[1]Երեւանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում ՀՅԴ քարոզչական խումբն այսօր հանդիպում էր կազմակերպել Շենգավիթի վարչական շրջանում՝ Խարբերդի ընտրողների հետ: ՀՅԴ անդամները առաջին անգամ չէ, որ այստեղ են, նախորդ տարիներին ունեցած հանդիպումներում բնակիչների հայտնած բազմաթիվ դժգոհություններ կուսակցության ներկայացուցիչները բարձրացրել են Երեւանի քաղաքապետարանի եւ կառավարության առջեւ՝ որոշակի լուծումներ արձանագրելով: Սակայն այդ լուծումներն ավելի փոքր են եղել, քան խնդիրների կուտակման արագությունը:
«Որոշ խնդիրնր լուծվել է, նույն տրանսպորտի հարցը, որ Ձեզ միշտ անհանգստացրել է, որոշ հարցեր լուծման ճանապարհին են, բայց լուրջ ու մեծածավալ խնդիրները դեռեւս մնում են չլուծված: Հասել է ժամանակը, որ այն, ինչ չկարողացանք անել ԱԺ-ի մեր միջնորդական հնարավորություններով, անենք անմիջական կերպով՝ ունենալով ավագանի, քաղաքապետ»,- հանդիպման ժամանակ ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ, ՀՅԴ ավագանու ցուցակը գլխավորող Արմեն Ռուստամյանը: Նրա խոսքերով, Երեւանում քաղաքային իշխանության փոփոխումը անչափ կարեւոր է. «Այն, ինչ այօր գոյություն ունի, այդ ցավերի, դժվարությունների, չլուծված խնդիրների մի մասը նրանով է պայմանավորված, որ կառավարություն-քաղաքապետարան հակակշռում չկա, քաղաքապետարանը կրկնում է այն, ինչ ասում է կառավարությունը, չկա իշխանություններին հակակշռում եւ զսպում, եւ քաղաքացիների շահերը մնում են անպաշտպան: Այս ամենը կփոխի ըննդիիմադիր քաղաքապետը, որովհետեւ Դուք հենարան եք, եւ նա ամեն ինչ անելու է, որ իր հնարավորությունները ճիշտ իրականացնի»:
Այդ լիազորությունը, ըստ Արմեն Ռուստամյանի, քաղաքապետը չի իրականացնում, քաղաքացու շահերը չի պաշտպանում որեւէ գերատեսչության առաջ. «Դա տեղի չի ունենա, եթե նորից գնանք եւ պաշտպանենք նույն մենիշխանությունը: Նախագահը նույն կուսակցությունից, կառավարության մեծամասնությունն ու վարչապետը նույն կուսակցությունից, ազգայն ժողովի նախագահը նույն կուսակցությունից: Այս վիճակը քանի չի փոխվել, քանի դեռ նույնացած են իշխող կուսակցությունն ու պետությունը, լուրջ ակնկալիքներ ունենալ հնարավոր չէ»:
ՀՅԴ նախընտրական ծրագիրը, Արմեն Ռուստամյանի խոսքերով, խորքային բարեփոխումների ուղեցույց է, եւ կուսակցությունը կարող է լրջորեն փոխել քաղաքի ներկա պատկերը, եթե ունենա վստահության քվե. «Կազատվենք այս մենիշխանությունից, կազատվենք այս վիճակից, որ ժողովուրդը օտարաված է իշխանությունից եւ կունենանք այն կառավարությունը, որը կծառայի ժողովրդին: Յուրաքանչյուր թաղամաս կզգա փոփոխությունը: Կտեսնեք վերափոխված համայնք ու Հայաստան: Այս վստահությամբ ենք գնում դեպի ընտրություններ, եւ ճիշտ հակառակ տրամադրություն են ստեղծում իշխանությունները՝ ասելով, թե կենցաղսպասարկման խնդիրներից այն կողմ չպետք է դիտել այս ընտրությունների նշանակությունը: Ինչպես գյուղապետ ենք ընտրում, այնպես էլ՝ քաղաքապետ: Ո՞ւր էր, գոնե դա աներ, զբաղվեր կենցաղսպասարկման հարցերով, այսքան պրոբլեմ Ձեզ մոտ եւ Երեւանում չէր լինի»,- ասաց Արմեն Ռուստամյանը եւ կոչ արեց գալիք ընտրությունները դիտել իշխանություններից ազատվելու եւս մեկ հնարավորություն. «Եթե դժգոհ եք, իսկ մեր ժողովրդի 80-90 տոկոսը դժգոհ է, ուրեմն գնացեք՝ «ոչ» ասեք այս իշխանություններին: Այս ընտրությունները վերածենք իշխանություններին անվստահության հանրաքվեի»:
Եթե քաղաքացիները անհրաժեշտ են համարում փոփոխությունները, ապա, ըստ քաղաքապետի թեկնածուի, պետք է ընտրեն Դաշնակցությանը:
ՀՅԴ-ն խոստանում է հնգապատկել Երեւանի բյուջեն:
«Այսօր Երեւանի բյուջեի մուտքային մասը 80 միլիարդ դրամ է՝ շուրջ 200 միլիոն դոլար: Իհարկե, Դուք Խաբերդում չեք զգացել դրա չափը: Ոչ միայն ծախսումներն են անարդյունավետ, մենք ասում ենք, այսօր հնարավրություն կա 4 տարում հնգապատկել այս բյուջեն, հասցնել մեկ միլիարդ դոլարի, եւ յուրաքանչյուր բնակիչ իր կենսամակարդակի, ընտանիքի կենսամակարդակի եւ բնակավայրի վրա կտեսնի: Մենք ցույց ենք տվել նաեւ աղբյուրը»:
Շարունակելով ծրագրային դրույթների ներկայացումը, Արծվիկ Մինասյանը շեշտեց, որ Երեւանի քաղաքապետի առաջին անելիքը պետք է լինի աշխատատեղերի, ինչի համար պատասխանատվություն չի ունեցել որեւէ քաղաքքապետ: «Դաշնակցական քաղաքապետը պետք է վերցնի այդ պատասխանատվությունը եւ անընդհատ հաշվետվություն ներկայացնի, յուրաքանչյուր եռամսյակում որքան աշխատատեղ է ստեղծվել, որքան նպաստառու են նպաստ ստացել, ինչպիսի պրոբլեմ ունի քաղաքացին»,- ասաց Արծվիկ Մինասյանը: Նա նաեւ կառավարեց մայրքաղաքի կառավարման գործում քաղաքացու դերը, որն այժմ անտեսված է. «Մենք պնդում ենք, որ ցանկացած սկզբունքային հարց պետք է դրվի հանրաքվեի: Երեւանում պետք է ժողովուրդը անմիջական մասնակցություն ունենա այդ որոշումներին, այլ ոչ թե Երեւանի գեղեցիկ սարքված քաղաքապետարանում նստած՝ 65 ավագանին որոշեն, եւ ավարտվի ամեն ինչ: Ոչ, սա Ձեր բնակավայրն է, բոլորիս երկիրն է, եւ պետք է բոլորս մասնակցենք կառավարմանը: Հակառակ դեպքում լինում է անվսահություն, անտարբերություն եւ անհանդուրժողականություն: Մենք ուզում ենք սրան վերջ տալ»:
