- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարարությունը

[1]
Հայրենակիցներ,

2008թ. նախագահական ընտրությունները հերթական փորձությունն էին մեր երկրի հետագա ժողովրդավարացման ճանապարհին: Մենք կարող ու պարտավոր էինք այդ փորձությունից դուրս գալ էլ ավելի միասնական և ամրացած, ինչը հնարավորություն կտար լիարժեքորեն դիմագրավել և՛ ներքաղաքական, և՛ սոցիալ-տնտեսական, և՛ արտաքին մարտահրավերները:

Այդպես չեղավ մի շարք պատճառներով: Ընտրարշավի ամբողջ ընթացքում գերակայեցին փոխադարձ թշնամաքն ու ատելությունը, անհանդուրժողականությունն ու սպառնալիքները: Հասարակությունը արհեստականորեն երկփեղկվեց ու բևեռացվեց: Մի կողմից ցանկացած եղանակով իշխանափոխություն իրականացնելու նախկինների մոլեռանդությունն էր, մյուս կողմից` ամեն գնով սեփական դիրքերը պահպանելու ներկաների ձգտումը:
Հատուկ պետք է շեշտենք, որ Դաշնակցության թեկնածուն հնարավոր ամեն բան արեց մրցակցությունը ծրագրային, գաղափարական հունի մեջ պահելու, երկրի զարգացումը առողջ մթնոլորտում շարունակելու համար, սակայն այս մոտեցումը, ցավոք, լայն արձագանք չգտավ: Գերագույն Մարմինը բարձր է գնահատում Վահան Հովհաննեսյանի սկզբունքային վարքագիծն ու դիրքորոշումները և շնորհակալություն է հայտնում իր թեկնածուին ՀՅ Դաշնակցությունը հարազատորեն ներկայացնելու համար:

Բուն ընտրությունները ևս ուղեկցվեցին տարաբնույթ խախտումներով: Համատարած, բացահայտ ու քողարկված ընտրակաշառքով զբաղվեցին առաջատար թեկանածուների կողմնակիցները, որոշ տեղամասերում կոպիտ բռնության, լցոնումների դեպքեր արձանագրվեցին, թերություններով ընթացավ նաև քվեների հաշվարկման փուլը: Արդյունքում` ընտրությունների վերաբերյալ մեր քաղաքացիների գնահատականը միանշանակ չէ, և այսօր էլ առկա է հասարակական լարվածություն, երկիրը կանգնած է ետընտրական բևեռացումը կանխելու հրամայականի առաջ: Ներկա իրավիճակում մենք պատրաստ ենք համերաշխության վերականգնման կամուրջի դեր ստանձնել:

Կատարելով այս հաստատումները, ամփոփելով բոլոր մարզերից ու տեղամասերից ստացված զեկույցները, նկատի ունենալով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած վերջնական արդյունքները և միջազգային հանրության` հիմնականում դրական արձագանքը` Հ.Յ.Դ. Հայաստանի Գերագույն մարմինը չի վիճարկում ընտրությունները և հաջողություն է մաղթում նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանին:

Միաժամանակ, հավատարիմ մնալով 2007թ. Կոալիցիայի հետ ստորագրած հուշագրին, մենք հանդես ենք գալիս կուսակցության ստանձնած պետական պաշտոններից հրաժարվելու պատրաստակամությամբ և դիմում ենք համագործակցությունը մեր կողմից դադարեցնելու առաջարկով:

Սիրելի հայրենակիցներ,

Մեկնելով երկրի կայունության և առաջընթացի հրամայականներով` մենք նաև առաջարկում և պահանջում ենք.

ա. անաչառ ու ամբողջական քննության ենթարկել ընտրակեղծիքների բոլոր փաստերը և պատժել մեղավորներին,
բ. և՛ ընտրական, և՛ ետընտրական գործընթացներում ետայսու բացառել ընտրակաշառքը, ոչ քաղաքական, կիսաքրեական տարրերի մասնակցությունը, ինչպես նաև իշխանական ռեսուրսի անզուսպ կիրառումը,
գ. դատապարտել իշխանությունը բռնի ուժով փոխելու, ինչպես նաև ընտրությունների արդյունքներից դժգոհողների հանդեպ բռնություն կիրառելու մտայնությունը,
դ. երկրում ապահովել իրական բազմակարծություն և խոսքի ազատություն,
ե. ներքաղաքական կյանքում, ՀՀ Սահմանադրության և օրենքների շրջանակներում, ընդդիմության համար ապահովել ինքնադրսևորման լիարժեք հնարավորություններ,
զ. շուտափույթ քայլեր ձեռնարկել Հայաստանի միջազգային հեղինակությունն ամրապնդելու, ներքին լարվածությունը մեղմելու ուղղությամբ,

է. քաղաքական երկխոսության և ազգային համաձայնության արդյունքում այնպիսի կառավարություն ձևավորել, որն իր մասնագիտական, մարդկային-բարոյական որակներով ի վիճակի կլինի երկիրը դուրս բերել ժողովրդավարության և սոցիալ-տնտեսական արագընթաց զարգացման մայրուղի:

Սիրելի հայրենակիցներ,
Հ.Յ.Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմինը շնորհակալություն է հայտնում Ձեզ նախագահական ընտրություններին աննախադեպ ակտիվությամբ մասնակցելու համար:
Մենք Ձեզ վստահեցնում ենք, որ շարունակելու ենք մնալ մեր սկզբունքային դիրքորոշումներին հավատարիմ և հետևողականորեն աշխատելու ու պայքարելու ենք հանուն մեր ժողովրդի, մեր յուրաքանչյուր քաղաքացու իրավունքների պաշտպանության, հանուն մեր պետականության հզորացման:

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՄԱՐՄԻՆ
25 փետրվարի 2008թ.