[1]ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը չի կարող ասել, թե ինչով կարող է պայմանավորված լինել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ՝ երկրի 2014թ. բյուջեի նախագծում Հայաստանին հատկացվելիք տնտեսական օգնությունը մոտ 40 տոկոսով կրճատելու առաջարկը։
Tert.am-ի հետ զրույցում ի պատասխան հարցի, թե այս մասին հայտարարությունը տարածելուց հետո ի՞նչ քայլեր են արվում, վերջինս ասաց. «Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը մեզնից ցուցմունք ակնկալելու խնդիր չունի, և ինքն արդեն գործում է, որ այդ կրճատումը հնարավորինս քիչ լինի: Եվ իրենք այնտեղ հանդիպումներ անցկացնում են» ,- Tert.am-ին հայտնեց ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:
Հիշեցնենք, որ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի տարածած մամուլի հաղորդագրության համաձայն, եթե ԱՄՆ Կոնգրեսը (օրենսդիր մարմինը) հաստատի այդ նախագիծը, ապա դա կլինի 1988թ. Սպիտակի երկրաշարժից ի վեր Հայաստանին տրված ամենաքիչ տնտեսական օգնությունը, այն դեպքում, երբ նախագահ Օբաման պաշտոնը ստանձնելիս խոստացել էր պահպանել Հայաստանին հատկացվող օգնության չափը, բարելավել երկկողմանի առևտրային հարաբերությունները և ավելացնել ներդրումների ծավալը:
tert.am