ՀՅԴ Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմին


Հիշարժան օրվա կապակցությամբ խոնարհվում ենք բոլոր այն հայորդիների հիշատակի առջեւ, ովքեր իրենց կյանքը զոհաբերեցին Երկրորդ աշխարհամարտում եւ հայրենի Արցախի ազատագրման հերոսամարտում:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Մայիսի 9-ը հաղթանակների օր է: 1992 թվականի այդ օրը արձանագրվեց հայ ժողովրդի մեծագույն հաղթանակներից մեկը` Շուշիի ազատագրումը:
Այն բեկումնային եղավ արցախյան ազատագրական պայքարում եւ կանխորոշեց հայության պատմական հաղթանակը: Հաղթանակով պսակված այս պայքարում մեր ժողովուրդը հանդես եկավ որպես միասնական նպատակ հետապնդող մեկ ամբողջություն:
Արցախյան ազատամարտը վկայեց հայության ըմբոստ ու ազատատենչ ոգու մասին եւ փաստեց, որ ժամանակն ու հանգամանքները ազգի նոր սերնդի հիշողությունից չեն ջնջել իր պատմական իրավունքներին տեր լինելու գիտակցությունն ու կամքը: Այս մեծագույն նվաճումը ձեռք բերվեց թանկագին զոհողությունների գնով, որոնց արժեքը ազատագրված Արցախն է եւ զոհի հոգեբանությունից ձերբազատվելու, ապագային ինքնավստահությամբ նայելու հնարավորությունը:

Հայրենակիցնե՛ր,

Մայիսի 9-ը մեր հիշողության մեջ անջնջելի է նաեւ որպես ֆաշիզմի դեմ մարդկության տարած հաղթանակի օր: 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը տեսած ժողովուրդը տագնապով ընդունեց կայսերապաշտության ու մարդատյացության նոր դրսեւորումը:
Աշխարհացրիվ հայության ավելի քան 600 հազար զավակներ մասնակցեցին Երկրորդ աշխարհամարտին, որոնց կեսը, ցավոք, տուն չվերադարձավ: Ցեղապաշտության դեմ ազգերի դիմակայության գործում զգալի եղավ հայության ներդրումը:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհավորում ենք արցախյան ազատամարտում եւ ֆաշիզմի դեմ տարած հաղթանակների առիթով: Հիշարժան օրվա կապակցությամբ խոնարհվում ենք բոլոր այն հայորդիների հիշատակի առջեւ, ովքեր իրենց կյանքը զոհաբերեցին Երկրորդ աշխարհամարտում եւ հայրենի Արցախի ազատագրման հերոսամարտում:

Միաժամանակ, երախտագիտություն ենք հայտնում բոլոր այն վետերաններին, ովքեր, պատերազմների քուրայով անցնելով, ողջ մնացին եւ այսօր էլ մեր կողքին են: Արժանի լինենք հերոսների գործին` շենացնելով հայրենիքը եւ երբեք չնահանջելով այն ձեռքբերումներից, որ ունենք այսօր:

Հ.Յ.Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմին

Տպել Տպել