Քաղաքական կոալիցիայի հուշագիր


ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ, ՆՊԱՏԱԿԸ, ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ, ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1.1 2003 թ. մայիսի 25-ին կայացած ընտրությունների արդյունքում Ազգային Ժողովում ներկայացված ներքոստորագրյալ կուսակցությունները (այսուհետ՝ Քաղաքական կոալիցիայի կողմեր) գտնում են, որ Հանրապետության նախագահ Ռ. Քոչարյանի աջակցությամբ քաղաքական կոալիցիայի ստեղծումը օրենսդիր եւ գործադիր իշխանության արդյունավետ գործունեության ապահովման երաշխիք է։
1.2 Նախագահական ընտրություններում Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը պաշտպանած ներքոստորագրյալ կուսակցությունները հավաստում են Հանրապետության Նախագահի նախընտրական ծրագրի հիման վրա եւ իրենց նախընտրական ծրագրերի համադրմամբ կառավարության գործունեության միասնական ծրագիր մշակելու եւ իրականացնելու իրենց պատասխանատվությունը։
1.3 Քաղաքական կոալիցիայի կողմերը գիտակցում են, որ քաղաքական կոալիցիայի արդյունավետ գործունեությունը անհրաժեշտաբար ենթադրում է ջանքերի գործադրում տարակարծությունների նվազեցման ուղղությամբ։
1.4 Քաղաքական կոալիցիայի կողմերը միաժամանակ գիտակցում են, որ իրենց ծրագրերի համադրումը պետք է իրականացվի բանակցությունների եւ փոխըմբռնման ճանապարհով՝ բարի կամքի դրսեւորմամբ։
1.5 Սահմանադրության փոփոխության դեպքում, սույն հուշագիրը ենթակա է համապատասխանեցման նոր Սահմանադրության պահանջներին։

2. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ՆՊԱՏԱԿԸ

2.1 Քաղաքական կոալիցիայի նպատակն է ՀՀ ԱԺ երրորդ գումարման ժամանակահատվածում ունենալ ուժեղ ու կայուն օրենսդիր եւ գործադիր իշխանություն։

3. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

3.1 Քաղաքական կոալիցիայի կողմերը պարտավորվում են գործել սույն հուշագրի ոգուն եւ տառին համապասխան` փորձելով համագործակցությամբ եւ համախոհությամբ իրագործել համաձայնեցված քաղաքականություն։
3.2 Քաղաքական կոալիցիայի կողմերը պարտավորվում են համատեղ մշակել բարձրաստիճան պետական պաշտոնյաների վարչական եւ բարոյական հրապարակային հաշվետվության մեխանիզմներ։

4. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

4.1 Քաղաքական կոալիցիայի կողմերը պարտավորվում են՝
ա) ջանքեր գործադրել կոալիցիոն կառավարության արդյունավետ գործունեության ապահովման համար.
բ) ապահովել կոալիցիայի ներսում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը իշխանության տարբեր օղակներում գործող իր անդամների եւ իր կողմից երաշխավորված անհատների կողմից.

գ) կոալիցիայի մյուս կուսակցություններին տեղյակ պահել տարբեր կուսակցությունների, խմբերի, շահագրգիռ կազմակերպությունների եւ կամ այլ միավորումների հետ այն հարաբերությունների մասին, որոնք կարող են ազդել կոալիցիոն կառավարության քաղաքականության մշակման եւ կամ կիրառման վրա.
դ) չձեռնարկել այնպիսի քայլեր, որոնք կարող են ուղղակի կամ անուղղակի վնաս պատճառել սույն հուշագրով ճշտված կոալիցիայի նպատակներին.
ե) հարգել եւ պահպանել կոալիցիայի փաստաթղթերի, կոալիցիայի միջոցով ստացված տեղեկատվության, կոալիցիայի ներսում ընթացող կամ կայացած քննարկումների խորհրդապահության սահմանված կարգը։

5.ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

5.1 Քաղաքական կոալիցիայի ծրագրային առաջնահերթություններն են`

– սահմանադրական բարեփոխումները,
– քաղաքական, մասնավորապես ընտրական համակարգի բարեփոխումները՝ կուսակցությունների դերի բարձրացման նպատակադրումով,
– ընդգծված սոցիալական ուղղվածության տնտեսական քաղաքականության իրականացումը,
– հակամենաշնորհային քաղաքականությունը եւ ազատ մրցակցային տնտեսության երաշխավորումը,
– կոռուպցիայի եւ ստվերային տնտեսության դեմ պայքարը։

6. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

6.1 Ազգային Ժողովի նախագահի, Ազգային Ժողովի նախագահի տեղակալների եւ մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոնների շուրջ կոալիցիայի կողմերը համաձայնել են, որ՝
ա) Ազգային Ժողովի նախագահը լինելու է ՕԵԿ-ից.
բ) ԱԺ նախագահի տեղակալներից մեկը լինելու է ՀՀԿ-ից, մյուսը՝ ՀՅԴ-ից։
գ) ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահները լինելու են՝

• ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի, գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովի եւ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահները՝ ՀՀԿ-ից.
• սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հարցերի հանձնաժողովի եւ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժողովի նախագահները՝ ՕԵԿ-ից.
• արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը՝ ՀՅԴ-ից։շ
6.2 Կողմերը ընդունում են, որ՝
ա) Պաշտպանության, Արտաքին գործերի եւ Արդարադատության նախարարները առաջադրվելու են ՀՀ նախագահի կողմից.
բ) Վարչապետը, Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարը, Առեւտրի եւ տնտեսական զարգացման, Բնապահպանության, Էներգետիկայի, Տրանսպորտի եւ կապի, Ֆինանսների եւ էկոնոմիկայի, Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարները առաջադրվելու են ՀՀԿ□ի կողմից.
գ) Քաղաքաշինության, Կրթության եւ գիտության, Մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի նախարարները առաջադրվելու են ՕԵԿ□ի կողմից.
դ) Առողջապահության, Գյուղատնտեսության եւ Սոցիալական ապահովության նախարարները առաջադրվելու են ՀՅԴ□ի կողմից.
ե) Կադրային նշանակումների ժամանակ պետք է առաջնորդվել արհեստավարժության, քաղաքական փորձառության սկզբունքներով։ Քաղաքական կոալիցիայի կողմերից յուրաքանչյուրը կարող է հետ կանչել իր կողմից առաջադրված պաշտոնյային եւ նրա փոխարեն առաջադրել մեկ այլ թեկնածու։

7. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ

7.1 Կառավարության կողմից քննարկման ենթակա կարեւոր հարցերի նախապատրաստման համար ստեղծվող հանձնաժողովների կազմում Քաղաքական կոալիցիայի կողմերից յուրաքանչյուրը կարող է ունենալ կառավարությունում իր նախարարների թվի համամասնությամբ անդամներ։
7.2 Կառավարության հայեցակարգային որոշումները նախապես ենթակա են քննարկման Քաղաքական կոալիցիայի կողմերի միջեւ։ Այլ հարցերի առնչությամբ Քաղաքական կոալիցիայի կողմերը, էթիկայի նորմերի շրջանակներում, ազատ են իրենց դիրքորոշումը հրապարակային արտահայտելու հարցում։
7.3 Կառավարության հավաքական պատասխանատվության եւ խորհրդապահության սկզբունքները կիրառելի են բոլոր դեպքերում։
7.4 Կոալիցիայի աշխատանքների արդյունավետության, կանոնավոր միջկուսակցական շփումների ապահովման եւ տեսակետների համադրման նպատակով կուսակցությունների ղեկավարները (լիազոր ներկայացուցիչները) միասնաբար կազմում են կոալիցիայի համադրող խորհուրդ։
Համադրող խորհրդի գործունեությունը իրականացվում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են կանոնավոր պարբերականությամբ։
7.5 Քաղաքական կոալիցիայի կողմերի միջեւ սկզբունքային անհամաձայնություններ առաջանալու դեպքում դրանք ենթակա են լուծման բանակցությունների միջոցով։ Բանակցային ճանապարհով սկզբունքային անհամաձայնությունները չհաղթահարվելու դեպքում կուսակցություններից յուրաքանչյուրը կարող է մյուս կողմերին գրավոր տեղեկացնել կոալիցիայից իր դուրս գալու մասին՝ միաժամանակ հետ կանչելով սույն հուշագրով նախատեսված իր բոլոր պաշտոնյաներին։

8. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ

8.1 Սույն հուշագիրը ուժի մեջ է մտնում ստորագրության պահից։
8.2 Սույն հուշագիրը ուժի մեջ է մինչեւ ՀՀ ԱԺ հաջորդ ընտրությունները։

Այն կարող է վաղաժամկետ դադարեցվել՝
ա) սկզբունքային անհամաձայնության առկայության դեպքում կոալիցիայից կողմերից մեկի դուրս գալու դեպքում,
բ) կոալիցիայի բոլոր կողմերի միջեւ կայացած համաձայնությամբ։

Ստորագրված 2003թ. հունիսի 11-ին`

Հայաստանի Հանրապետական Կուսակցության (ՀՀԿ),
Օրինաց Երկիր Կուսակցության (ՕԵԿ),

եւ Հայ Յեղափոխական Դաշնակցության (ՀՅԴ) միջեւ։

Տպել Տպել