ՀՀ ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերի հայտարարությունը


Խորհրդային կարգերի հաստատման առաջին իսկ օրից Ադրբեջանին բռնակցված հայաբնակ տարածքների նկատմամբ հետեւողականորեն կիրառվել է հայաթափման քաղաքականություն: 1988 թ. փետրվարից խորհրդային, ապա նաեւ անկախ Ադրբեջանի իշխանությունները սանձազերծեցին այս քաղաքականության մի նոր արյունոտ փուլ, որի հետեւանքով լիովին հայաթափվեցին Նախիջեւանը, Դաշտային Արցախը, Գանձակը եւ հայկական բազմադարյան մշակութային ժառանգության հուշարձաններ պահպանած այլ բնակավայրեր:

Զանգվածային ջարդերով ուղեկցվող էթնիկ զտումների հետագա ծավալումը հնարավոր եղավ դադարեցնել միայն արցախահայության ինքնապաշտպանության եւ ազատագրական պայքարի շնորհիվ: Ազգերի ազատ ինքնորոշման իրավունքի հիման վրա իրականացված հանրաքվեով հռչակվեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը:

Ադրբեջանի տիրապետության տակ մնացած հայաթափված տարածքներում այսօր էլ շարունակվում եւ նոր թափ է ստանում հայկական ներկայությունը վկայող պատմամշակութային արժեքների բարբարոսական ոչնչացումը:

Անցած տարեվերջին կատարված պետական ոճրագործության` ադրբեջանական բանակի ստորաբաժանումների կողմից Հին Ջուղայի խաչքարերի ոչնչացման առիթով միջազգային հանրության զուսպ արձագանքից ոգեւորված` Բաքվի իշխանությունները ձեռնամուխ են եղել վանդալիստական մեկ այլ ծրագրի իրագործման` հինավուրց քրիստոնեական գերեզմանատան ոչնչացմանը:

Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը պարբերաբար բախվում են Ադրբեջանի դրսեւորած անհանդուրժողական դիրքորոշմանը: Տպավորություն է ստեղծվում, որ վերջինս, մոլորության մեջ գցելով միջազգային հանրությանը, ժամանակ է ձգում իր հայատյաց ծրագրերի իրականացման համար:

Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերը վճռականորեն դատապարտում են Ադրբեջանում բորբոքվող հակահայկական հիստերիայի բոլոր դրսեւորումները` վրեժխնդրական հայտարարություններից մինչեւ համամարդկային մշակութային ժառանգության մաս կազմող հայկական քրիստոնեական հուշարձանների ոչնչացումը:

Բարձր գնահատելով Եվրախորհրդարանի բանաձեւը, որը դատապարտում է ադրբեջանական վանդալիզմի ու հայատյացության դրսեւորումները` միջազգային կազմակերպություններից ակնկալում ենք նման երեւույթների նկատմամբ հանդես բերել ավելի վճռական դիրքորոշում` հանուն տարածաշրջանում հակամարտությունների լուծման եւ խաղաղության, համերաշխության ու փոխադարձ հանդուրժողականության հաստատման:

«ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ» ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆ
«ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ» ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆ
«ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ» ՊԱՏԳԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԽՈՒՄԲ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ» ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆ
«ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ» ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆ
«ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ» ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆ
«ՕՐԻՆԱՑ ԵՐԿԻՐ» ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Տպել Տպել