[1]Ամերիկայի Հայ Դատի գրասենյակը հայտնում է, որ ԱՄՆ Կոնգրեսական Ադամ Շիֆը նամակ է հղել նախագահ Օբամային ՝ կոչ անելով ճանաչել Հայոց Ցեղասպանությունը:
Իր նախագահության շրջանում Օբաման ամեն տարի ելույթ է ունենում 20-րդ դարի առաջին ցեղասպանության հերթական տարելիցի կապակցությամբ, սակայն ամեն անգամ խուսափում է «ցեղասպանություն» բառը գործածելուց: Օբամային հասցեագրած նամակում Շիֆը նշել է.
«Ես Ձեզ կոչ եմ անում այս տարի՝ ապրիլի 24-ին Ձեր ամենամյա ելույթի ժամանակ, ճանաչել Հայոց Ցեղասպանությունը եւ անվանել այն ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ, դրանով իսկ ճանաչել բոլոր անմեղ զոհերին, ինչպես նաեւ անհայտ կորածների ժառանգներին, եւ նրանց ովքեր պետք է շարունակեն ապրել անարդարության եւ ցավի մեջ՝ այն ժխտելու դեպքում»:
Որպես սենատոր՝ Դուք հաճախ եք Օսմանյան կառավարության կողմից իրականացված հայերի զանգվածային սպանությունները որակել որպես ցեղասպանություն, ինչի հետ համակարծիք է պատմաբանների մեծ մասը, այդ թվում նաև մի շարք հայտնի թուրք պատմաբաններ:
Հայոց ցեղասպանությունը ճանաչվել է աշխարհի բազմաթիվ երկրների կառավարությունների և ԱՄՆ-ի մի շարք տեղական (նահանգային) իշխանությունների կողմից»: