամ կազմակերպված եւ օրենքներով էր գործում: Եվ դա դրական զարգացում ես դիտում եմ»:
Հարցին, թե ինչու Դաշնակության ղեկավարները երեկ Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին չէին, Մինասյանը պատասխանեց, թե իրենք գործողությունների ծրագիր են ակնկալում, որով իշխանությանը հնարավոր կլինի ստիպել կոնկրետ զիջումների գնալ. – «Երեկվա միջադեպն էլ ցույց տվեց, որ մեր առաջարկած ճանապարհը ճիշտ ճանապարհ է: Հնարավոր չէ միակողմանի ակցիաներ իրականացնելու միջոցով հասնել ինչ-որ արդյունքի»:
«Որքան էլ մենք կարողացել ենք համագործակցություն ձեւավորել «Ժառանգության» հետ, այնուամենայնիվ, ճշմարտությունն ավելի մեծ է, ավելի բարձր է: Այլեւս իրավունք չկա հասարակությունը տանել նման ծայրահեղ գործությունների», – իր մտահոգությունը հնչեցրեց Մինասյանը:
«ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ»