[1]Tert.am –ի հետ զրույցում ի պատասխան հարցի, որ յուրաքանչյուր տարի ապրիլի 23-24 –ին հայաստանյան քաղաքական շրջանակներում ակտիվորեն քննարկվում է այդ հարցը, Վահան Հովհաննիսյանն ասաց, որ Բարաք Օբաման արտահայտել է իր տեսակետը՝ վերընտրվելուց հետո ասելով, որ չի փոխել իր մոտեցումները:
«Եթե չի փոխել, ուրեմն հասկանում է, որ Հայոց ցեղասպանությունը պետք է բնութագրի «genocide» բառով: Չի անում դա, հասկանալի պատճառներով, իրե՛նց տեսակետից։ Մեզ համար հասկանալի չէ, բայց իրենց քաղաքական միջավայրը, իրենց պայմանները ինչ-որ պարտադրանքներ են դնում, բայց ինքն արտահայտել է չէ՞ տեսակետը, որ իր մոտցումները չեն փոխել։ Դրանից հետո կասի՞ էսօր կամ չի ասի, վաղը կասի, կամ վաղը չէ մյուս օրը՞ կասի, դա ինձ արդեն չի հետաքրքրում»,- ասաց Վահան Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ նախորդ տարի ևս ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման 1915 թ-ի դեպքերին նվիրված ամենամյա ելույթում դարձյալ գործածեց «Մեծ եղեռն» եզրույթը:
Կա տեսակետ, որ այդ բառը ԱՄՆ նախագահի մակարդակով կօգտագործվի Հայոց ցեղասպանության 100 –ամյա տարելիցին: Վահան Հովհաննիսյանը նման դիտարկումը բնութագրեց որպես «հայկական հիվանդություն»։
«Դուք, անպայման, ուզում եք, որ Ցեղասպանության ճանաչում կամ հետևանքների հաղթահարման պայքարն, անպայման, տարվի ուրիշների ձեռքով: Սա պետք է հայերը անեն: Հայերը պետք է պայքարեն, որպեսզի կարողանան Հայոց ցեղասպանության հետևանքները վերացնեն և դրանով կասեցնենք հետագա վտանգները: Իսկ մենք անընդհատ սպասում ենք. սա կասի՞, թե չի ասի, նա կասի՞, թե չի ասի: Մենք պետք է պայքարենք և էդ դեպքում, առանց մեր սպասելու կասեն բոլորը»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ ապրիլի 11 ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ներկայացրել է 2014թ. բյուջեի նախագիծը, որում առաջարկել է մոտ 40 տոկոսով կրճատել Հայաստանին հատկացվելիք տնտեսական օգնության չափը:
Ինչպես նկատել էր Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը, Եթե ԱՄՆ Կոնգրեսը հաստատի այդ նախագիծը, այն կլինի 1988թ. Սպիտակի երկրաշարժից ի վեր Հայաստանին տրված ամենաքիչ տնտեսական օգնությունը։
Ի պատասխան հարցի, թե ԱՄՆ հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչներին պարզաբանումներ, բացատրություններ տրվե՞լ են ամերիկյան օգնության հնարավոր կրճատման պատճառների մասին, Վահան Հովհաննիսյանը նկատեց. «Պատճառը կրիզիսային իրավիճակն է, նրանք կրճատում են բյուջեի շատ ու շատ տարբեր հոդվածներ: Բայց որպեսզի դա չստանա քաղաքական բնույթ մենք պայքարում ենք, որպեսզի դա տեղի չունենա կամ առնվազն աննշան լինի: Բայց դրանք, մենք շատ լավ տեսնում ենք, կատարվում են այլ ոլորտներում»:
Ինչ վերաբերում է հարցին, թե այսինքն՝ Վահան Հովհաննիսյանի կարծիքով պայմանավորված չէ՞ Հայաստանի ներքին իրավիճակով, դաշնակցական պատգամավորը պատասխանեց, որ այս դեպքում «ընդհանրապես ոչինչ չէին տա»:
tert.am