ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարարությունը


ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը, քննության առնելով ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների ընթացքը եւ հայտարարված վերջնական արդյունքները, արձանագրում է.

Ընտրական հանձնաժողովների Հ.Յ.Դ. ներկայացուցիչ անդամները եւ վստահված անձինք իրենց կարելին արեցին բնականոն ընտրություններ անցկացնելու համար, սակայն մայիս 25-ի քվեարկությունը հնարավոր չէ գնահատել լիարժեքորեն ազատ, արդար եւ թափանցիկ։

Ընտրական գործընթացի վրա էապես ազդող գործոն դարձան եւ՛ քաղաքական ուժերի, եւ՛ թեկնածուների կողմից համատարած ու բացահայտ ընտրակաշառքները։ Համապատասխան մարմինները բացարձակապես չպայքարեցին այս ահավոր երեւույթի դեմ։ Քվեների բացահայտ առքուվաճառքը երկրում քաղաքական անբարոյականության վտանգավոր հիմք ստեղծեց։

Իշխող կուսակցությունը պետության վարչական լծակներն անմնացորդ օգտագործեց իր ձայներն արհեստականորեն ավելացնելու, ինչպես նաեւ իր կողմից հովանավորյալ այլ քաղաքական ուժերին եւ մեծամասնական թեկնածուներին աջակցելու նպատակով։

Նույն նպատակին ծառայեցին տարածքային (Սյունիք, Արմավիր, Տավուշ, Արարատ, Լոռի) եւ տեղական ինքնակառավարման բազմաթիվ մարմիններ։
Այս անգամ իշխող կուսակցության քվեներն էապես ավելացան վերահսկելի շուրջ երկու տասնյակ ընտրատարածքներում ընտրություններին չմասնակցած մարդկանց փոխարեն քվեարկություն կազմակերպելով, ինչպես նաեւ զինվորների ու սպայական կազմի հրահանգավորված քվեարկությամբ։
Բացահայտ խախտումներով, բռնությամբ, ընտրակեղծիքներով ընթացան ընտրությունները թիվ 3, 12, 17, 29, 30 եւ 56 ընտրատարածքներում։

Երկրի բարձրագույն իշխանության գործադրած փորձերը բավարար չեղան կանխելու քաղաքական ու ոչ քաղաքական որոշ ուժերի, գործադիր, տարածքային, տեղական կառավարման մարմինների եւ մեծամասնական թեկնածուների մակարդակով կազմակերպված ու իրականացված ընտրակեղծիքները։
Ընտրատարածքների մի մասում քվերակությունը եւ ձայների հաշվարկումը ընթացել է բնականոն։ Գնահատելի է, որ կոպիտ խախտումներ արձանագրված ընտրատարածքներում վերաքվեարկություն է նշանակվել։

Մենք ակնկալում եւ պահանջում ենք, որ ընտրություններն անվավեր ճանաչված ընտրատարածքներում երաշխավորվեն ու անցկացվեն իրապես ազատ, արդար, թափանցիկ ընտրություններ, իսկ Սահմանադրական դատարանի քննության ենթակա հայցերը ուսումնասիրվեն ու գնահատվեն օբյեկտիվորեն։

Արձանագրելով, որ իշխող կուսակցության ձայների քանակը արհեստականորեն խիստ ուռճացված է, եւ նորընտիր Ազգային Ժողովը լիարժեք չի արտահայտում քաղաքական ուժերի իրական հարաբերակցությունը, շեշտելով երկրի կայունությունը պահպանելու, ժողովրդավարացման գործընթացը զարգացնելու, ընտրական համակարգը արմատապես բարեփոխելու գերկարեւորությունը, ընդգծելով, որ պետական համակարգը դեռեւս պատրաստ չէ, իսկ հասարակության մի մասն էլ սոցիալական պատճառներով ի վիճակի չէ լիարժեք քաղաքական ընտրություն կատարել,

Հայ Յեղափոխական Դաշնակցությունը Ազգային ժողովի ընտրությունները համարում է կայացած։

Մենք հաջողություն ենք մաղթում մեծամասնություն կազմող ուժին՝ միաժամանակ հորդորելով գիտակցել պետության եւ ժողովրդի առջեւ ծառացած արտաքին-ներքին քաղաքական, տնտեսական, սոցիալական, բարոյահոգեբանական բարդ մարտահրավերները եւ գործել այդ պատասխանատվությամբ։

ՀՅ Դաշնակցությունը շնորհակալություն է հայտնում կուսակցությանը ձայն տված յուրաքանչյուր քաղաքացու եւ բոլոր նրանց, ովքեր ընտրություն են կատարել սեփական համոզմունքներով եւ քաղաքական գիտակցությամբ։

Մենք վստահեցնում ենք, որ մեր հնարավորությունների առավելագույնով հետամուտ ենք լինելու նախընտրական շրջանում կուսակցության առաջադրած նպատակների ու ծրագրերի իրականացմանը։

Հ.Յ.ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՄԱՐՍԻՆ
01 հունիսի, 2003 թ.

Տպել Տպել