Հ.Յ.Դ. Հայաստանի Գերագույն Մարմնի հայտարարությունը


Նկատի ունենալով խնդրի քաղաքական նշանակությունը, հանրային հնչեղությունը եւ հետեւանքները` անհրաժեշտ ենք համարում պարզաբանել այս քայլի պատճառները: Նախ` Հ.Յ.Դ.-ն կոալիցիային մաս կազմեց նախագահական ընտրություններից հետո երկրում ստեղծված ճգնաժամը, հայկական երկու պետությունների անկախությանն ու անվտանգությանը ուղղված ռազմաքաղաքական սպառնալիքները միասնական ուժերով հաղթահարելու եւ համակարգված բարեփոխումներ իրականացնելու նպատակադրումով:Այս ընթացքում որոշակի հաջողություններ արձանագրվեցին, սակայն անհաղթահարելի սկզբունքային տարաձայնություն առաջացավ արտաքին քաղաքականության ուղեգծի շուրջ:Մենք մշտապես համոզված ենք եղել, որ պետության ազգային անվտանգության ռազմավարական ուղղություններից մեկը Հայոց ցեղասպանության համընդհանուր, մասնավորապես` Թուրքիայի կողմից ճանաչումն ու դատապարտումն է: Սա դիտարկվել է ոչ միայն պատմական արդարության վերականգնման, այլեւ տարածաշրջանում փոխադարձ վստահության մթնոլորտի բարելավման եւ ապագայում նման ոճիրների կանխարգելման համատեքստում: Այս առումով, ինչպես արդեն հայտարարել ենք, մեզ համար անընդունելի ու դատապարտելի էր ապրիլի 24-ի անմիջական նախօրեին եւ Թուրքիայի ղեկավարների հակահայկական, նախապայմաններ թելադրող կեցվածքների համատեքստում Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարությունների համատեղ հայտարարության ընդունումը: Ունենք նաեւ սկզբունքային տարաձայնություններ Հայաստան-Թուրքիա բանակցություններում արծարծվող որոշ դրույթների վերաբերյալ ՀՀ իշխանությունների դիրքորոշման հարցում: Այդ դրույթների վերաբերյալ ամբողջական տեսակետները կարտահայտենք դրանց հրապարակային քննարկումների ժամանակ: Հետայսու Հ.Յ.Դաշնակցությունը Հայաստանի քաղաքական դաշտում գործելու է նոր` ընդդիմադիր ուժի կարգավիճակով: Մեր հիմնական առաջնահերթությունները լինելու են.

1. Դառնալ իշխանության լիարժեք այլընտրանք` բոլոր հիմնահարցերի վերաբերյալ առաջարկելով սեփական ծրագրերն ու լուծումները:

2. Որպես ընդդիմություն ստանձնել իշխանություններին արդյունավետորեն հակակշռելու եւ զսպելու դերակատարություն:

3. Իրականացնել անհրաժեշտ գործառույթներ` քաղաքական դաշտի առողջացման եւ բյուրեղացման, իշխանություն-ընդդիմություն քաղաքակիրթ հարաբերությունների ձեւավորման, սոցիալական արդարության հաստատման եւ ժողովրդավարության ամրապնդման նպատակով:

4. Ծավալել նախընտրական խոստումներից բխող ամբողջական գործունեություն` դրսեւորելով Հ.Յ.Դաշնակցության գաղափարա-քաղաքական ինքնատիպությունը:

5. Հայ-թուրքական հարաբերությունների, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացներում առաջնորդվել բացառապես ազգային-պետական շահերի եւ նպատակների գերակայությամբ:

Մենք գնահատելի ենք համարում կոալիցիոն գործընկերների հետ համատեղ գործունեությունը եւ հաջողություն ենք մաղթում նրանց աշխատանքներին` ի շահ մեր պետության եւ ժողովրդի:

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՄԱՐՄԻՆ

Տպել Տպել