[1]Կանադայի Հայ դատի հանձնախումբը (ANCC) ներկայացրել է Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումների ցանկը, որոնք տեղի կունենան առաջիկա վեց օրերի ընթացքում:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Կանադայի Հայ դատի հանձնախմբի տարածած հաղորդագրությունը, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ոգեկոչման արարողություններ տեղի կունենան Մոնրեալում, Լավալում, Օտտավայում, Տորոնտոյում, Քեմբրիջ, Համիլթոնում, Սանկտ Քաթերինայում և Վանկուվերում:
«Յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին կանադահայերը և աշխարհի ողջ հայությունը նշում է օսմանյան թուրքերի կողմից հայ բնակչության դեմ իրականացված ցեղասպանության ակտերի հիշատակը: Մենք նաև ոգեկոչում ենք ցեղասպանությունը վերապրածների տոկունությունն ու հայ ժողովրդի հավաքական ուժը, որի շնորհիվ մեր ժողովուրդը չվերածվեց սոսկ պատմության ծանոթագրության», – նշել է ANCC նախագահ դոկտոր Ժիրայր Բասմաջյան:
Մինչ օրս Թուրքիայի Հանրապետությունը` Օսմանյան կայսրության օրինական իրավահաջորդը, շարունակում է ժխտել Հայոց ցեղասպանությունը` չնայած պատմական և գիտական ճնշող ապացույցներին, որ վկայում են Օսմանյան կայսրության կողմից իրականացված համակարգված էթնիկ զտումների մասին:
«Ցավալի է, որ Թուրքիայի կառավարությունը ակտիվորեն շարունակում է ապատեղեկատվության տարածման, քաղաքական շանտաժի եւ ժխտման իր ակցիաները: Նման քաղաքականությամբ Թուրքիան ներկայանում է որպես փոքրոգի և անկատար ազգ` հատկապես Կանադայում, ուր լավ տեղեկացված քաղաքական գործիչներն ու գիտնականները հրմնվում են փաստերի եւ ճշմարտացիության վրա»,- հայտարարել է դոկտոր Բասմաջյանը:
Հայոց ցեղասպանությունը Կանադայի պալատի կողմից պաշտոնապես ճանաչցել է 2004 թվականին, Կանադայի Սենատի կողմից` 2002 թվականին և Կանադայի կառավարության կողմից` 2006 թվականին: Քվեբեկի, Օնտարիոյի և Բրիտանական Կոլումբիայի մարզերը, ինչպես նաև Մոնրեալ եւ Տորոնտո քաղաքները հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագծեր կամ բանաձևեր են ընդունել: Վերջերս կանադական Մարդու իրավունքների թանգարանը հայտարարել է, որ բացվելուց հետո Հայոց ցեղասպանությանը նվիրված մշտական ցուցադրություն կունենա:
armenpress.am