- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Հարցումներով ուզում են մի պատկեր գծագրել, որին ուզում են հասնել

Աղվան [1]Տարբեր հարցումներով ուզում են մի պատկեր գծագրել, որին ուզում են հասնել. նշեց ԱԺ «ՀՅԴ» խմբացության պատգամավոր, Երևանի ավագանու թեկնածու Աղվան Վարդանյանը: Նրա խոսքով՝ իշխող քաղաքական ուժը՝ ՀՀԿ-ն իրականում բանակային հանդիպումներ չի ունենում, միայն քարոզարշավի ֆոն է ստեղծում: «Նրանք մարդկանց հետ չեն հանդիպում, քարոզարշավ չեն անում. պարբերաբար բերում են պետական հիմնարկների աշխատողներին, ուսուցիչներին և վերջ: Իրականում իրենք զբաղված են իրենց ընտրական մեքենան կատարելագործելով»,- ասաց նա:

Աղվան Վարդանյանը նշեց, որ հայաստանյան բնակչության քառասուն տոկոսն ուզում է արտագաղթել, և այս պարագայում անթույլատրելի է վարդագույն ներկայացնել իրավիճակը: «Վստահ եմ, որ երևանցիների մեծ մասը հինգ հազար, տաս հազար դրամով խաբվող չէ»,- ասաց նա:

Երևանը, Վարդանյանի խոսքով, շատ վատ է կառավարվում: «Ինձ բացատրեք տեսնեմ, ինչո՞ւ պիտի գործուղումների ծախսերը գերակատարվեն, իսկ սոցիալական ծախսերը թերակատարվեն»,- նշեց նա:

Վարդանյանը նշեց, որ բոլոր նրանք, ովքեր գոհ են ներկա վիճակից, պիտի գնան և ձայն տան իշխող քաղաքական ուժին, իսկ ով ցանկանում է բարեփոխումներ, պիտի քվեարկի ՀՅԴ-ի օգտին:

Այս ընտրություններում, նրա խոսքով, իրական է ընտրողի քվեն պահելը, քանի որ այս անգամ ընտրատեղամասերում հանձնաժողովի անդամների նվազագույնը կեսը լինելու է ընդդիմության ներկայացուցիչ, բացի դրանից, հենց վերջերս է ընտրողն իր «ոչ»-ն ասել իշխանությանը: «Ես շատ եմ խնդրում մեր երևանցիներին. նրանց մեծ մասը չի գնում ընտրություններին՝ չի հետաքրքրվում քաղաքականությամբ կամ մի այլ պատճառով: Այս անգամ, շատ եմ խնդրում, գնացեք ընտրատեղամաս, նորից մի քվեարկեք, միայն ընտրացուցակներում նայեք՝ ձեր փոխարեն, ձեր երեխայի, տարիներ առաջ երկրից հեռացած հարևանի փոխարեն քվեարկել են թե ոչ»,- նշեց նա:

civilnet.am