- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Իրանահայերը հույս ունեն, որ ԻԻՀ-ն կճանաչի Հայոց ցեղասպանությունը

Karen [1]Իրանահայերը հուսով են, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը կճանաչի Հայոց ցեղասպանությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին Isna.ir.-ի հետ զրույցում հայտարարել է Իրանի Մեջլիսի հայազգի պատգամավոր Կարեն Խանլարյանը: Մեջլիսում, խոսելով Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցի մասին, հայազգի պատգամավորը նշել է, որ պատմության ընթացքում հայերն իրենց մուսուլման, ասորի, հրեա եղբայրների հետ միասին պաշտպանել են Իրանը` երկրի բարգավաճման ու զարգացման համար ջանք չխնայելով: «Այդ իսկ պատճառով ես հույս ունեմ, որ Իրանը կճանաչի Հայոց ցեղասպանությունը, որի ժամանակ 1915 թվականին 1,5 միլիոն հայեր են սպանվել Օսմանյան կայսրության կողմից»,-ասել է նա:

Վերջերս Իրանի Մեջլիսի փոխխոսնակը հայտարարել էր, որ շատ հայեր ու ասորիներ են սպանվել ցեղասպանության ժամանակ, մասնավորապես, նշելով, որ եթե ռազմական, քաղաքական ուժերը չմիավորվեն հանուն մարդկային բարձր արժեքների, ապա դա վաղ թե ուշ կհանգեցնի նոր ցեղասպանության, ինչպես այն ցեղասպանության ժամանակ, երբ զոհվել են մեր քրիստոնյա եղբայրներն ու քույրերը: «Այն ձեռքը, որը երեկ շաղախվել է հայերի արյամբ, այժմ թաթախված է Սիրիայում գտնվող մեր եղբայրների ու քույրերի արյան մեջ»,-ասել է փոխխոսնակը:

Օսմանյան կառավարության կողմից իրականացրած Հայոց ցեղասպանության փաստը հիմնավորվել է, ճանաչվել ու հաստատվել է ականատեսների վկայություններով, օրեքներով, բանաձեւերով եւ բազմաթիվ նահանգների ու միջազգային հեղինակավոր կազմակերպությունների որոշումներով: 1915-23 թթ-ին Օսմանյան կայսրությունում հայ բնակչության զանգվածային կոտորածները որպես նախապես ծրագրավորված ու հետեւողականորեն իրագործած ցեղասպանական ակտ որակող փաստաթղթերի ամբողջական շարքը հսկայական է: