[1]Տիգրան Սարգսյանին վարչապետի պաշտոնում վերնշանակումը քաղաքական մեծամասնության որոշելիքն է, սակայն ԱԺ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի համոզմամբ՝ Տիգրան Սարգսյանի թիմը պատրաստ չէ հիմնարար բարեփոխումների:
Tert.am –ի հետ զրույցում, անդրադառնալով նոր կառավարության ղեկավարի նշանակմանը, նա նշեց, որ ՀՅԴ–ն արտահայտել է իր վերաբերմունքը նախորդ երկու կառավարությունների նկատմամբ։
«Եվ, բնականաբար, որևէ այլ վերաբերմունք չէր կարելի սպասել։ Մենք գտնում ենք, որ երկրի սոցիալ-տնտեսական կյանքը վատթարացել է ներկա կառավարության օրոք և որ այս թիմը պատրաստ չէ երկրում հիմնարար բարեփոխումների»,– ասաց նա:
ՀՅԴ–ական պատգամավորը նշեց, որ մնացած հարցերի պատասխանը, մասնավորապես, թե ինչու է իշխող մեծամասնությունը որոշել, որ «այս տարբերակով պետք է շարժվի», պետք է ակնկալել Հայաստանի Հանրապետական կուսակցությունից, այլ ոչ թե Դաշնակցությունից:
Հիշեցնենք, որ ըստ պաշտոնական տեղեկատվության՝ վարչապետին վերանշանակելուց առաջ Սերժ Սարգսյանը, համաձայն սահմանադրական պահանջների, հանդիպեց ԱԺ խմբակցությունների հետ՝ խորհրդակցելով վարչապետի նշանակման հարցով:
Ի պատասխան հարցի, թե ո՞րն է եղել ՀՅԴ դիրքորոշումը, Արծվիկ Մինասյանն ասաց.«Նախագահի հետ հանդիպմանը ներկայացվել է մեր տեսակետը, և հատկապես ներքին կյանքի վերաբերյալ, և ասվել է, որ մենք դեմ ենք իշխանության այս գործողություներին, որովհետև սրանով լուրջ փոփոխություններ, որոնք կբերեն տնտեսական և սոցիալական բարեփոխումների, տնտեսական մենաշնորհը ջարդելուն, ազատ տնտեսական մրցակցության պայմաններ ապահովելուն, և որ ամենակարևորն է՝ ընդդիմությանը դերակատար դերին երկրի զարգացման գործընթացներում, չեն կարող լինել: Եվ քանի դեռ այս մոտեցումը չկա, չենք կարող ողջունել նման քայլը»:
Արծվիկ Մինասյանը հույս ունի, որ իշխանությունն ընդդիմությանը, ի վերջո, կտա վերահսկողական լծակներ, ինչը, ըստ նրա, առայժմ մերժվում է: Ի պատասխան հարցի, թե հնարավո՞ր է, որ Դաշնակցությունը կոալիցիա կազմի և, ի վերջո, առաջարկ եղե՞լ է, դաշնակցական պատգամավորը արձանագրեց, որ իրենք ասել են, որ միասնական քաղաքական օրակարգ նշանակում է, որ ընդդիմությունը և իշխանությունը արմատական փոփոխությունների շուրջ ունեն նույն մոտեցումներ, բայց դա երբեք չի նշանակում կոալիցիա։
Ըստ պատգամավորի՝ դա նշանակում է, քաղաքակիրթ և կազմակերպված երկրի իշխանություն, որտեղ ընդդիմությունն իր վերահսկողությունն է իրականացնում, իսկ իշխանությունն իր գործողություններն է ձեռնարկում։
«Եվ ընտրությունից ընտրություն ընտրողները կտեսնեն, որ ընդդիմությունը կարողանում է պատշաճ վերահսկողություն իրականացնել … Կոալիցիոն համաձայնության մասին չի խոսքը, և երբեք որևէ ընդդիմություն չի կարող կոալիցիոն համաձայնության մեջ մտնելով, ընդդիմություն դառնալ։ Սա աբսուրդ է և մենք չենք պատրաստվում նման վարքագիծ դրսևորել»,- մանրամասնեց Արծվիկ Մինասյանը։
tert.am