- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Եթե մեկին դիտում ես քաղաքացի, իսկ մյուսին` քեզ ընկեր, դա արդեն պետություն չէ

VahanHovhannesyan9 [1]Գորիսի միջադեպին Yerkir.am-ի հետ զրույցում ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանը տվեց քաղաքական գնահատական: «Գորիսի միջադեպն արդյունքն է նրա, որ մեր իշխանությունները ամբողջ իրենց ռեսուրսը մեկ տարուց ծառայեցրել էին խորհրդարանական, նախագահական, Երեւանի ավագանու ընտրություններում հաղթանակ տանելու համար, եւ բնականաբար, նրանք այդ ընթացքում չէին զբաղվում սեփական ընդերքում կատարվող գործընթացներով եւ չէին տեսնում թե այդ հաղթանակը ինչ լկտիության նոր ալիքով է հղի, հիմա դրա արդյունքը երեւում է: Հիմա նրանք բավականին ծանր վիճակում են, որովհետեւ հասկանում են, որ փաստորեն իրենք իրենց վրա են վերցրել եւ իշխանության եւ ընդդիմության դերը: Իշխանությունն այսօր եւ իշխում է եւ պարտավորված է ինքն իրեն քննադատելու մասն ապահովել, որովհետեւ ուրիշների քննադատությունը չի սիրում եւ չի ուզում լսել»,-հայտարարեց Վահան Հովհաննիսյանը:

«Սուրեն Խաչատրյաններ», որպես երեւույթ, ՀՅԴ-ական պատգամավորի հավաստիացմամբ կան բոլոր հասարակություններում, անգամ կրիմինալից համեմատաբար զուրկ Նորվեգիաներում եւ Շվեյցարիաներում, բայց նրանք այդ երկրներում մարզպետ չեն դառնում, տասնամյակներ շարունակ իշխանության զինանոցի կարեւորագույն դերակատար չեն դառնում, իշխանությունը կարողանում է մարդկանց այդ տեսակը ֆիլտրել, հեռու պահել որոշում կայացնելու օղակներից: Սուրեն Խաչատրյանի պաշտոնում նրա տեղակալի նշանակումը Հովհաննիսյանը նույն լծակների կիրառում է համարում:

«Սուրեն Խաչատրյանի ծանր, մուգ ստվերը դեռ մնում է Սյունիքի մարզպետարանի վրա»: Սյունիքի արդեն նախկին մարզպետին քրեական պատասխանատվության ենթարկելու կամք Վահան Հովհաննիսյանի կարծիքով իշխանությունները չեն ունենա: «Եթե առջեւում ընտրություններ լինեին, ես չէի արդարացնի, բայց կհասկանայի, որ չեն ուզում մարդուն նեղել, որովհետեւ վաղը Սյունիքից ձայներ պետք է բերի: Հիմա այդ խնդիրն էլ չկա, բայց գոյություն ունի քաղաքական միջավայրի իներցիա, այսինքն եթե հիմա Սուրեն Խաչատրյանի դեմ իշխանությունը լուրջ սանկցիաներ կիրառի, ամիջապես հարցեր կբարձրանան հասարակության մեջ` բա մի տարի առաջ էս մեկին ինչու չբռնեցիք, կես տարի առաջ էն մեկին գործից ինչու չհանեցիք, բա երկու տարի առաջ այսպիսի դեպք եղավ…այսպիսի դեպքերը լիքն են: Հիմա երբ թվում էր, թե նախագահն արդեն ընրտրված է, խորհրդարանում ունի մեծամասնություն, քաղաքապետն էլ իր կուսակցությունից է, հիմա նախագահը հանգիստ կարող է այդ կիսագողական շրջապատից ազատվել: Առջեւում ընտրություններ չկան, ինչն է քեզ պահում»,-ասաց Հովհաննիսյանը:

Թե ինչն է այդ քայլի կատարումից հետ պահում նախագահին Հովհաննիսյանը չգիտի: Դիտարկմանը, թե նման դեպքերի կրկնությունը հնարավոր է «սամասուդի» ինստիտուտ գործը դնի մեր երկրում, Հովհաննիսյանն ասաց, որ եթե քաղաքացի ես, պարտավոր ես ապրել օրենքներով` ոչ թե գողական, այլ պետական: «Գողական օրենքներով սկսում են ապրել, կամ ենթարկվել այդ համակարգին այն ժամանակ, երբ դադարում են իրենց քաղաքացի զգալ: Իսկ դադարում են իրենց քաղաքացի զգալ, որովհետեւ պետական համակարգի պաշտպանությունը չեն զգում, իրենց չեն զգում մի համակարգի մաս, որում հավասար իրավունքների տեր են եւ փորձում են ստեղծել սեփական իրավունքի դաշտ: Դա անթույլատրելի է, բայց որպեսզի դրա դեմն առնվի, դու չես կարող մեկին պարտադրել գիտակից քաղաքացի լինել, իսկ մյուսին թողել անել ինչ ուզում է: Եթե դու պահանջում ես, որ մարդիկ գիտակից քաղաքացի լինեն, պետք է Բուդաղյաններից էլ պահանջես, բայց պետք է նաեւ Խաչատրյան Սուրիկից էլ պահանջես, որ քաղաքացի լինի ու պատասխան տա իր գործողությունների համար: Եթե դու մեկին դիտում ես որպես քաղաքացի, իսկ մյուսին որպես քեզ ընկեր, դա արդեն պետություն չէ»,-նշեց Հովհաննիսյանը:

yerkir.am