Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն այս տարի առաջին անգամ կոգեկոչվի նաև Դերսիմում

Dersim-24- Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակն այս տարի կոգեկոչեն նաև Դերսիմում:

Ինչպես «Ակունքին» հայտնեց Դերսիմի հայերի հավատքի և սոցիալական փոխօգնության միության նախագահ Միհրան Փրկիչ Գյուլթեքինը, իր կազմակերպությունն այս տարվա ապրիլի 24-ին նախատեսում է Դերսիմում հանդես գալ մամլո հաղորդագրությամբ: Միջոցառումը կիրականացվի Դերսիմ քաղաքի Սեյիդ Ռըզա այգում:

Գյուլթեքինն «Ակունքին» տված հարցազրույցում նաև ասաց. «Մենք, թերևս, առաջին անգամ այնտեղ հայկական ինքնությամբ հանդես գալով` Ցեղասպանության վերաբերյալ մամլո հաղորդագրություն կտարածենք: Ըստ էության, խոսքը գնում է սեփական մայրենի հողում սեփական մշակույթից հարյուրամյա վտարման մասին, որի տարբեր հոգեբանական ազդեցությունները կրում ենք ներկայում:

Մենք, որպես կազմակերպություն, մեր առաջ հետևյալ նպատակն էլ ենք դրել. Ցեղասպանության 100-րդ տարելիցին այնտեղ կիրականացնենք նաև ոգեկոչման արարողություն:

Մենք այս տարվա միջոցառմանը կառաջարկենք մասնակցել միայն ժողովրդավարական և քաղաքացիական հասարակական կազմակերպություններին: Մենք համատեղ ենք ապրել այս հողերում, միասին ենթարկվել քամահրանքի և կոտորածի… Նույնն են մեր ցավը և ուրախությունը: Նույն բանի համար ենք ուրախանում, նույն բաների պատճառով` տխրում: Մենք զգացմունքային առումով միասնական ենք: Կարծում եմ, որ նրանք տեր կկանգնեն այդ միասնականությանը: Սույն միջոցառումը կհաղթահարի այն անզգայությունը, որ առկա է Արևելյան և Արևմտյան Հայաստանների միջև, կամրապնդի մեր միասնականությունը, կապահովի մեր եղբայրությունը, որը բխում է նույն ազգից ծագելու փաստից, և համատեղ ապրելու նպատակ կունենա:

Այս տարվա միջոցառումը կլուսաբանվի “France-Presse” ֆրանսիական լրատվական գործակալության կողմից: Միջոցառման մասին կտեղեկացնենք նաև տեղական լրատվամիջոցներին»:

Գյուլթեքինը հույս հայտնեց, որ միջոցառումը լուսաբանելու նպատակով Դերսիմ կուղևորվեն նաև հայաստանյան լրատվամիջոցները:

Մելինե Անումյան
Akunq.net

Տպել Տպել