ՀՅԴ-ն Երեւանի ավագանիում ընդդիմադիր քաղաքական ուժի դերակատարության բարձրացման կողմնակից է

Ռուզաննա 1 «Երևանի ավագանու ընտրությունները Դաշնակցության համար բացառիկ են, եւ այդ մասին է վկայում նաև մեր կարգախոսը: Մեր քարոզարշավը բավական հաջող է ընթանում, իսկ մեր ընտրազանգվածը մեր կողքին է»,- այսօր, ապրիլի 25-ին «Զարկերակ» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Առաքելյանը:

Նա նաև ընդգծել է, որ ՀՅԴ-ի նախընտրական ծրագիրն առանձնանում է հատկապես երկու կետով.

«Դաշնակցությունն առաջարկում է ավագանու կազմում ստեղծել հանձնաժողով, որը պետք է վերահսկի Երևան քաղաքի բյուջեն: Հանձնաժողովը պետք է ղեկավարի ընդդիմությունը: Երկրորդն այն է, որ ավագանիում ընդդիմադիր քաղաքական ուժերի միավորում պետք է լինի, և միասնական թեկնածուն պետք է դառնա քաղաքապետ»,- ասել է Առաքելյանը:

Նախկին պատգամավորը շեշտել է, որ անուրանալի է այն աշխատանքը, որն արվել է վերջին երկու տարիների ընթացքում ծայրամասերի կանաչապատման և բարեկարգման համար: Սակայն ավելացրեց, որ կարևոր հարցը Երևան քաղաքի համաչափ զարգացումն է, որի մասին մշտապես խոսել է Դաշնակցությունը:

«Մեզ համար կարևոր է նաև Երևանից արտագաղթի կանխումը: Այսօր երևանցու համար կենսական նշանակություն ունի աշխատանքի խնդիրը: Որքան էլ Երևանն արտաքինից գեղեցիկ լինի, բայց միևնույնն է` երևանցին շարունակում է մտածել այն լքելու մասին»,-ասել է Առաքելյանը` շեշտելով, որ քաղաքացու համար առաջնայինն իր սոցիալական վիճակն է:

Անդրադառնալով Արմեն Ռուստամյանի հոր մահվան պատճառով քարոզարշավի` որոշ ժամանակով հետաձգելու հարցին` Առաքելյանն ասաց, որ նա մոտ օրերս աշխատանքի կանցնի: «Նա այնքան կամքի ուժ ունի, որ կարծում եմ` կատարվածը կդնի իր հոգու մի անկյունում և կշարունակի գործը»,- ավելացրել է ՀՅԴ անդամը:

Ըստ Ռուզան Առաքելյանի՝ այսօր Երևանը կանգնած է մի շարք խնդիրների առաջ, այդ թվում էկոլոգիական, տրանսպորտային, սոցիալական և այլն, բայց էկոլոգիական խնդիրը բանախոսը համարեց առաջնային:

Անդրադառնալով ավագանու ընտրություններին իշխանության որդեգրած քաղաքականությանը` նա ասել է,- «Արդեն երկրորդ անգամ գործող իշխանությունները Երևանի քաղաքապետի ընտրությունը վերագրում են անձի ընտրության: Ամենուրեք տիրում է վախի մթնոլորտ: Օրինակ` Ավանում ժողովուրդը պատուհաններից էր հետևում Դաշնակցության քարոզարշավին: Այս մթնոլորտը ոչ միայն կասեցնում է մեր` քաղաքական մշակույթ ձևավորելու գործընթացը, այլև խեղաթյուրում մեր ժողովրդի բարոյական նկարագիրը»:

Ռուզաննա Առաքելյանը նաև նշել է, որ իրենց համար ակզբունքորեն մերժելի է որևէ ձևով ժողովրդին գայթակղելը: «Կյանքը ցույց տվեց, որ բոլոր ընտրությունները, որոնք անցկացվեցին կաշառքով, խեղել են մեր ժողովրդի ճակատագիրը: Մեզ համար կարևոր է մեր քաղաքացիներից յուրաքանչյուրի ճակատագիրը»,- հայտարարել է նա:

Տպել Տպել