Մենք ելել ենք երկիր փրկելու, եթե մենք էլ կաշառվենք, ուրեմն վայ մեր երկրին ու ժողովրդին

rant41Այսօր «Մոսկվա» կինոթատրոնում Հայ Յեղափոխական Դաշնակցության ներկայացուցիչները հանդիպեցին ընտրական հանձնաժողովների անդամների հետ:

Ելույթով հանդես եկավ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը. «Մենք ձեզ այսօր հրավիրել ենք գուցե ավելորդ անգամ խնդրելու, որ ձեզ պահեք Դաշնակցականի պես: Ձեր պարտականությունները ճիշտ կատարեք: Այն, ինչ օրենքը պահանջում է, ընկերները ձեզ հանձնարարել են, կատարեք ամենայն պատասխանատվությամբ»:

Նա պատմեց մի դեպք՝ դավաճանի մասին: Նրան ահաբեկման հանձնարարություն են տալիս, որ պետք է երկաթուղու մեջ ահաբեկեր դավաճանին եւ հեռանար: Իրեն հանձնարարում են, որ՝ նագանով պիտի հարձակվի, տասնոցով պաշտպանվի: Սակայն երբ մոտենում է, տասնոցով է կրակում: Հետո հիշում է, որ սխալ է կատարել, վերադառնում է երկաթուղու մեջ, կրակում է նագանով եւ հեռանում: Հրանտ Մարգարյանի խոսքերով՝ պետք է ունենալ դաշնակցական կարգապահություն. «Ես ուզում եմ, որ այդ օրը գնաք ընտրատեղամաս ՀՅԴ-ականի կարգապահությամբ:

Դուք ընտրատեղամասի մեջ օրենքը պահպանելով, ժողովրդի քվեն պաշտպանելով՝ պիտի վերահաստատեք ՀՅԴ-ականի կարգապահությունը: Սա է մեր ուզածը: Սա կույր կարգապահություն չի, ոչ էլ վտանգավոր գործերի հետ է կապված: Այս կարգապահության մեջ բարոյականություն կա: Խոսվում է, որ համատարած ճնշումներ կան, վախի մթնոլորտ կա, ընտրակաշառք կա, պետք չէ կաշառվել: Ես ուզում եմ մի ուրիշ բանի վրա շեշտ դնել: Ընկերներ, մեր երկրում ծանր սոցիալ-տնտեսական վիճակ է: Մի կողմում սա է, մյուս կողմում մենք ենք՝ ՀՅԴ-ն: Մի կողմում այս ամբողջ աղբն է, մյուս կողմում փրկությունը՝ ընտրության միջոցով: Եթե պետք է ազատվենք այս զուլումից, այս աղբից՝ մեկ միջոց կա՝ ընտրության միջոցով փրկությունը: Սրա առջեւ ենք մենք կանգնած: Կամ այս վիճակը պետք է շարունակվի, կամ մենք պետք է տղամարդու պես գնանք կիրակի օրը եւ չթողնենք ոչ մի խախտում»:

Ըստ Հրանտ Մարգարյանի, եթե հանձնաժողովի անդամի աչքի առաջ խախտում անեն եւ չբռնեն, ուրեմն տկար են եւ ունակ չեն հասկանալու. «Մենք ամեն մեկս մեզ ավելի լավ գիտենք: Եթե գիտենք որ մեր կամքը, մեր տեղեկացվածությունը բավարար չի, որ գիտակցենք, թե ով է մեր ներկայությամբ խախտում, ուրեմն թող հիմա կանգնի ասի: Ընկերներ, ասեք, որ հավելյալ վստահված անձինք դնենք ձեր կողքին, որ ակամա չթերանաք: Վախկոտ մարդը ոչ միայն հանձնաժողովներում տեղ չունի, այլ ընդհանրապես ՀՅԴ-ի շարքերում տեղ չունի: Ոչ ոք թող չվախենա, որ իր գլխին կխփեն: Որ խփեն՝ այդ ձեռքը անպայման կկոտրվի, չվախենա՛ք: Սա ամենակարեւոր հարցն է»: Նա խոսեց նաեւ կաշառվելու մասին. «Սա այս երկրում հարցերի հարցն է: Մենք ելել ենք երկիր փրկելու, եթե մենք էլ կաշառվենք, ուրեմն վայ մեր երկրին ու ժողովրդին»:

Armen-Rustamyan1

Արմեն Ռուստամյանը իր հերթին կոչ արեց, որ ամեն ինչ անեն՝ մարդկանց քվեն պահելու համար. «Ամեն ինչ չի, որ միայն ճակատամարտում, պատերազմի դաշտում է հերոսությունն արձանագրվում: Էս էլ հերոսություն է՝ դիմանալ գայթակղություններին, մեր ժողովրդին տեր լինել: Մենք համոզում ենք ժողովրդին, որ ձեր ամենակարեւոր իրավունքը ընտրական իրավունքն է: Եթե ժողովուրդը դիմանում է, 5-10 հազար դրամը չի վերցնում, ուրեմն մեր՝ քաքաղաքական ուժերի պարտքն էլ այն է, որ տեր կանգնի այդ ձայներին եւ փաստել, որ այլեւս այսպես չի կարող շարունակվել»:

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի փոխներկայացուցիչ Աղվան Վարդանյանն էլ նշեց, որ սա ամենապատասխանատու հանդիպումն է իրենց համար, որովհետեւ խոսում են իրենք իրենց հետ. «Մենք այս պայքարի մեջ ենք մտել՝ մեր ամեն ինչը դնելով, փորձել ենք ժամային ռեժիմով միասին աշխատենք: Եկել-հասել ենք մի տեղ, որ մնացել է ամենավճռական անելիքը՝ ընտրությունների օրը, որտեղ ամեն մեկը կոնկրետ անելիք ունի, որտեղ կարող եք մի ամսվա աշխատանքը մի րոպեում ջուրը լցնել կամ իսկապես արդյունավետ դարձնել»:

Ըստ Աղվան Վարդանյանի, ՀՀԿ-ն քարոզչություն չի արել, իրենց ամբողջ գործը եղել է պետական ռեսուրսները օգտագործելը. «Որեւէ ոլորտում մեր կյանքի, չեք տեսնի այնքան կատարելագործված մեխանիզմներ, որքան՝ ընտրությունները կեղծելու մեխանիզմները: Նրանք դրան են սովոր, դա են լավ անում: Այստեղ ամեն մեկդ անելիք ունի: Ամեն ինչ ձեզանից է կախված: Դուք գիտեք, թե հատկապես վերջին օրերին ինչ մեթոդների են դիմում: Ամենատարբեր մեթոդներով փորձում են դուրս գալ մեր հանձնաժողովի անդամների վրա, գայթակղել, մեծ-մեծ խոստումներ տալ»: Նա շեշտեց, որ ոչ մեկն էլ երկնքից չի իջել ու չկա մի բան, որ գաղտնիք մնա, չբացահայտվի. «Ես գիտեմ, ինչքան էլ դժվար լինի, ճնշումը, վախը ՀՅԴ-ականի համար չէ: Փողը թուղթ է, կա պատիվ, կա արժանապատվություն: Այնպես անենք, որ մենք մեր երեխեքից չամաչենք»: handznajogovakanner

Նա հորդորեց հանձնաժողովականներին, որ հանկարծ չվախենան, ինչ-որ մի հարց լինի՝ ՀՅԴ-ին ահազանգեն, եւ իրենք ամենաուշը 10 րոպե հետո իրենց կողքին են լինելու. «Գերագույն մարմնի անունից խնդրում ենք, աղաչում ենք, այս մի գործը արեք տղամարդավարի, ՀՅԴ-ականի նման: Նա, ով դիմադրեց, տղամարդու նման կանգնեց, նա հարգանքի է արժանանալու, նրա հեղինակությունն է բարձրանալու: Ավելի մեծ բան, մարդու համար չկա»:

ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը նշեց, որ իրենց թեժ գիծն արդեն ստացել է ահազանգեր, արդեն կան մի շարք խախտումներ. «Շուրջ 250 հասցեներում գրանցված են 20-29 ընտրողներ: Նույն ընտանիքի անդամը նույն հասցեում բնակվող գրանցել են տարբեր տեղամասերում՝ ոչ իրար մոտ: Այս դեպքերը խոսում են նրա մասին, որ հակառակ հավաստիացումների, ընտրացուցակների հետ կապված խնդիր կա, եւ մենք պետք է հավելյալ բծախնդություն հանդես բերենք»:

Արսեն Համբարձումյանը նշեց որ բոլորին կտրամադրվի դիմումների համապատասխան ձեւեր՝ վերահաշվակի հետ կապված: Նա հորդորեց ամեն ինչ անել՝ փաստն արձանագրելու համար, որպեսզի հերթական անգամ իշխանությունները չասեն, թե փաստեր չունեք: Նաեւ հանձնարարեցին, որ մինչեւ քվեարկության օրը լինեն շտաբներում, դեմքով վստահված անձինք, հանձնաժողովականնները իրար պիտի ճանաչեն, հստակ իմանանան իրենց անելիքները, իմանան, թե երբ են քաղվածք վերցնելու, վերահաշվարկի բողոքները լրացնելու. «Առավելագույնս պիտի փորձենք վերացնել մեր բացթողումները եւ առավել կազմակերպված հանդես գալ: Ամեն մի քվե մեզ համար կարեւոր է՝ այս վիճակը փոխելու եւ ունենալու նոր դեմքով Երեւան: Մենք քիչ ենք, բայց մենք ճիշտ ենք, ու սա մեր պատվի հարց է»:

Տպել Տպել