ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարարությունը


Առաջիկա նախագահական ընտրությունները վճռորոշ նշանակություն ունեն մեր պետականության համար: Ցանկացած ընտրության ժամանակ քաղաքական մթնոլորտի որոշակի շիկացումը, հասարակական բեւեռացումները բնական ու անխուսափելի են, սակայն անթույլատրելի է, երբ նախընտրական պայքարը դուրս է գալիս քաղաքակիրթ վարքի շրջանակներից:
Ցավով պետք է արձանագրենք, որ նախընտրական մրցապայքարը Հայաստանում այսօր հենց այդպիսին է: Նախագահական ընտրարշավի սկզբում նկատելի՝ անառողջ մրցապայքարի միտումները օրեցօր նոր դրսեւորումներ են ստանում: Հասարակության մեջ սերմանվող անհանդուրժողականության մթնոլորտը, քաղաքական պայքարի տարրական նորմերի ոտնահարումը, մրցակից թեկնածուների եւ նրանց թիմակիցների միմյանց հասցեին ուղղված անձնական վիրավորանքները, հաշվեհարդարի բացահայտ կոչերն ու սպառնալիքները, հասարակության մեջ թշնամանքի եւ փոխադարձ ատելության սերմանումը հասել են խիստ վտանգավոր մակարդակի:

Այս ամենը կանաչ լույս է վառում ոչ քաղաքական տարրերի եւ արտաքին ուժերի միջամտության համար, ինչը հղի է անկանխատեսելի հետեւանքներով:
Գիտակցելով ստեղծված իրավիճակի ողջ վտանգավորությունը՝ մենք դատապարտում ենք անառողջ մրցապայքարի ցանկացած փորձ:
Մենք կոչ ենք անում բոլոր ուժերին նախընտրական արշավի ընթացքում հետեւել քաղաքական էթիկայի նորմերին, հանդես գալ բացառապես գաղափարական-ծրագրային դիրքերից՝ զերծ մնալով իրավիճակը անվերահսկելի դարձնելու սադրիչ փորձերից:
Մենք հայտարարում ենք, որ թույլ չենք տա վտանգել երկրի կայունությունը եւ մեր անկախ պետականության ապագան:
Մենք պատասխանատվությամբ հայտարարում ենք, որ ստեղծված կացությունից միակ ելքը հնարավոր բոլոր ընտրախախտումներն ու ընտրակեղծիքները բացառելը եւ իրապես ազատ, արդար ու թափանցիկ ընտրություններ անցկացնելն է:

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՄԱՐՄԻՆ
Երեւան, 13.02.2008թ.

Տպել Տպել